Շավաթ օր Արցախում տեղի ունեցած ինքնաբուխ հավաքի ընթացքում հայտնի դարձավ, որ նախագահ Արայիկ Հարությույանը Արցախում չէ։
Oragir.news-ը փորձեց պարզաբանում ստանալ նախագահի մամուլի խոսնակից այն մասին, թե որտեղ է Արայիկ Հարությունյանը և ինչու նախապես չի հայտարարվել, թե ուր է մեկնել նախագահը. նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանին ուղղված մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանի հեռախոսահամարներն անջատված էին։
Արցախի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենց խմբակցությունում նույնպես նախագահի բացակայության մասին տեղեկացրել են մամուլից։ Գալստյանն ասաց, որ վերջին անգամ Հարությունյանին տեսել է Արցախում Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում։ «Նրա բացակայության մասին իմացել ենք մամուլից, թե ի՞նչ գործով է մեկնել՝ անձնակա՞ն, թե՞ պետական, չեմ կարող ասել։
Մամուլում նաև տեղեկություններ կային, որ Հայաստանում, երբ պատվիրակությունը գա, թերևս կիմանանք, թե ինչ հանդիպումներ են եղել Հայաստանում, երբ կներկայացնեն նաև, թե ինչ են խոսել ու ինչ ընդհանուր հայտարարի են եկել, կհասկանանք՝ ուր էր ու ինչ պատճառով էր մեկնել։ Իհարկե, պարզաբանում ենք պահանջելու»։
Նա ընդգծեց, որ արցախցիների համար անհասկանալի է, թե երբ Հայաստանի առաջին դեմքը հայտարարություններ է անում և պատրաստվում է թուղթ ստորագրել, որտեղ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ ինչո՞ւ այդ մասին Արցախի իշխանությունները հայտարարություններ չեն անում։
«Պետք է հասկանանք՝ Արցախի իշխանությունների կողմից ինչո՞ւ ոչ մի արձագանք չկա, այն դեպքում, երբ բազմիցս, թե՛ ԱԺ-ում, թե՛ Անվտանգության խորհրդում որոշումներով մենք փաստել ենք մեր դիրքեորոշումը և նշել՝ մեր կամիր գծերը, ինչո՞ւ են ՀՀ օրվա իշխանություններն այդուհանդերձ փորձում Արցախցիներին բռնակցել Ադրբեջանին, իսկ Արցախի իշխանությունները որևէ արձագանք չեն տալիս այդ ամենին։
Մենք այսօր փորձում ենք այդ արձագանքը լսել Արցախի իշխանություններից. պետք է հստակ Արցախի իշխանությունները, ի դեմս Արայիկ Հարությունյանի, պարզաբանեն, թե ինչու են լուռ։ Եթե լռում են, ապա կողմ են Փաշինյանի ստորագրած փաստաթղթին, ուրեմն Նիկոլի կողիքն են, ոչ թե Արցախի ժողովրդի։ Արայիկ Հարությունյանը պետք է պատասխանի հարցին, Նիկոլ Փաշինյանի՞ կողքն է, թե՞ Արցախի ժողովրդի, եթե այս ամենին չարձագանքեն, ապա լռությունը համաձայնության նշան է, մենք կընկալենք, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն է»։