ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ: «Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար», - ասվում է
հայտարարության մեջ։
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Մամիջանյանի հետ՝ հարցնելով, թե ինչով է պայմանավորված ՌԴ ԱԳՆ-ի նման հայտարարությունը։
Մամիջանյանն ասաց. «Իմ հիշողության մեջ նման դեպք չեմ հիշում, որ մեր և ռազմավարական դաշնակից հանդիսացող ՌԴ-ի միջև հարաբերությունները կարգավորվեին հրապարակային նոտաներով։ Չեմ կարող վստահաբար ասել, բայց համենայն դեպս ես չեմ հիշում այդպիսի դեպք, որպեսզի ՌԴ-ն նոտա հղի հրապարակային։ Սա հետևյալ երկու երևույթների հետևանքով է, առաջին հերթին այս ապիկար իշխանությունները այն մակարդակի են հասցրել մեր և մեր ռազմավարական դաշնակցի հարաբերությունները, որ ՌԴ-ն մեզ հետ շփվում է ոչ թե աշխատանքնային, ոչ հրապարակային խողովակներով, այլ իր դժգոհությունը հայտնում է հրապարակային բողոքի նոտայի միջոցով։
Սա հարյուր տոկոսով այս իշխանությունների հայրենադավ և հակահայկական արտաքին քաղաքականության արդյունք է։ Երկրորդ՝ սա նաև նրա արդյունքն է, որ իշխանությունները փորձում են բառիս վատ իմաստով գավառական ճարպկություն դրսևորել և աշխարհի կենտրոններին խաբել՝ Բրյուսելում բողոքելով Մոսկվայից, Մոսկվայում բողոքելով Բրյուսելից, փորձելով իրարամերժ խոստումներ տալ տարբեր իրարամերժ աշխարհաքաղաքական ուժային կենտրոններում, որի արդյունքում ստեղծվում է նմանօրինակ իրավիճակ»։
Oragir. news-ը ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը հասկանալու նպատակով փորձեց կապվել ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հետ, ով այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։