Վերադարձած 17 գերիներն անցել են բուժհետազոտություն, մի քանիսը շարունակում են բուժումը բուժհաստատություններում, մյուսները բուժհետազոտություն անցնելուց հետո դուրս են գրվել: Oragir.News.-ի հարցերին ի պատասխան՝ նշեց Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը: «Նրանց տրվել են վերականգնողական արձակուրդներ, զուգահեռաբար անցկացվում են մի շարք հետազոտություններ, իսկ վերականգնողական փուլից հետո Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը անցկացնում է համալիր հետազոտություն, որ ներառում է նաև մի շարք տարբեր ուղղություններ: Միայն այդ համալիր հետազոտությունից հետո Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կայացնում է որոշում՝ արդյոք զինծառայողը պիտանի է շարունակել ծառայությունը, թե ոչ: Ըստ այդմ՝ նա շարունակում է իր ծառայությունը, կամ՝ ոչ»:
Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքը ոչ միանշանակ է. ծառայության վերադարձած զինծառայողները չե՞ն ունենում հոգեբանական խնդիրներ զորամասերում, միջանձնային հարաբերություններում. հարցին ի պատասխան՝ Թորոսյանն ասաց. «Զորամասերի անձնակազմերը հրահանգավորված են, և ընդհակառակը, ամեն կերպ փորձում են իրենց ծառայակից ընկերոջը աջակցել, որ հաղթահարի այդ խնդիրները, եթե դրանք կան: Թեպետ, նորից նշեմ, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը համապատասխան որոշում է կայացնում՝ հաշվի առնելով նաև հոգեբանական վիճակը: Մինչ այդ զինծառայողին տրվում է վերականգնողական շրջան: Իսկ եթե առկա են լինում որոշ խնդիրներ, հանձնաժողովը որոշում է կայացնում, որ նա չի կարող շարունակել ծառայությունը: Իր հետ աշխատում են մասնագետներ, և այդ բոլոր դժվարությունները հաղթահարվում են մինչև զորամաս վերադառնալը: Այդուհանդերձ, եթե խնդիրներ ունենան, որ ի հայտ կգան արդեն ծառայության ընթացքում, անձնակազմը համապատաստխան հրահանգավորում կունենա»:
Նրանք ծառայությունը շարունակում են իրենց նախկի՞ն, թե՞ այլ զորամասերում. «Սովորաբար վերադարձած ռազմագերիները ծառայության վերադառնում են այլ զորամաս»,- նշեց խոսնակը:
Պատասխանելով միջդիրքային հատվածում մնացած զոհված զինծառայողների մարմինների մասին հարցին՝ Թորոսյանը նշեց, որ նույնականացման աշխատանքները դեռ ընթացքում են: «Անհայտ կորածների թվի մասին կարող ենք հայտնել, երբ վերադարձված մարմինների նույնականացման աշխատանքն ավարտվի: Այս փուլում զերծ կմնանք թիվ հայտնելուց»,- ասաց խոսնակը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանը ռազմական հարձակողական գործողություններով ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք՝ հարավ-արևելյան հատվածում: Ագրեսիային, ըստ պաշտոնական հայտարարությունների, հայկական կողմն ունեցել է նվազագույնը 210 զոհ: Պաշտոնական անվանացանկեր չկան: Անհատների կազմած ցուցակներից առավել ընդգրկունը ներկայացնում է 209 զոհված զինծառայողի անուն-ազգանուն:
Ըստ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի՝ 2020թ. պատերամից ի վեր Ադրբեջանական զինված ագրեսիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից բռնազավթվել է շուրջ 130 քա/կմ: