Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 12:25 19-12-2022

Իրանը կարող է անօդաչու թռչող սարքեր վաճառել Հայաստանին

Թուրքական իշխանամետ «Milliyet» պարբերականը հայտնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանին կարող է անօդաչու թռչող սարքեր վաճառել։ «Իրանը կարող է անօդաչու սարքեր վաճառել Հայաստանին. Խաղ կրակի հետ Կովկասում» խորագրով հոդվածը հայտնում է, որ Թեհրանի վարչակազմը այս «վտանգավոր քայլով» փորձում է կոտրել Թուրքիա-Ադրբեջան առանցքը։

Պարբերականը հիշացրել է, որ «Al Jazeera»-ն դեռևս 2022 թվականի օգոստոսին հոդված է հրապարակել, որի համաձայն Իրանում անօդաչու թռչող սարքերի մրցաշար է անցկացվում։ Մրցաշարին մասնակցել են Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը, որոնք հետաքրքրված են իրանական անօդաչուների ձեռքբերմամբ։

Նոյեմբերի վերջին մեկ այլ հրապարակում հայտնվեց ամերիկյան «Forbes»-ում, որը մեկնաբանելով իրանական անօդաչու թռչող սարքերի ժամանումը Հայաստան և Սերբիա՝ նշել է, որ դրանք կարող են հանգեցնել ռազմավարական հետևանքների, որոնք կճյուղավորեն խնդիրները և՛ Կովկասում, և՛ Բալկաններում։ «Forbes»-ը հիշեցրել է նաև, որ Հայաստանը բախվել է իրենից ավելի ուժեղ մրցակցի՝ Ադրբեջանին։

Ծովային վերլուծության կենտրոնի գիտաշխատող Սամուել Բենդետը «Forbes»-ին նշել է, որ Հայաստանը ուղիներ է փնտրում Թուրքիա-Ադրբեջան ամրապնդվող դաշինքին հավասարակշռելու համար։ Նա շեշտել է թուրքական զինված անօդաչու թռչող սարքերի դերը Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի գործում, ինչը Հայաստանի համար անակնկալ է եղել։

Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը անհանգստանում են Թուրքիա-Ադրբեջան դաշինքից։ Նա կարևորել է Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին վերջին երկու տարիներին անցկացվող զորավարժությունները։

Բենդետի համոզմամբ՝ Հայաստանն իրանական «Shahid-136» կամիկաձե անօդաչու սարքերով կարող է մարտահրավեր նետել Ադրբեջանին և նույնիսկ Թուրքիային։

Թուրքական իշխանամետ պարբերականը հիշեցրել է, որ Ադրբեջանը Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական ուժերի նկատմամբ կարողացավ առավելության հասնել թուրքական «Bayraktar TB2» տեսակի անօդաչու թռչող սարքերի միջոցով։

«Իրանը, որը գտնվում է Հարավային Կովկասում իր ազդեցությունը կորցնելու վտանգի տակ, Հայաստանին խրախուսելով փորձում է արգելափակել Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունները։ Թեհրանի վարչակազմը, որը երբեք չի թաքցրել իր անհանգստությունը Զանգեզուրի միջանցքի նախագծի հետ կապված, որն ուղղակիորեն կմիացնի Ադրբեջանը և Նախիջևանը»,- գրում է պարբերականը։

Քաղաքական վերլուծաբան Ֆուադ Շահբազովը հայտարարել է, որ Իրանը եվրասիական շուկա զենք արտահանելու ուղիներ է փնտրում, որի համար Հայաստանը առանցքային նշանակություն ունի։ Նրա խոսքով՝ այս քայլով Թեհրանի վարչակազմը ցանկանում է իրեն դիրքավորել որպես հնարավոր զսպող միջոց Թուրքիա-Ադրբեջան դաշինքի դեմ։

Շահբազովը հավելել է, որ Իրանը, հնարավոր է Հայաստանին «Շահիդ-136» տեսակի անօդաչու թռչող սարքեր տրամադրի, որի հիմնական նպատակը Թուրքիա-Ադրբեջան առանցքը կոտրելն է։






Ամենից շատ դիտված

12:21 Հիվանդ ե՞ք, կյանքումս մի անգամ եմ տեսել. Կարեն Մարգարյանի արձագանքը՝ Նատալյա Ռոտենբերգի հետ սիրավեպի մասին բամբասանքին
12:40 Երևանում տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղու ավտոբուսի վրա
19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
10:23 Մենք նրանց մեկ շաբաթ ընդմիջում տվեցինք հուղարկավորության համար. Թրամփ
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
13:05 ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու
11:13 Մենք դաշնակիցներ էինք․ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
09:00 1.5 մլրդ. Աննա Հակոբյանի հիմնադրամը գերազանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բյուջեն