«Խաղերը տեղի են ունենում չորս տարին մեկ։ Այս տարի մարզախաղերի մեկնարկից առաջ գնացել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին»։ Այս մասին Եռաբլուրում ասաց Հոմենըթմենի կենտրոնական վարչության անդամ, «Մարզիկ» պաշտոնաթերթի խմբագիր և կենտրոնական վարչության ատենադպիր Վիգեն Ավագյանը։
«Պատահական չէ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընտրությունը խաղերի մեկնարկից անմիջապես առաջ, քանի որ մարզիկները այդ ամբողջ չորս տարիների մեջ ծանոթանում են ազգային արժեքներին, մեր դեմքերին, Արցախին, պահանջատիրությանը, հայ դատին։ Այստեղ գալով՝ նրանք խոնարհվում են իրենց նահատակների հիշատակի դիմաց։ Այս հոմենըթմենականները ունեն 10 նահատակ Արցախյան վերջին պատերազմին, նրանք գալիս են այստեղ՝ իրենց ուխտը նորոգելու, նրանք այստեղ ուխտում են շարունակել իրենց նահատակ եղբայրների կիսատ թողած աշխատանքը, քանի որ բոլորի առաքելությունը նույնն է դեպի ամբողջական Հայաստան կերտման ճանապարհին։ Այս տղաները՝ շուրջ 20 երկրից ժամանած, յուրաքանչյուրն իր համայնքի մեջ փորձում է ազգային ոգևորություն, խանդավառություն ստեղծել իր հոմենըթմենական հաղթանակներով և այդ հաղթանակներով կուզի ապրել նաև Հայաստանյան հողի վրա»,- ասաց Վիգեն Ավագյանը։
Հիշեցնենք՝ այս խաղերը, որոնք 1981թ․-ից են տեղի ունենում, 11-րդ խաղերն են իրենց տեսակի մեջ, և վերջին չորս խաղերը տեղի են ունենում Հայաստանում։ Վերջին անգամ այս խաղերը տեղի են ունեցել 2017թ․-ին, 2021-ին պետք է տեղի ունենային Հայաստանում, բայց համաճարակով պայմանավորված՝ հետաձգվեցին։ Այս տարի 12 խմբային մարզախաղ է անցկացվում։ Կան անհատական խաղեր։ Այս տարի խաղերին ավելացել են երեք նոր խաղեր, որոնք նախկինում չէին եղել։