Oragir.news-ը երեկ հայտնել էր այն մասին, որ Բարձրագույն դատական խորհուրդն մերժել է Գլխավոր դատախազի միջնորդությունը՝ դատավոր Անի Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասով։ Խոսքը վերաբերում է միայն քրեական հետապնդում հարուցելու թույլտվությանը, լիազորությունների կասեցմանը, կալանավորման մասին խոսք չկա։
Oragir.news-ն այսօր փորձեց մեկնաբանություն ստանալ Գլխավոր դատախազությունից, թե ինչ գործողություններ են մտադիր իրականացնել առաջիկայում։ Դատախազությունից մեզ հայտնեցին, որ առաջիկայում այդ առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն կլինի։ ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանից փորձեցինք ճիշտել, թե ինչպես է ստացվել, որ ԲԴԽ-ն մերժել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու թույլտվությունը, ի տարբերություն բոլոր նախորդ դեպքերի, երբ Խորհուրդը բավարարում էր բոլոր նմանատիպ միջնորդությունները, սակայն Քոչարյանն ասաց, որ նա գործուղման է և չի կարող պատասխանել մեր հարցերին։
Oragir.news-ին հաջողվել էր պարզել, որ Անի Հարությունյանի դեմ քրեական հետապնդման հարուցումը կապված է մեկ այլ դատավորի՝ Գեւորգ Նարինյանի դեմ հարուցված քրգործին։ Դեռեւս Նարինյանի դեմ քրեական գործ հարուցելու ժամանակ հայտնի էր դարձել, որ Հարությունյանը Նարինյանին փոխառություն է տվել, այսպես ասած՝ օժանդակել է փողերի լվացմանը։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ այս առնչությամբ նաև Նարինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանից։ Նա պատասխանեց, որ այդ մասով որևէ մեկնաբանություն չի ցանկանում տալ։