Ուղիղ եթեր
Վերաքննության խորհուրդը
copy image url

Վերաքննության խորհուրդը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:34 19-07-2022
Կենսափորձը վկայում է, որ տգիտությունը, անիրազեկությունն ու չհիմնավորված ինքնավստահությունն են մարդկային դժբախտությունների գերակշիռ մասի սկզբնաղբյուրը: Որպես կանոն՝ հենց անգետ, անուս, իրավական գրագիտությունից մղոններով հեռու մարդիկ են կշեռքի զուգահեռ նժարը ծանրացնող «մարտկոցները»: Ինչպես ասում են՝ ոզնուն էլ հասկանալի է, որ իրավական հասարակարգի քաղաքակրթական մակարդակը ուղիղ համեմատական է տվյալ երկրի բնակչության իրավագիտակցության աստիճանին: Որքան հասարակությունը տեղեկացված է, այնքան նա պաշտպանված է: Այդ իսկ պատճառով էլ աշխարհի հզորներն ամեն ինչ անում են, որ հենց այս պարզ ճշմարտությունը չդառնա կյանքի նորմ: Նրանք համարում են, որ տոտալ վերահսկողության համար նախրացման գործընթացը պարտադիր է: Հնարավոր բոլոր մեթոդներով, այդ թվում մասմեդիայի կոորդինացված ու ակտիվ ջանքերի գնով, նրանք փորձում են արժեզրկել ուսման ու գիտելիքի նշանակությունը: Շոուբիզնեսի հանդեպ նոր սերնդի ընդգծված հակվածությունը, հարկ է դիտարկել նույն այս հոլովույթում: Կյանք մուտք գործել փորձող պատանիների համար տանելի ձայն ու ոչ այնքան ծուռ ոտք ունենալը հաստափոր գրքեր թերթելու հաշվին «մարդ դառնալուց» ավելի նախապատվելի է: Ու այս համավարակը գնալով ընդլայնում է շառավիղը: Արդյունքում երկրաչափական պրոգրեսիայով նվազում է բարձրակարգ զինվորականների, ինժեներների, գյուղատնտեսների, որակյալ շինարարների, ավելանում՝ ֆանատներին նյարդայնացնող, նրանց շարունակական հիշոցներին արժանացող ֆուտբոլիստների, կերկերուն ձայնով միայն իրենց տնեցիներին «հուզող» երգիչների ու սերիալային դերասանների հարաճուն դարձող թվաքանակը: Սա ամենևին էլ չի նշանակում, որ մյուս «ճակատներում» ամեն ինչ նորմալ է: Հաստաքսակ ծնողների հաշվին մի կերպ ուսումն ավարտած իրավաբանների, վիրահատության ժամանակ մարմնում գործիքներ թողնող բժիշկների, բիզնեսմեն գեներալների «խերը» դեռ նոր ենք տեսնում: Տրամաբանությունը հուշում է, որ տարիներ անց անորակ մասնագետների թվաքանակը նկատելիորեն մեծանալու է, եթե, իհարկե, այդ ընթացքում օգնության չշտապի կոռուպցիայի «ղադրը» չիմացող արհեստական բանականությունը:

Այս ամենը թերևս հանդուրժելի լիներ, եթե Հայաստանը չգտնվեր աշխարհաքաղաքական վտանգավոր գոտում, որտեղ երգիչ-երգչուհիներից ու գնդակ տշողներից առավել՝ տարբեր բնագավառների բարձրորակ մասնագետների պահանջ է զգացվում:

Ապագան բախում է դուռը: Նոր ժամանակները նշանավորվում են նորանոր մարտահրավերներով: Քանակին փոխարինելու է գալիս որակը, առաջնային են դառնում միտքն ու մտածող տեսակը: Մենք՝ հայերս, պատրա՞ստ ենք դիմակայելու մեզ ներկայացող նորանոր մարտահրավերներին՝ որպես տեսակ, որպես արևի տակ հաստատուն տեղ փնտրող երկիր: Բարոյահոգեբանական ապատիկ վիճակը, որում հայտնվել ենք ազգովի, ու որը մեզ ներսից է քրքրում, ուղղակի կապ ունի ուսման, գիտելիքի, ազգի շարունակականության հանդեպ մեր կողմից դրսևորվող մոտեցման ու խնդրի էությունը հասկանալու կարևորության հետ: Տարածաշրջանում ամենամարտունակը հորջորջված հայկական բանակի պարտությունը պիտի պոստսկրիպտում միայն մտորման, դասեր քաղելու տեղիք տար: Խորհրդային բանակի ավանդույթները որդեգրած հայկական բանակը իր զինատեսակներով ու սպայակազմով քննությունը տապալեց, նա միանգամայն անպատրաստ էր դիմակայելու իրեն ներկայացած ծանրագույն փորձությանը: Մասնագիտական վերլուծություններում արձանագրվեց՝ նախորդ դարի բանակը պարտվեց նոր սերնդի բանակին: Դա էր դառը իրողությունը, ու նաև այն, որ մինչ հայ «իգիթները» Բաքվում թեյ խմելու, Ստամբուլն էլ արյան ծով դարձնելու վերամբարձ կոչեր էին հնչեցնում, հակառակորդը սին երազներին տուրք տալու փոխարեն վերազինվել,սպաներին էլ ըստ հարկի կրթել էր պետք: Ավաղ, ավելի ուշ՝ հազարավոր երիտասարդների կյանք արժեցած դառը պարտությունից հետո պիտի այդ մասին հայտնի դառնար: Իսկ մտահոգիչն այն է, որ նոր քննաշրջանն ամենևին էլ յոթը սարի ետևում չէ: Ցավալի է, որ մենք, այնուամենայնիվ, այդպես էլ հասու չենք դառնում՝ «Ինչքան ուժեղ է խելացին, այնքան խաղաղվում է տխմարը» մտքի խորքային իմաստին… Իսկ այդքան անհրաժեշտ խաղաղ կյանքի համար մենք պատրաստվո՞ւմ ենք պատերազմի…Սա է խնդիրը:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ