Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:21 19-08-2022

Չկան ճիշտ բառեր՝ նկարագրելու այդ մարդկանց աշխատանքը. Հրաչյա Ռոստոմյան

Օրեր շարունակ մեր բոլորի ուշադրությունը Սուրմալուն էր, փրկարարների աշխատանքը։ Մեր սրտերը, մեր աղոթքները փրկարարներին էին ուղղված, փլատակների տակից ողջ մարդկանց գտնելու անմար հույսով։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրում է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Նա հավելում է․ «Ու այդպես է ամեն անգամ, երբ աղետ է, երբ մարդիկ ունեն օգնության կարիք։

Չկան ճիշտ բառեր՝ նկարագրելու այդ մարդկանց աշխատանքը. նրանք անձնազոհ են, անձնուրաց, անվախ. ինչպես էլ բնութագրենք, միևնույն է, կիսատ է։

Ամեն դեպքից հետո մենք չենք էլ հիշում, թե քանի´ փրկարար տուժեց, որի´ առողջությունն ինչքան վնասվեց ու վտանգվեց։ Այդպիսին է այդ մասնագիտության առանձնահատկությունը՝ փրկել կյանքեր՝ վտանգելով սեփականը։
Պատիվ ու երջանկություն եմ ունեցել աշխատելու այս մարդկանց հետ։ Շատերին ճանաչում եմ անձամբ ու վստահ եմ ԱԻՆ անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և մարդկային բարձր հատկանիշների վրա։

Պարզապես ուզում եմ ասել շնորհակալություն բոլոր փրկարարներին, ԱԻՆ աշխատակիցներին։
Շնորհակալությունս բոլոր կամավորներին, բուժաշխատողներին։ Բոլոր նրանց, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում՝ պայքարել այլոց կյանքերի համար։

Թող անմեղ զոհերի հոգիները հանգչեն խաղաղությամբ…»։