Արցախում խուճապ չկա, մարդիկ իրենց գործերն են անում՝ անընդմեջ հետևելով լուրերին
copy image url

Արցախում խուճապ չկա, մարդիկ իրենց գործերն են անում՝ անընդմեջ հետևելով լուրերին

Ներքին 2 տարի առաջ - 14:39 13-12-2022
Արցախում խուճապ չկա, մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով, կյանքը շարունակվում է սովորականի պես․ Oragir.News-ի հարցմանն ի պատասխան նշեցին Արցախի տարբեր հատվածներից։

«Բնականաբար, որոշակի լարվածություն կա, անընդհատ լուրերն եմ նայում, սպասում եմ, որ ճանապարհը բացվի, ճանապարհին մնացած մարդիկ տեղ հասնեն, բայց նման մի բան կանխատեսում էի, ինձ համար անսպասելի չէր։ Հիմա և՛ իմ աշակերտների հետ դաս եմ անում, և՛ մտածում, թե ինչպես պիտի ավարտվի այս ամենը»,- մեզ հետ զրույցում նշեց Ստեփանակերտում աշխատող մի դասվար։

«Մենք սպասում ենք, որ ռուսների միջամտությամբ այս հարցը կարգավորվի, մարդիկ ցրտին չմնան ճանապարհին։ Մենք հույս ունենք, որ խնդիրը հիմա ռազմական բախման չի հասնի, քանի որ ռուսները պարտավորություն ունեն դա կարգավորել»,- ասաց Երևան-Արցախ ուղևորափոխադրումներով զբաղվող մի տաքսիստ՝ ընդգծելով, որ Հայաստանի ղեկավարության կողմից որևէ օգնություն չեն սպասում, «նրանք վաղուց են հայտարարել, որ Արցախը տվել են-պրծել, որ հանգիստ ապրեն»։ Ճշտող հարցին, թե իշխանությունից սպասում չկա, բայց ժողովրդից կա՞՝ նա պատասխանեց, որ ժողովուրդը նույն ժողովուրդն է՝ Արցախում թե Հայաստանում, և եթե ռազմական բախումը լինի (իսկ դա մի օր անպայման լինելու է), բնականաբար, ժողովուրդը միասնական է լինելու․ «Ուղղակի պետք չի, որ դա հիմա լինի․․․ հարցեր կան, որ հիմա ճիշտ չի»։

Հայաստանյան բուհերից մեկում սովորող մի ուսանողուհի, որ երկու օր առաջ էր գնացել Արցախ՝ բուհի՝ դասերը հեռավար անելու որոշում կայացնելուց հետո, ասաց, որ ուրախ է, որ հասցրել է այստեղ գալ, և հիմա ընտանիքի հետ է․ «Որ եկա, չէի պատկերացնում, որ այսպես կլինի։ Չգիտեմ՝ ինչ կանեի, եթե ուղղակի երկու օրոք՝ շաբաթ-կիրակիով եկած լինեի, ստիպված լինեի վերադառնալ դասերիս (մեզ մոտ բացակայություններին շատ խիստ են վերաբերում)։ Չեմ մտածում այդ մասին, ուղղակի ուրախ եմ, որ այստեղ եմ՝ միասին ենք։ Ինչ կլինի, չգիտեմ, բայց պատրաստ ենք։ Մեզ քիչ-քիչ արդեն պատրաստել են և՛ թուրքերը, և՛ ռուսները»,- ասաց աղջիկը։

«Ես հիմա քրոջս տանան եմ կյամ․ ուրան թոռնիկ ա ծնուալ, քեցալ ըմ, շընըհավորալ։ Ես ծյեր քաղաքականությունից վյեչ մին պեն հըսկանում չըմ, էլ վյեչ մին պյեն նայում չըմ։ Մեր պատուհանի կողքին մոսինը էն ա տիրած, վյեր թորքը շենը նի մտնե, ես հինչքան կկարամ իմ տոնս պահիմ, մըեր շենը պահիմ»,- նշեց մի ազատամարտիկ, որ մասնակցել է թե 90-ականների, թե երկու տարի առաջվա մարտերին։ Հարցին, թե այսօր առկա դրության մասին ի՞նչ է մտածում՝ նա ասաց․ «Այսօր ես ուրախ եմ, վյեր մեր հարսնը լյավ ա, խոխան լյավ ա։ Լոխճին խոխեքը թող լյավ ինին, լոխճին գործը թող լյավ ինի։ Իսկ էս կռեվը մին մեծ գործ ա, վյեր էլի մեր գործն ա․ անելու ենք, վախիք վյեչ»։

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ օր է, որ փակ է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «բնապահպան-ակտիվիստները» ենթադրում են, որ ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերը շահագործվում են օրենքի խախտումներով, և իրենք պիտի վերահսկեն այյդ գործունեությունը։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Այսօրինակ առաջին միջադեպը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում․ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ՝ կրկին բնապահպանի անվան տակ, փակեցին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Մոտ երեք ժամ ակցիա անելուց հետո ռուսների միջամտությամբ ճանապարհը բացեցին։

Դրանից երկու օր անց Իվանյան բնակավայրում ռուսական խաղաղապահ առաքելությունը հանդիպում կազմակերպեց ադրբեջանական կողմի «մասնագետների» հետ, որ ասում էին, թե եկել են «բնական ռեսուրսների անօրինական շահագործման և դրա բնապահպանական հետևանքների հետ կապված իրավիճակի հետաքննության և մշտադիտարկման համար»․ այդ հանդիպմանը ներկա էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Այդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը փորձել էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը թույլատրել էր մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր, բայց հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցներն ու բնակիչները արգելափակել էին ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։ Հաջորդիվ, փաստորեն, Ադրբեջանը կայացրել էր «բնապահպանների» միջոցով Արցախը շրջափակման մեջ պահելու ծրագիր։

Ամենից շատ դիտված