Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուղիղ մեկ տարի առաջ Երևանի ավագանին հեռացրեց Հայկ Մարությանին՝ հիմնավորելով, որ կառավարության, ԱԺի և ավագանու հետ կոնֆլիկտ չունեցողն ավելի լավ կաշխատի:
Փաստենք, որ մեկ տարում երևանցիների տեղաշարժն ապահովող գեթ մեկ հեծանիվ չավելացավ, էլ չեմ ասում՝ ավտոբուս:
Այո, գնում արվել է, բայց այն տեղ կհասնի միայն 2023-ին, թեպետ հայտարարվել էր, որ մինչև այս տարվա դեկտեմբերը մի մասը կլինի Երևանում:
Ավելին, եթե նախորդ տարի Մարությանի դեմ ուղղված՝ ավագանու սաբոտաժն աշխատեր և մեզ չհաջողվեր մեկ ձայնի տարբերությամբ կատարել կապույտ ավտոբուսների գնումը, Երևանում տրանսպորտային վիճակը մղձավանջային էր լինելու (հա, հիմա էլ շատ վատ է):
Մեծ դառնությամբ եմ տեսնում նաև, թե ինչ վիճակի են հասել բերված նոր Գազելներն ու ավտոբուսները: Էլ չեմ ասում, որ չգիտես ուր կորան համազգեստով, չծխող, հեռախոսով չխոսող վարորդները, որ տեսնում էինք սկզբնական ժամանակներում:
Միասնական տոմսային համակարգի մրցույթը, որ հայտարարվել էր դեռ Մարությանի ժամանակ և կար հաղթած ընկերություն, «ջրվեց»: Վերացվեց պարտադիր 100դրամանոցը արկղը գցելու անհրաժեշտությունը՝ փոխարինվելով լիակատար անտերությամբ. ուղևորները նստում են որ դռից կուզեն, մի մասը ոչ էլ վճարում է, մյուսը վարորդին տալիս, վարորդներն էլ շահագրգռված չեն թույլ չտալու անվճար երթևեկել, քանի որ ֆիքսված աշխատավարձ են ստանում՝ անկախ ուղևորների թվից:
Ինձ մոտ տպավորություն է, որ սա հատուկ է արվում, որ ասեն «ձեռնտու չէ համայնքային տրանսպորտ ունենալ» և հանձնեն կառավարման X ընկերությանը կամ ընկերություններին: Այլ կերպ ասած՝ նոր գծատերեր ստեղծեն:
Փաստենք նաև, որ Մարությանի պաշտոնավարման ժամանակ, երբ դեռ չկար էլ ոչ կոնֆլիկտ, ոչ էլ պատերազմ, Երևան քաղաքը պիտի իր միջոցներով լուծեր տրանսպորտի հարցը: Դրա համար էլ ոչ թե թանկ ՄԱՆ ավտոբուսներ գնվեցին, այլ ավելի մատչելի, որ կարողանան քանակ ապահովել, ոչ թե Մերսեդեսի դասի միկրոավտոբուսներ, այլ՝ Գազելներ: Քաղաքը պիտի իր գրպանին համապատասխան հարցը լուծեր:
Ավելի մեծ նախագծերի համար էլ, ինչպիսին մետրոյի նոր կայարանն էր և ճոպանուղին, կառավարությունը պատրաստ չէր օգնել, այլ ներդրողներ պիտի լինեին:
Հետպատերազմական շրջանում, երբ շատ ավելի կարևոր անվտանգային խնդիրներ կան լուծելու, այլևս ներդրողներ փնտրել կարիք չեղավ, գումար էլ հայթայթվեց:
Ընտրություններն են մոտենում, երևանցուց քվե է պետք ստանալ:
Վերը շարադրվածից ակնհայտ է, որ գերակա է եղել ոչ թե երևանցիներին օր առաջ պատշաճ տրանսպորտով ապահովելը, պետական և համայնքային միջոցների ճիշտ կառավարումն, այլ՝ քաղաքական հաշվարկները, ինտրիգները, «նախընտրական ասֆալտի» հին ու բարի ավանդույթը:
Քաղաքային տնտեսության մյուս ոլորտներում էլ տեսանելի առաջընթաց չկա, որը ավելի բարեկեցիկ կդարձներ երևանցիների կյանքը:
Դե իսկ ժողովրդավարության հետընթացի, խայտառակ պատկերի մասին կարելի է մի քանի հատոր գրել: Սկսած քաղաքապետարանում երկիշխանությունից, տեղից փոքրաթիվ ընդդիմության՝ քաղաքական որոշում պահանջող հարցերում իշխանությանը սատարելուց, մինչև չզեկուցվող նախագծերի պրակտիկայի ներդրումը ՕՐԵՆՍԴԻՐ մարմնում:
Մի տարի առաջ հեռացրեցին երևանցիների ընտրած քաղաքապետին՝ ծանր պայմաններում աշխատած, տարբեր ոլորտներում զրոյից նոր համակարգեր կայացրած թիմով:
Մի տարի առաջ հարկադրված եղան հեռանալ ամենաակտիվ, նվիրված և իրապես ժողովրդավարական սկզբունքներ կրող՝ փորձ ձեռք բերած ավագանու մի շարք անդամներ:
Այդ ամենն արվեց մեկ տարի առաջ, որ մեկ տարի հետո քաղաքապետարանը սկուտեղի վրա մատուցեն մարդու, ով չի եղել Իմ քայլի ցուցակում, չի ստացել երևանցիների քվեն, բայց գործադիրում իր թիմը ձևավորելու հնարավորություն ստացավ:
Ասելիքը շատ է: Բայց, կարծում եմ, երևանցիների համար ամեն ինչ ակնհայտ է ու պարզ, թե ինչ և ինչու, ում շահով առաջնորդվելով, տեղի ունեցավ անցած տարվա այս օրը»: