Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի բաժինը հայտնում է, որ Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված վերջին զարգացումները։
Էրդողանը շեշտել է, որ դիվանագիտական լուծման տեսլականը պետք է վառ պահվի բոլոր հանգամանքներում։ Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի պատերազմը բանակցությունների ճանապարհով ավարտվի։
Բացի այդ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն՝ Թուրքիայի Բարթըն նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ ցավակցական ուղերձի համար։