Վիլյամ Սարոյանի Արամ քեռին
copy image url

Վիլյամ Սարոյանի Արամ քեռին

Մշակույթ 2 տարի առաջ - 23:07 08-11-2022
Համաշխարհային գրականության մեջ և մշակույթում անթիվ-անհամար ստեղծագործություններ կան նվիրված մորը, հորը, զավակներին, սիրած էակին։ Սակայն մորեղբորը կամ քեռուն ձոնված աշխատանքների չենք հանդիպել կամ գրեթե չենք հանդիպել։

Ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանն այս հարցում յուրօրինակ է։ Նրա Արամ քեռին ոչ միայն իր սիրելի ազգականն էր, այլ նաև լավագույն գրական հերոսը։ Սարոյանն իր սերն ու ջերմ վերաբերմունքը առ Արամ քեռին երբեք չի թաքցրել։ Նա հիացած էր ոչ միայն իր քեռիով, այլև նույնիսկ նրա անունով։ «Իմ գերդաստանը» պատմվածքում Սարոյանը գրում է.

«Եթե անունս ես ընտրելու լինեի, կարծում եմ, որ կընտրեի Արամ անունը։

Արամ մորեղբոր մանկությունն ու պատանեկությունը ինձ համար անչափ հրապուրիչ են եղել, ես հիացած էի նրա եռանդով ու սրամտությամբ, ևայդ անունն ինքնին` Սարոյան ազգանվան կողքին, շատ էի հավանում։ Երկուսն էլ սազում էին իրար։



Արամ անունը վաղուց ի վեր հայերի սիրած անուններից մեկն էր։ Հայկական տարբեր թերթերում, հանդեսներում ու գրքերում ես տեսել եմ Արամ անունով մի շարք հռչակավոր հայերի հերոսական կերպարանքները, և ինձ դուր են եկել այն բոլոր խաբուսիկ պատկերացումները, որ զուգորդվել են գիտակցությանս մեջ այդ անվան հետ։

Որդուս անունը դրեցի Արամ, որովհետև այդ անունը համարում էի իմ իսկական անունը, և քանի որ արդեն շատ ուշ էր, որպեսզի դա իմ անունը լիներ, ուզում էի գոնե տղայիս անունը լինի»։

Վիլյամ Սարոյանի հարցազրույցները կարդալիս շատ հաճախ կարելի է հանդիպել «խենթ մարդ էր, պատվական մարդ...» արտահայտությանը։ Խենթերը մարդկանց՝ նրա սիրած տեսակն էին։ Խենթ` իրենց մտածողությամբ, հոգով, արարքներով... Այդպիսի մի խենթ էր Սարոյանի Արամ քեռին։



Գրական ստեղծագործություններից բացի՝ մեծաթիվ գեղեցիկ, հետաքրքիր ու հումորով հուշեր կան Արամ քեռու մասին։ Այսօր առանձնացրել և ձեզ ենք ներկայացնում դրանցից երկուսը, որոնք Սարոյանը պատմել է Վահագն Դավթյանին։

«Արամ քեռիս վաթսունն անց էր, երբ առաջին անգամ գիրք մը կարդաց` Էժեն Սյուի «Փարիզի գաղտնիք»։ Եկավ, ըսավ. այսօր աշխարհի ամենալավ գիրքը կարդացի...

-Ինչպե՞ս իմացար, որ աշխարհի ամենալավ գիրքն ատ է...

- Ինչու՞, ատկե, լավ գի՞րք կա...

-Հարկավ,-ըսի,- շատ կա...

-Չի կրնա պատահիլ, դե մեկու անունը տուր...

- «Պատերազմ և խաղաղություն»,- ըսի...

- Չեմ հավտար,- ըսավ...

Չհավտաց։ Ատկե վերջ ալ գիրք չկարդաց։ «Փարիզի գաղտնիք» Արամ քեռիիս համար մնաց աշխարհքի ամենալավ գիրք...»։



«Արամ քեռիս ժողով, ճառ, ծափահարություն շատ կսիրե։ Քանի մը հոգի ետևը ձգած, կուգա կմտնե սրահ, ժողովուրդին մեջեն կանցնի, ձեռքերը ասանկ վեր կառնե, ծափ կզարնե, աջ ու ձախ նայելով՝ հպարտ-հպարտ կպոռա.

- Ծափահարությու'ն, ծափահարությու'ն....

Ու Սարոյանն էլ վեր կացավ տեղից, դեմքին Արամ քեռու հպարտ ու ինքնագոհ արտահայտությունը, սկսեց անցնել սենյակով ու գոռալ. «Ծափահարությու'ն, ծափահարությու'ն....»։

- Օր մը Արամ քեռիս իր բարեկամներուն կըսե. մարդ ժողվեցեք, ճառ կուզեմ ըսել։

Իրիկուն կերթա այն տուն, ուր պիտի հավաքվեին։ Կտեսնե, որ մարդ չիկա, միայն մե հոգի մը կա, խեղճ մարդ մը... Ան ալ եկեր է, որովհետև ըսած են, թե ժողովեն ետք ճաշկերույթ պիտի ըլլա, եկեր է խեղճ մարդ, որ բան մը ուտե...

Կսպասեն, կսպասեն, ալ մարդ չի գար, կսկսին հեռաձայնել. մեկը կըսե` քեֆ չունի, մյուսը` զբաղած եմ, մեկ ուրիշ` ուրիշ բան մը... Միևնույն է, կսե Արամ քեռիս, ճառս պիտի ըսեմ...

Այդ խեղճ մարդ կնստեցնե դեմը, աթոռին, ու կսկսի ճառ ըսել.

«Մեր հայությու՛ն, մեր պայքա՛ր, ...մեր հառաջադիմությու՛ն... մեր հաղթանակնե՛ր...»։

Ասանկ բաներ կըսե, կոգևորվի, կպոռա, կպոռա...

Այն խեղճ մարդ աթոռին վրա կծկվեր, կլսե, բան մը չի հասկնար, կսպասե, թե երբ պիտի այս մարդը վերջացնե, որ բան մը տան ուտե...

Է, Արամ քեռիս վերջացնո՞ղ է... Կերթա, կուգա, այդ մարթուն քթին տակ բռունցք կթափահարե, կպոռա. «Մեր կա՛մք, մեր հառաջադիմությու՛ն... մեր հայությու՛ն...»։

Խեղճ մարդ կվախնա, գույնը կնետե, ավելի կկծկվի աթոռին վրա, կդողա... Արամ քեռիս կշարունակեեե...

Աղվոր պատմություն է, մարդկային պատմություն»։

Նաիրա Եղիազարյան