«Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,- գրել է Մարությանը, և կից տեղադրված տեսանյութում լրագրողներն իրեն դիմում են Մարուքյան ազգանունով՝ հարցնելով, թե ինչու է դուրս եկել դիմացի մուտքից, այլ ոչ թե հետևի։ Մարությանը պատասխանում է, որ այսօրվա դրությամբ հետևի մուտքից միայն մտնում են, և եթե նայեք, մտնողների մեծ խումբ է կանգնած։ Այնուհետև Մարությանն ուղղում է լրագրողին, որ իր ազգանունը Մարության է, այլ ոչ Մարուքյան, և հավելում՝ եթե պարոն Մարուքյանին է հարցն ուղղված, խնդրում է նրան այդ հարցը տալ. «Կարծում եմ՝ հետևի մուտքի մոտ է», -նշել է նա։
Հայկ Մարությանի գովազդային հոլովակն իսկական խառնաշփոթ է ստեղծել «Լուսավոր Հայաստան»-ում, որովհետև կարծել են, թե Հայկ Մարությանը նկատի է ունեցել հենց կուսակցության ղեկավար, այժմ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանին։
Օրինակ՝ ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության եկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայկո՛, քո ազգանունը շփոթում են Մարուքյանի ազգանվան հետ, քանի որ դու փորձում էիր «դերասան Հայկոյից» դառնալ «քաղաքապետ Մարության։ Մեր դիրքորոշումն ու կարծիքը քո մասին չի՛ փոխվել: Դու պատեհապաշտորեն հետամուտ եղար 2018-ին, բայց չերևակայե՛ս, թե 2021-ին դու ես դուրս եկել: Քեզ ուշացած, բայց դուրս են մղել հետնամուտքից: Երբ Մարուքյանը ընդդիմադիր պատգամավոր էր, դու իշխանության հետնամուտքում փայտե «բաբչկայով» ու լայն ժպիտով սպասում էիր պաշտոն ստանալու քո մուտքին: 2012-ից Մարուքյանը քաղաքական գործիչ եղել և մնացել է, իսկ դու 2018-ից փոխեցիր աշխատավայրդ, բայց ոչ կարգավիճակդ»։

ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ-ական Անի Սամսոնյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայկոն երբ իր մասին հիշեցնում է, ես էլ հիշում եմ Բուլգակովի «Շան սիրտը» գլուխգործոցի հերոս Շարիկին»:

Էդմոն Մարուքյանն էլ որոշել է որպես հուժկու պատասխան կիսվել Դավիթ Խաժակյանի գրառումով ՝ վերևում գերլով՝ Fair enough!, այսինքն ՝ ամեն բան արդարացի է գրել։

ԼՀԿ անդամ Իգոր Ավագյան էլ գրել է. «Երբ որ ամեն ծաղրածու քաղաքականությամբ է զբաղվում, վերջը լավ չի լինում»։

Իսկ ԼՀԿ նախկին պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն էլ գրել է. «Հայկ, այդպես էլ տեղդ չգտար, էլի։ Մինչև ե՞րբ ես Մարուքյանի շվաքով ինքնահաստատվելու»։

ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ-ական Գևորգ Գորգիսյանն էլ գրել է․ «Հայկին պետք ա հուշել, որ հետևինը մուտք չի, ելք ա։ Տենց են մոտեցել էլի ամեն ինչին, որ էս օրի են հասել»։

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են «Լուսավոր»-ում բացառում, որ հետևի մուտքից մտնող այլ Մարուքյան կարող է լինել։ Հետևությունները թողնում ենք ընթերցողին։