Ներքին 3 տարի առաջ - 18:53 12-09-2022

Ադրբեջանական հերթական զավեշտը, թե իբրև հայերը փորձել են հայկականացնել «աղվանական» եկեղեցիները

Առաջին անգամը չէ, որ ստիպված ենք արձագանքել ադրբեջանական հնարանքներին։ Այս անգամ «գյուտը» վերաբերում է Դադիվանքի հարևանությամբ գտնվող Կուսանաց սբ. Աստվածածին անապատին, որը կառուցվել է 12-րդ դարի վերջերին և որի պատերում օգտագործվել են 10-11-րդ դարերի խաչքարեր։ Տարրական գիտելիքի բացակայությունը, թե արհամարհումը խաչքարերի ժամանակագրության վերաբերյալ լրացվում է ինքնահնար հոխորտանքով. թե տեսեք նոր փաստ ենք գտել, որ անապատի կառույցների մեկի պատում առկա է հետսագույն «գրիգորյան» խաչքար (https://www.youtube.com/watch?v=Jf1K_OBcYD4)։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման հարթակը։

Նախ նկատենք, որ Հայ առաքելական եկեղեցին չի կոչվում «գրիգորյան»։ Այս եզրը շրջանառության մեջ է մտցվել 19-րդ դարի 30-ական թվականներին ցարական նոմենկլատուրայում և վաղուց պաշտոնապես չի կիրառվում որպես Հայ առաքելական եկեղեցու անվանում։ Բայց կարևորը. խաչքարը պատկանում է 10-11-րդ դարերի խոր ակոսատումով պարզունակ խաչքարերի շարքին, որպիսիք բավականաչափ տարածված են ողջ Հայաստանով մեկ, այդ թվում և Արցախում (Պետրոսյան, Երանյան 2022, 26-30)։ Այն, որ հատկապես ծանր ժամանակներում հայկական եկեղեցաշինության մեջ լայնորեն օգտագործվել են ավելի վաղ կերտված խաչքարերը, վաղուց հայտնի, գիտականորեն վավերացված և քննված իրողություն է (Պետրոսյան 2008, 326)։ Եվ ավելի վաղ խաչքարերի կիրառումը Կուսանաց անապատում հազիվ թե կարող է զարմանք առաջացնել։ Բավական է, օրինակ, այցելել Կուսանաց անապատի հարևանությամբ գտնվող 13-րդ դարի վերջերին կառուցված Հանդաբերդի վանք, որի պատերին, խաչքարերի և կղմինդրների վրա առկա են 12-13-րդ դարերի շուրջ երեսուն հայերեն արձանագրություններ, և համոզվել, որ հին խաչքարերի օգտագործումը նոր կառույցների մեջ տարածված երևույթ էր (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 32-33, 49-50)։ Նաև նշենք, որ Հանդաբերդի վանքի խաչքարերի մի զգալի մասն անցած դարի 80-ական թվականներին բառացիորեն հոշոտել են հենց Քարվաճառի ադրբեջանցի բնակիչները։

Ցավալիորեն, մասնագիտական ակնհայտ տգիտությունը, փաստերի խեղաթյուրումն ու հոխորտանքը,ակադեմիական պարկեշտ կեցվածքին անվայել մեթոդներ են և հետևաբար, չեն կարող հավակնել որևէ գիտական արժեքի կամ տեսակետի:

Գրականություն
Պետրոսյան, Երանյան 2022 – Պետրոսյան Հ., Երանյան Ն., Արցախի կոթողային մշակույթը, Երևան։
Պետրոսյան 2008 – Պետրոսյան Հ., Խաչքար. ծագումը, գործառույթը, պակերագրությունը, իամստաբանությունը, Փրինթինֆո, Երևան։
Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009 – Պետրոսյան Հ., Կիրակոսյան Լ., Սաֆարյան Վ., Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, Փրինթինֆո, Երևան։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի