Ինտերնետ խաղերի կազմակերպիչների համար գործող լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքից առաջարկվեց սահմանել նաև պետական տուրք խաղադրույքներ ընդունելու իրավունք ձեռք բերելու համար. այսօր «Պետական տուրքի մասին» «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություն կատարելու նախագծի ներկայացման ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Փոփոխությունների փաթեթով առաջարկ ներկայացվեց բարձրացնել խաղային ոլորտի՝ ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների և ինտերնետ տոտալիզատորների հարկային բեռը: Գործող օրենսդրության համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպումը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որոնց իրականացման համար սահմանված է տարեկան 600 մլն դրամի չափով պետական տուրք: Բացի այդ՝ ինտերնետ շահումով խաղերի գործունեությունը 2021 թվականի հարային տարվա համար և հետագա տարիների համար և տոտալիտարների գործունեությունը 2020 թվականի համար և հետագա տարիների համար սկսել է հարկվել շահութահարկով: «Խնդիրն այն է, որ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անգամ այս փոփոխությունները հաշվի առնելով՝ ոլորտում ստեղծվող նոր արդյունքի հարկման գործով կարգավորումները համարժեք չեն, և ըստ այդմ անհրաժեշտ է լրացուցիչ միջամտություն»,- ասաց Պողոսյանը:
Ըստ վիճակագրության՝ սկսած 2017 թվականից անշեղորեն աճում են կազմակերպիչների կողմից ընդունվող խաղադրույքները (ինտերնետ հարթակներից մասնակիցների հաշիվներին կատարվող հատկացումները), և 2017 թվականին այս ծավալը կազմել է շուրջ 140 մլրդ դրամ, 2018-ին՝ շուրջ 330 մլրդ դրամ, 2019-ին արդեն հատել է 1 տրիլիոնի շեմը՝ կազմելով շուրջ 1.1 տրլն դրամ: 2020 թվականին այս ցուցիչը մոտեցել է 2 տրլն-ի, իսկ 2021-ին՝ 4 տրլն-ի: 2022 թվականի առաջին 9 ամիսների ցուցիչներով ունենք շուրջ 4.2 տրլն դրամի խաղադրույք: «Բնականաբար, խաղադրույքների այսչափ ինտենսիվ աճը մտահոգիչ է նաև այն առումով, որ մեր քաղաքացիներն են, մեր քաղաքացիներն են կտրվում իրական կյանքից, արդյունք ստեղծելու գործընթացներից և ժամանակ վատնում այս հարթակներում»,- նշեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը փոխելու և պետբյուջեի համար լրացուցիչ եկամուտներ հավաքագրելու համար առաջարկվում է գործող լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքից բացի նախատեսել նաև պետական տուրք խաղադրույքներ ընդունելու իրավունք ձեռք բերելու համար՝ քվոտավորման տրամաբանությամբ: Առաջարկվում է, որ ինտերնետ-շահումով խաղերի կազմակերպիչները յուրաքանչյուր 100 մլրդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար վճարեն լրացուցիչ 175 մլն դրամ, իսկ տոտալիզատորների կազմակերպիչները՝ յուրաքանչյուր 50 մլրդ դրամի խաղադրույք ընդունելու համար վճարեն լրացուցիչ 50 մլն դրամ:
Քանի որ առաջարկվող կարգավորումները խստացումներ են ոլորտի կազմակերպիչների համար առաջարկվեց նախագծերի փաթեթը կիրառման դնել վեցամսյա ժամկետում՝ 2023-ի հունիսից: Արդյունքում, լրացուցիչ շուրջ տարեկան 10 մլրդ դրամ հարկային եկամուտ կարող է ապահովվել, իսկ 2023 թվականի համար՝ դրա կեսը:
Պատասխանելով պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարցին, թե ինչու հավելյալ գործիքներ չեն նախատեսում ներմուծել՝ որոշ շրջափուլերի համար՝ աշխարհի խաղեր, ֆուտբոլի առաջնություն, հարկումն այլ ինդեքսով անելու համար՝ Պողոսյանն ասաց, որ ոլորտի սեզոնայնությունն իրենք էլ դիտարկել են: «Մեկ միլիարդ դոլար իրական սեկտորից դուրս է գալիս, մտնում է էդտեղ, էստեղ քաղաքականություն է պետք մշակել, սա անպատկերացնելի խնդիր է: 1 մլրդ դոլար դուրս է գալիս տնտեսությունից, գնում տոտալիզատորներին, ու մենք քնած ենք: Դուք հասկանո՞ւմ եք, 1 մլրդ դոլարն ինչ է, տնտեսությունը ոնց կզարգանար, եթե 1 մլրդ դոլարի թեկուզ կեսը ներդրվեր իրական սեկտորում»,- հակադարձեց Սուքիասյանը: