Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջի հիման վրա սույն թվականի օգոստոսի 19-ին ՄԻԵԴ-ը վերահաստատել է 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված եւ նույն թվականի նոյեմբերի 3-ին առավել ընդլայնված միջանկյալ միջոցը՝ նշելով, որ այն շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
«ՄԻԵԴ-ը կողմերին հրավիրել է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքների խախտմանը, այդ թվում նրանց՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները վտանգի տակ դնելուց»։
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, հարցնելով , թե ՄԻԵԴ որոշումն այժմ արդյո՞ք անհրաժեշտ է, այն դեպքում , երբ Սուսը, Բերձորն ու Աղավնոն դատարկվում են։
Մելոյանը զրույցում ասաց, որ, որոշումը ՄԻԵԴ-ի ընդունած իրավական ակտերի նախնական տեսակներից է՝ մինչև վերջնական դատական ակտի կիրառումը կամ տարբեր իրավիճակներում՝ ըստ գործի առանձնահատկության, միջանկյալ միջոց է կիրառվում, որպեսզի կանխվի կոնկրետ հակաիրավական բնույթի գործողության կատարումը, կամ մինչև գործողությանը իրավական գնահատանք տալը կանխվի դրա իրականացումը, մինչև վերջնական որոշման, հայտարարի կամ գնահատանքի գալը, այսինքն պարզ լինի, թե արդյո՞ք դա հակաիրավական է, թե՞ իրավական։
«Այս դեպքում ես գտնում եմ, որ սա որևէ նշանակություն չունի, ինչպես Ադրբեջանի համար ՄԻԵԴ-ի տասնյակ կամ հարյուրավոր մի շարք որոշումներ, որոնք զուտ ձևական բնույթ են կրում, մենք նաև ականատես ենք եղել նոյոմբերի իննի փաստաթղթով, որ ծայրաստիճան լինելով հակահայ բնույթի, այսօրվա դրությամբ անգամ գերիների, անհետ կորածների վերադարձման ու փնտրման աշխատանքների ապահովման կետը դեռ կյանքի չի կոչվել։ Սա իհարկե, առաջին հերթին մեր իշխող ուժի ձախողումն է, թեև անհասկանալի է, թե ինչու՞ պատշաճ կերպով ու պարտաճանաչորեն բոլոր կետերն իրականացնելուց զատ զիջումների ենք գնացել՝ արհեստականորեն պայմաններ ստեղծելով, որպեսզի կատարվի ադրբեջանական կողմի ոչ միայն նոյեմբերի իննի փաստաթղթով , այլ դրա շրջանակներից դուրս մի շարք այլ լրացուցիչ պարտավորվածություններ, իսկ այս պահի դրությամբ միջանկյալ ՝ թե 2020 թվականին է միջանկյալ միջոց կիրառվել, թե՛ հիմա է կիրառվում, Ադրբեջանի Հանրապետությունն իրեն ոչ մի կերպ նեղություն չի տալիս ու չի կաշկանդվում միջանկյալ միջոցներով և տարօրինակ կերպով նաև ԵԽ-ն իրեն ոչ մի սանկցիա կամ քաղաքական հետևանք չի կիրառում այդ հարցերի շրջանակում, այնպես որ մենք արդեն հարատև շրջան է, ականատես ենք լինում, թե ինչպե՞ս է թե եվրոպական կառույցները, թե՛ ընդհանրապես աշխարհի մի շարք կառույցներ լուռ ու համր հետևում այս հակահայ գործընթացին։
Մելոյանի խոսքով, միջանկյալ միջոց կիրառելը ձևական բնույթ է կրում, երբ արդեն օգոստոսի 19-ի դրությամբ մենք մի շարք տեղահանված բնակիչներ ունենք Բերձորի շրջանից, որոնց մաս-մաս արդեն տներից հանել են, և դա գործընթացի մեջ են, Աղավնոյում ևս.
«Հետևողականություն դրսևորելու պարագայում արդեն պարզ կլինի, թե արդյո՞ք այդ ակտը որևէ նշանակություն է ունենալու Աղավնոյի մի քանի բնակիչների տեղահանման կանխման նկատառումներով։ համոզված եմ, որ ոչ։ Այսինքն հստակ սա ֆորմալ ձևական փաստաթուղթ է, որը գոնե հայկական իշխանությունները, եթե հայկական շահի սպասարկող լինեին, կարող էին շահարկել, որևէ կերպ մատի փաթաթան դարձնելու տեղահանման գործընթացը, սակայն մենք ականատես ենք լինում, որ հայկական իշխանությունները մի բան էլ նման իրավիճակներում շտապում են ադրբեջանական շահը սպասարկել՝ կյանքի կոչելով, որ հնարավոր չլինի փոքր խաղաքարտերից օգտվել՝ հայամետ լուծման հանգելու նպատակով»։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը նաեւ արձանագրել է, որ ՀՀ կառավարության վկայակոչած իրադարձությունների, այն է՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ իրականացվող զինված հարձակումներ, Բերձոր եւ Աղավնո համայնքների բնակչության տեղահանման սպառնալիքներ, նկատմամբ կիրառելի է 2020 թվականի սեպտեմբերի 29-ի կայացված եւ մինչ օրս ուժի մեջ գտնվող որոշումը»,-նշվում է հայտարարության մեջ: