Մեկշաբաթյա խափանումից հետո՝ 2 օր առաջ, աշխատանքը վերսկսեց «Դատալեքս» տեղեկատվական համակարգը։ Թե հատկապես ինչ խնդիր էր առաջացել համակարգի հետ, այդպես էլ հայտնի չդարձավ, սակայն խնդիրները, որ կային համակարգում, այդպես էլ չանհետացան։
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն
Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ իր համար կասկածելի է, որ համակարգը խափանվեց հենց այն ժամանակ, երբ ԲԴԽ նախագահ նշանակվեց Կարեն Անդրեասյանը․ «Գուցե համընկել է, բայց այս երկրում շատ քիչ են նման համընկնումներ լինում, որովհետև երբ, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը ստանձնեց ԲԴԽ նախագահությունը, այդ ժամանակ էլ մակագրումների համակարգիչն էին առգրավել, դրանից հետո շատ երկար ժամանակ ձեռքով էին բաշխում գործերը, արդյունքում՝ շատ ռիսկային ստացվեց․ մի խոսքով՝ տարօրինակ բաներ են լինում, ընդ որում՝ այդ համակարգում այնքան խնդիրներ կան, որ դրանց մասին մի ամբողջ օր կարելի է խոսել»։
Նա ընդգծեց, որ օրինակ՝ դատավորներ կան, որ ընդհանրապես «Դատալեքսից» կարծես չեն էլ օգտվում․ «Այդ մասին փաստերն են վկայում։ Օրինակ՝ դատավոր կա՝ Արմինե Սաֆարյան, ով 2021 թ․-ից մի գործ ունի, որը մակագրվել է իր վրա, սակայն դրանից հետո որևէ շարժ չկա։ Այսինքն՝ «Դատալեքում» էջ կա, որտեղ նշվում է, թե երբ է գեներացվել էջը, Արմինե Սաֆարյանի էջերը, ստացվում է, գեներացվել են վերջին անգամ մեկ տարուց առաջ՝ 2021 թ․-ի հոկտեմբերի 21-ին։ Այսինքն՝ դատարվորներ կան, որ չեն օգտվում համակարգից։ Ես նույնպես դատական գործեր ունեմ, և այն խնդիրները, որոնք առկա էին միչև խափանումը, հիմա էլ նույն կերպ մնացել են»։
Նա ընդգծեց, որ համակարգի խափանումը լուրջ դժվարություններ է ստեղծում մարդկանց համար․ «Օրինակ՝ եթե համակարգը խափանվում է, ապա շատ մարդիկ հույսը կարող են դնել միայն փոստատարների վրա, միաժամանակ, լրագրողներն են խնդիրներ ունենում՝ իրենց հետաքրքրող նիստերի ժամանակացույցին ծանոթանալու առումով։ Տեսեք, օրինակ, ես հետաքրքրությունների շրջանակ ունեմ, որի մեջ մտնում են որոշ հանրային մարդիկ, օրինակ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Իր հետ կապված կա մի գործ, որի վճիռը կայացվել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, բայց վճիռն առայօր տեղադրված չէ համակարգում։ Դա նշանակում է, որ համակարգի աշխատողները ևս յուրահատուկ մոտեցում ունեն տարբեր մարդկանց նկատմամբ։ Ես ենթադրում եմ, որ շատերին կարող է հետաքրքրել, թե ինչ եղավ այդ գործը։ Խոսքը նրա երեխաների տեսակցության, ալիմետն չվճարելու պրոցեսի մասին է։ Դատական գործի ընթացքն ամբողջությամբ կա, բայց վճիռը չկա։ Այսինքն, կարծում եմ, սա շատ բանի մասին է վկայում»։