Օսմանյան մեծանուն հայ ճարտարապետ Սարգիս Պալյանի նախագծմամբ կառուցված Այնթափի Սուրբ Աստվածածին եկեղեցին ժամանակին կայսրության ամենամեծ եկեղեցիներից մեկն է եղել։
1892 թ. կառուցված եկեղեցին մինչ 1915 թ. ծառայել է Այնթափի հոծ հայ բնակչությանը: Հայոց ցեղասպանությունից և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո եկեղեցին հանձնվել է երկրի արդարադատության նախարարության վերահսկողությանը։
1930-1980-ականներին եկեղեցին մոտ 50 տարի օգտագործվել է որպես բանտ։ Այդ տարիներին եկեղեցու պատուհաններին ճաղավանդակներ են ամրացվել։
1980-1985 թթ. երբեմնի Սուրբ Աստվածածինը վերածվել է մզկիթի։ Եկեղեցուն տրվել է «Քուրթուլուշ» (Փրկություն) մզկիթ անվանումը, հարևանությամբ կառուցվել է մինարե (աշտարակ, որտեղից հնչեցվում է մուսուլմանների աղոթականչը), իսկ ներսում՝ միհրաբ (աղոթքի համար առանձնացված որմնախորշ)։
ermenihaber.am-ը մզկիթի վերածված հայկական եկեղեցու ներկայիս տեսքը ներկայացրել է լուսանկարներով։




