Ներդրեք 100 դոլար, որը 8 օրում կդառնա 200 դոլար․ գրավիչ առաջա՞րկ, թե՞ ֆինանասական բուրգ, որը մի օր պայթելու է
copy image url

Ներդրեք 100 դոլար, որը 8 օրում կդառնա 200 դոլար․ գրավիչ առաջա՞րկ, թե՞ ֆինանասական բուրգ, որը մի օր պայթելու է

Ներքին 2 տարի առաջ - 15:39 07-07-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Ժամանակ մի՛ կորցրեք, միացեք մեր թիմին, ներդրեք 100 դոլար, որը 8 օրում կդառնա 200 դոլար»։ Այս և նման գրավիչ ու գայթակղիչ առաջարկներով սոցիալական հարթակներում լայնորեն տարածվում է «allegroera.armenia» կայքի գովազդը, որն առաջարկում է արագ ու հեշտ տարբերակով գումար վաստակել՝ կրկնապատկելով ներդրած գումարները։

Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում տարածվող «allegroera.armenia»-ն գործում է Վրաստանում փլուզված «Տեսլա մեդիա» կոչվող ֆինանսական բուրգի սկզբունքով։

««Տեսլա մեդիա» կոչվածը մեզ մոտ սկսեց տարածվել ապրիլի վերջին, սակայն կայքը ստեղծվել էր մարտի 3-ին։ Այն ահռելի տարածում գտավ Վրաստանում, կարծում եմ՝ այն ամենաշատ տարածումը ունեցավ Ջավախքում, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ միացել էին «Տեսլա մեդիային»։

Սկզբնական փուլում միացածները շահել են, բայց նրանց մեծ մասը էլի է ներդրումներ կատարել։ Արդյունքում գրեթե բոլորն էլ տուժած են դուրս եկել։ Շատերը նաև միացել էին «Ալլեգրո»-ին և փողը «Տեսլա մեդիա»-ից հանելով՝ «Ալլեգրո»-ին էին միանում։ Դրանով նրանք կարծում էին, թե ավելի անվտանգ են դարձնում իրենց ներդրումը։ Ես մարդիկ գիտեմ, որ վարկով հազարավոր դոլարներ էին վերցրել։ Կային նաև տուն ու մեքենա վաճառողներ, դժբախտաբար»։

Այվազյանի դիտարկմամբ՝ իր ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ «Ալլեգրո»-ի և «Տեսլա Մեդիա»-ի տերերը նույնն են։ Անգամ «Ալլեգրոն» մեկ օր շուտ է ստեղծվել՝ մարտի 2-ին, մարտի 3-ին՝ «Տեսլա մեդիան»։ «Նրանք բացված են նույն հոսթինգի վրա։ Բայց միայն այս երկուսը չեն, կային նաև «Լիստ» կոչված բուրգը և «Գրինմայները»։ Դրանք բոլորն էլ մեկ օրվա տարբերությամբ պայթեցին», - ասաց Այվազյանը։

Նա նաև ընդգծեց, որ թեև Վրաստանում սկսել են տվյալ բուրգի նկատմամբ հետաքննություն, մինչ հիմա դրանք բաց են Վրաստանում, ինչը նշանակում է, որ պետությունը բավարար աշխատանք չի կատարել՝ դրանց հասանելիությունը փակելու համար։

Փաստաբան Արմինե Ֆանյանը Oragir.news-ի հետ զրույցում ընդգծեց, որ ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը և ղեկավարելը քրեորեն պատժելի արարք է նաև նոր ՀՀ Քրեական օրենսգրքով։ Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ֆինանսական բուրգում առանձնապես խոշոր չափերի գույք ներգրավելը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով: Խոշոր չափերի գույքային վնաս է համարվում 2 միլիոնից 15 միլիոն դրամը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ 15 միլիոն դրամը գերազանցող գումարը:
Փաստաբանը նաև ընդգծեց, որ առհասարակ ֆինանսական բուրգում ներգրավվում են սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ։

«Սովորաբար գործարարները առավել փորձառու են լինում և չեն ներգրավվում նման կասկածելի գործարքներում։ Հետևաբար, պետությունը, իրավապահ մարմինները պարտավոր են ժամանակին հայտնաբերել և կանխել նրանց գործունեությունն ու տարածումը։

Ֆինանսական բուրգը կառույցի անդամներին եկամուտներով ապահովելու համակարգ է` նոր անդամներից անընդհատ միջոցներ ներգրավելով. բուրգի առաջին անդամներին եկամուտները վճարվում են հետագա միջոցների հաշվին։ Շատ դեպքերում եկամտի իրական աղբյուրը թաքցվում է, որի փոխարեն հայտարարվում է մտացածին կամ աննշան տեղեկություն։ Իսկ տեղեկատվության փոխարինումը կամ թաքցնումը համարվում է խարդախություն։

Որպես կանոն՝ ֆինանսական բուրգի հիմնադիրները ներդրողներին խոստանում են բարձր եկամուտ, որը երկար ժամանակ չի կարող պահպանվել։ Ավելին, բուրգի բոլոր մասնակիցների պարտավորությունները մարել ակնհայտորեն անհնար է։ Հետևաբար, մեր քաղաքացիները պետք է հեռու մնան կասկածելի բարձր եկամուտներ առաջարկող կազմակերպություններից»։

Oragir.news-ը դիմեց ՀՀ ոստիկանությանը և Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյոք այս կազմակերպության գործունեությունը հայտնվել է իրավապահների ուսումնասիրության կենտրոնում։ Թե՛ ոստիկանությունից, թե՛ Գլխավոր դատախազությունից մեր հարցերին պատասխանելու համար առաջարկեցին հարցում ուղարկել։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին