Մշակույթ 3 տարի առաջ - 23:03 06-12-2022

Ռուստամ Ռազա. Նապոլեոնի արցախցի թիկնապահը

Ասում են, թե 1812 թվականին, երբ Նապոլեոնը գրավում է Մոսկվան և հրամայում այրել այն, նրա թիկնապահ Ռուստամը խնդրում է կայսերը` անվնաս թողնել և չայրել Մոսկվայի հայկական թաղամասը:

Ո՞վ էր Ռուստամը

Ռուստամ Ռազան, որի իսկական անունը Ռոստոմ Հովնանի Խաչատուրյան է, ծնվել է 1783 թ. դեկտեմբերի 7-ին Թիֆլիսում` արցախցու ընտանիքում։ Ռոստոմի հայրը առևտրական էր։ Նրանք ապրել են Արցախում, բայց երբ Ռուստամը 11 տարեկան էր, հայրը մեկնել է Թիֆլիս՝ աշխատելու, և իր հետ տարել է երկու ավագ որդիներին` Ավագին և Սեյրանին։ Տանը մնացել են մայրը, երկու աղջիկները և Ռուստամը։



Մեկ տարի անց ընտանիքը որոշել է տեղափոխվել Թիֆլիս։ Ճանապարհին թաթարները հարձակվել են նրանց վրա, սպանել են աղջիկներից մեկին և առևանգել Ռուստամին։ Տղային առևտրականները վերավաճառել են յոթ անգամ։ Ի վերջո Ռուստամը հայտնվել է Եգիպտոսում և դարձել մամլուք։ Մամլուքները գերված պատանիններ էին, որոնց վաղ հասակից Եգիպտոսում վարժեցնում էին ռազմական գործին։ Ռուստամը ծառայել է շեյխ Ալ Բաքրին, նա էլ 1799-ին իր արցախցի մամլուքին նվիրել է Նապոլեոնին։


Ֆրանսիայի կայսրը Ռուստամին նշանակել է իր առաջին թիկնապահ։ 16 տարի Ռուստամն անձնվիրաբար ծառայել է Նապոլեոնին, ուղեկցել է նրան բոլոր արշավանքների ժամանակ, վայելել կայսեր վստահությունը։




1814 թվականին, երբ Նապոլեոնը աքսորվել է էլբա կղզի, Ռուստամը հեռացել է Ֆրանսիայից, տեղափոխվել է նախ Իրան, ապա Թիֆլիս։ Այստեղ նրան ընդունել է Կովկասի կառավարչապետ Ալեքսեյ Երմոլովը։ Այնուհետև որպես հեծյալ ջոկատի հրամանատար Ռուստամը մասնակցել է 1826–1828 թթ. ռուս–պարսկական պատերազմին։ Արցախի ազատագրումից հետո բնակվել է Շուշիում։ 1840-ին կրկին վերադարձել է Ֆրանսիա, մասնակցել Նապոլեոնի հուղարկավորությանը։ Նրան տեսել են Նապոլեոնի աճյունը Սբ․ Հեղինեից Փարիզ ուղեկցող սգո թափորի մեջ։



Ռուստամն ամուսնացել է Ժոզեֆինա կայսրուհու ավագ սենեկապետի դստեր` Ալեքսանդրա Դուվիլի հետ, ունեցել են երկու երեխա։ Լուի-Ֆիլիպ թագավորի օրոք Ռուստամը պաշտոն է ստացել կնոջ հայրենի Դուրդան քաղաքում։

Ի դեպ, Ռուստամի կերպարի մասին հիշատակվում է Ստենդալի «Նապոլեոնի կյանքը», Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպերում։ Բալզակն իր «Կասկածելի գործում» նրան անվանում է «հայտնի մամլուք»։ Հետագայում մամլուք Ռուստամի կյանքը և գործունեությունը ուսումնասիրել է նապոլեոնագետ Գ. Ֆլեյշմանը։

Կերպարվեստում էլ բազմիցս անդրադարձել են Ռուստամի կերպարին։ Ասում են, որ նկարիչներից շատերն են ցանկացել նկարել Նապոլեոնի թիկնապահի դիմանկարը, սակայն բոլորին չէ, որ տրվել է այդ հնարավորությունը։ Այնուամենայնիվ, Նապոլեոնին նվիրված թեմատիկ ու բազմամարդ կտավներում Ռուստամը ճանաչելի է և առանձնանում է իր արևելյան հագուստով։



Կյանքի վերջին տարիներին Ռուստամը գրել է իր՝ «Նապոլեոն առաջին մամլուք Ռուստամի հուշերը» գիրքը, որը Նապոլեոնի կենսագիրները շատ հաճախ են օգտագործում իրենց աշխատություններում։

Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի արցախցի թիկնապահ Ռուստամ Ռազան մահացել է 1845 թվականին Դուրդանում։

Նաիրա Եղիազարյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից