Ներքին 3 տարի առաջ - 22:36 25-11-2022

Սարգիս Խանդանյանի ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը ևս հանդես է եկել ելույթով: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա մասնավորապես, ասել է.

«Պարո՛ն նախագահ,

2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված եւ չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաստանի արևելյան սահմանի մերձակայքում բնակվող խաղաղ բնակչության համար լուրջ մարդասիրական հետեւանքների՝ 36 քաղաքների և գյուղերի գնդակոծում, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1500 երեխաների տեղահանում, հարյուրավոր բնակելի տների, հյուրանոցների, դպրոցների, բժշկական հաստատությունների, լրատվամիջոցների աշխատակիցների թիրախավորում եւ 211 հայերի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանություն:

Այս ագրեսիայից մի քանի օր անց ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեցին սարսափելի տեսանյութեր, որոնք ցուցադրում էին անզեն հայ զինվորների արտադատական մահապատիժները: Զոհված հայ կին զինծառայողների մարմինները խոշտանգվել են, ապա դաժանաբար տեսանկարահանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից:

Մի քանի շաբաթ առաջ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից երկու տարի անց, Ադրբեջանի նախագահը հանդես եկավ ատելությամբ բորբոքված ելույթով, որում փառաբանում էր այդ հանցագործությունները և արդարացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի օկուպացիան: Այդ ելույթում Ալիևը պարծենում է, որ Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են առանցքային ռազմավարական բարձունքներում՝ թվարկելով Հայաստանում իր հնարավոր նոր թիրախների աշխարհագրական տեղանքների անունները: «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում… Այս ամենը պետք է դաս լինի Հայաստանի համար»,- ասաց նա:

Այդ վայրերը Հայաստանի քաղաքներն ու գյուղերն են, որտեղ հազարավոր խաղաղ բնակիչներ են ապրում, և Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն սպառնում է այդ մարդկանց: Իր ելույթում նա նաև ուղերձ ուներ միջազգային հանրության համար՝ ասելով. «Եթե մենք ինչ-որ մեկից վախենայինք, մենք երբեք չէինք սկսի ղարաբաղյան երկրորդ պատերազմը»:

Հարգելի՛ գործընկերներ,
ԵԱՀԿ-ի հիմնադիր փաստաթղթում ընդունված առաջնորդող սկզբունքներից մեկն ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից զերծ մնալն է: Հելսինկյան եզրափակիչ ակտը հստակ սահմանում է, որ մասնակից պետությունները պետք է զերծ մնան ցանկացած գործողությունից, որը ենթադրում է ուժի սպառնալիք կամ ուժի ուղղակի կամ անուղղակի կիրառում մասնակից այլ պետության դեմ:

Այս վեհաժողովը պետք է շատ ամուր լինի այդ սկզբունքի պաշտպանության հարցում և պետք է հստակ դատապարտի այդ սկզբունքի խախտումները»,- եզրափակել է Սարգիս Խանդանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել