«Մեծ հաշվով՝ գործազրկության հաղթահարման ու քաղաքացիներին աշխատանքի ապահովման տեսանկյունից, կարծում եմ, որ սա բավականին հետաքրքիր ու գործուն մեխանիզմ կարող է լինել»։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով պետության կողմից գործատուների խրախուսման ծրագրին։
«Մենք տարիներ շարունակ փաստացի, գործազրկության նպաստների համակարգի միջոցով որևէ կերպ չենք կարողացել աջակցել կամ հասնել նրան, որ գործազուրկն ի վերջո աշխատանք ստանա։ Այս խթանները, որոնք նոր կարգավորումներով ենթադրվում են, կարծում եմ, որ կարող են աշխատել ու, իրականում, նպաստել գործազրկության կրճատմանը»,- ասաց նա։
Այդուհանդերձ, փորձագետի դիտարկմամբ, խրախուսման համար նախանշված գումարը մի փոքր հարցականի տակ կարող է դնել գործատուի մոտ մեծ շահագրգռություն առաջացնելու հավանականությունը։
«Մեծ հաշվով՝ եթե տարեկան 250 հազ․ դրամն ամիսների վերածենք, ապա 20 հազ դրամից մի փոքր ավելի է ստացվում։ Արդյո՞ք այդ 250 հազ․ և 350 հազ․ դրամը բավարար մոտիվացիա է, որ լիարժեքորեն խթանի գործատուի կողմից առնվազն 1 տարով աշխատանքային պայմանագիր կնքելուն։ Այս գումարների հաշվարկի հիմքում, կարծում եմ, պետք է որոշակի փաստարկներ ներկայացված լինեն»,- ասաց նա։
Տնտեսագետն այս ծրագիրը դիտարկում է նաև արձանագրված տնտեսական այլ ցուցանիշների ֆոնին։
«Ինչպես գիտենք՝ մյուս տարվանից նվզագույն աշխատավարձը դառնում է 75 հազ․ դրամ՝ առանց հարկերի։ Այս համատեքստում, ստացվում է, որ հարկվող աշխատավարձն ավելի քան 100 հազ դրամ է լինում։ Այսինքն, այդ նվազագույն աշխատավարձից ընդամենը մոտ 20 հազ․ դրամն է պետությունը, այսպես կոչված, համաֆինանսավորում։ Մի փոքր բարդ է ասել՝ արդյոք դա բավարար խթան է գործատուի համար, թե ոչ, բայց, ենթադրում եմ, որ եղած ֆինանսական ռեսուրսների շրջանակների հիման վրա է այդ հաշվարկը կատարվել։ Գուցե ծրագիրը 1-2 տարի իրականացնելուց հետո հնարավոր կլինի գնահատական տալ, թե որքանով էր արդյունավետ կամ ոչ»,- ասաց նա։
Անդրադարձ կատարեց նաև այս ծրագրում կանխատեսվող հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին։
«Չգիտեմ, գուցե նախագիծն այդ ռիսկը փակում է, բայց այս պահին մեկ ռիսկ եմ տեսնում, որ գործատուներն ինչ-որ մեկին ազատեն աշխատանքից, ասեն՝ գնա, գրանցվիր այդ գործակալություններում, մեկ կամ երկու ամիս անց այդ նույն մարդուն նորից վերցնեն աշխատանքի ու այդ գումարը պետությունից փաստացի ստանան։ Կստացվի, որ իրականում այն իր նպատակին չծառայեց, որովհետև այսպես թե այնպես այդ մարդն աշխատում էր ու այս մեխանիզմի միջոցով գործատուները հավելյալ գումար կստանան պետությունից»,- ասաց նա։
Փորձագետը տեսակետ հայտնեց, որ այսպիսի նախագծերի մշակման դեպքում դիտարկվում են նաև այդ խախտումները վերահսկող մեխանիզմներ։