Ռուս հայտնի բլոգեր Դմիտրի Չենիշևը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ՀՀ ՀՆԱ-ին, ներկայացրել է ցուցանիշներ՝ գրելով․ «Անհավանական թվեր. Հայաստանի ՀՆԱ-ի ութ անգամ աճ՝ 1,6-ից մինչև 13%։ Նկատելի աճ է նկատվում նաեւ Վրաստանում»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը
Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով հրապարակված թվերից, ասաց. «Այդ վիճակագրությունը հրապարակվել է, 13 տոկոսից մի փոքր ավելի, բայց դա ոչ թե տնտեսական աճի, այլ տնտեսական ակտիվության ցուցանիշն է իրականում։ Այս տարվա սկզբից սկսած՝ ռուս-ուկրաինական պատերազմով և նաև դրա հետևանքով Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներով պայմանավորված՝ դրամական հոսքերը Հայաստանում էապես ավելացել են, այդ թվում՝ Ռուսաստանից։ 70 տոկոս ավելացել է ներմուծումը և արտահանումը, մի խոսքով՝ միջնորդ ենք դարձել ակամայից դեպի Ռուսաստան արտաքին առևտրի մասով, այսինքն՝ մենք վերաարտահանում ենք դեպի Ռուսաստան տարբեր ապրանքներ, և այստեղ բնականաբար սա բերում է նաև տնտեսական ակտիվության աճի»,- ասաց Ավետիսյանը։
Ըստ տնտեսագետի՝ նման մեծ թվով ռուսաստանցի քաղաքացիների մուտքը Հայաստան նպաստել է ծառայությունների ոլորտի ակտիվացման, որն էլ իր հերթին բերում է տնտեսության ակտիվացման։
«Մյուս ոլորտը ծառայությունների ոլորտն է, որը էապես աճել է մոտ 30 տոկոսով․ սա նորից դրա արդյունքն է, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացիների մեծ ներհոսքը Հայաստան և բնականաբար ծառայությունների ոլորտի մեծացումը արտահայտվում է նաև առևտրի ոլորտում, այսինքն՝ առևտուրը ևս աճել է»։
Տնտեսագետը ցավով արձանագրեց, որ այս ամենին զուգահեռ անկում է գրանցվել արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտում․ «Ցավալիորոն պետո է փաստենք, որ հիմնական ճյուղերից փաստացի դանդաղ անկում է ապրել արդյունաբերությունը, էլ չասեմ, որ գյուղատնտեսությունը շարունակում է նվազել մեր երկրում»։
Հետաքրքրվեցինք Ավետիսյանից, թե որքան կարող է պահպանվել այդ տնտեսական ակտիվության ցուցանիշը, նա ասաց. «Սա կարող է պահպանվել այնքան, որքան կտևի ռուս-ուկրաինական պատերազմը։ Այդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ որ այս աշխարհաքաղաքական ռիսկերը անցյալում կլինեն, բնականաբար նաև որոշակի փոփոխություններ կլինեն նաև այս իմաստով, և այդ փողերը, որոնք եկել են և իրականում մեծացրել են մեր երկրում պահանջարկը և բերել նաև տնտեսական ակտիվության աճի, նույն ձևով, կարող է, նաև հակառակ հետևանքները ունենանք, և դրան, ըստ էության, մենք պատրաստ չենք, որովհետև այդ տնտեսության ժամանավոր ակտիվության ռեսուրսները մսխվում են և որևէ իրական ծրագրեր չեն արվում, որ այդ ներհոսքը կապիտալացվի և մեր երկրում ավելի կայուն, երկարաժամկետ արդյունք ապահովի»,- ասաց Ավետիսյանը։
Ավետիսյանն ընդգծեց, որ օրվա իշխանությունները պարծենում են և իրենց վերագրում մի բան, որը բացառապես արտաքին գործոնի ազդեցություն է, բայց դրա հետ իրենք բացարձակ կապ և աղերս չունեն։
Ըստ Ավետիսյանի՝ մենք հակառակ պրոցեսին պատրաստ չենք․ «Հակառակ հոսքը լինելու դեպքում, երբ այդ դրամական հոսքերը դուրս գան երկրից, բնական է, որ այդ արտահանումը այդ չափով չի լինի, որովհետև պատերազմից հետո որոշակի կայունություն կլինի այդ իմաստով․ մեր մի շարք տնտեսական ռիսկերին գումարվելու է նաև դա, ինչպես եկել են, այնպես էլ, ըստ էության, գնալու են։ Ինչո՞ւ եմ դա ենթադրում, ո՞րն է հիմքը․ այն, որ իրականում բացառապես ոչինչ չի արվում, որ այդ գումարները բացի առևտրից, ապրանք բերել ուրիշ երրորդ երկրից Ռուսաստան տանելուց և այդ դրամական հոսքերը որպես պահանջարկ վերջնական սպառելուց զատ հնարավորություն ստեղծեն, որ դրանք մեր երկրում կապիտալացվեն»։