Խոսք Ներքին 4 տարի առաջ - 14:10 05-07-2022

Չարամտություն է կամ սխալ ընկալում, ամեն տարի լինում է. պարզաբանում` Նավասարդ արք. Կճոյանի երթի մասին

Երեկ Երևանի քաղաքապետարանին օրենքին համապատասխան իրազեկում է ուղարկվել։

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.07.2022 թվականի որոշմամբ ի գիտություն է ընդունվել Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի իրազեկումը՝ ս.թ. հուլիսի 23-ին ժ.18.00-ին Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց-Մանկական զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի կայքում զետեղված հաղորդագրությունում։

Հասկանալու համար, թե ինչ երթ է, և ինչու է հենց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ուղղորդում երթը, քանի որ երեկվանից մամուլում լուրեր են տարածվում օգտատերերի կողմից, թե երթը քաղաքական է լինելու, Oragir.news-ը կապ հաստատեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի հետ։

Վերջինս մեզ ասաց․ «Ես, իհարկե, Արարատյան հայրապետական թեմում չեմ, հիմա Մայր Աթոռում եմ, բայց ընդհանուր տեղյակ եմ երթից, որը կապված է Վարդավառի տոնի հետ։ Լրատվամիջոցները վերցրել էին քաղաքապետարանի հայտարարության տեքստը իրազեկման, առանց հասկանալու տարածել են, բայց ամեն տարի այդ նույն երթը լինում է։ Հիմա փոխած է տեքստը, ավելի շտկել են»։

Իսկ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց. «Արարատյան հայրապետական թեմի Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միությունները (ՀԵԵՄ) արդեն երկար տարիներ՝ 2013-2014 թվականներից, իրականացնում են ազգային տոների վերականգնման ծրագիր։ Դրա շրջանակներում տարբեր տոների առիթներով՝ Սուրբ սարգիս, Բարեկենդան, Միջինք, Համբարձման տոն կամ Վարդավառ, կազմակերպում են տարբեր երթեր, միջոցառումներ, ամեն տոնին բնորոշ սովորությունները վերականգնելով՝ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, քանի որ օրենքը նախատեսում է, որ Երևանում երթեր, միջոցառումներ կազմակերպելիս պետք է պատշաճ տեղեկացնել, ծանուցում ուղարկել քաղաքապետարանին։ Այս տարի էլ Նավասարդ սրբազանը՝ որպես թեմի առաջնորդ, քաղաքապետարանին տեղյակ է պահել, որ թեմի երիտասարդները Վարդավառի տոնի նախատոնակին՝ հուլիսի 23-ին, Սուրբ Սարգսից դեպի մանկական զբոսայգի երթ են իրականացնելու՝ իրականացնելով թատերականացված ներկայացումներ, ազգային երգ ու պար, ժողովրդական սովորություններ։ Երթի սկզբում, օրինակ, Նոյ նահապետի և իր ընտանիքը խորհրդանշող կերպարներ են քայլելու, որովհետև Վարդավառը իր ավանդությամբ կապվում է նաև ջրհեղեղի հիշատակության հետ։ Վարդաջրով ջուր են ցողել Մանկական այգում, խնձորի խորոված են անելու՝ ժողովրդական բոլոր սովորությունները փորձելով վերականգնել։

Այս ինֆորմացիան քաղաքապետարանի կայքում հրապարակվել է, որ Նավասարդ սրբազանի նամակի համաձայն ի գիտություն է ընդունվել երթի փաստը։ Չգիտեմ՝ չարամտորե՞ն, թե՞ ուղղակի սխալ ընկալմամբ մեկը վերցրել ու անվերնագիր էր գրել, որ երթը Նավասարդ սրբազանն է անելու․ նման բան չկա։ Երթը կազմակերպում են երիտասարդները՝ Նավասարդ սրբազանի օրհնությամբ ու աջակցությամբ, ու արդեն 2014 թվականից պարբերաբար կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ։ 2020 թվականին՝ կորոնավիրուսով պայմանավորված, իսկ 2021 թվականին՝ հետպատերազմական իրավիճակի պատճառով չենք իրականացրել ոչ մի ծրագիր։ Հիմա երիտասարդները որոշել են վերականգնել ծրագիրը, ու արդեն, օրինակ, Սուրբ Հարության նախատոնակին նորից կանթեղներով երթը իրականացրին, որի ընթացքում երթի մասնակիցները քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ։ Մայիսին, օրինակ, Համբարձման տոնն իրականացրին Թումոյի այգում՝ մեր ազգային երգ ու պարի, ժողովրդական սովորությունների համաձայն։ Հիմա էլ Վարդավառի նախատոնակն ենք անելու։

Քաղաքապետարանի տեքստը, ճիշտն ասած, չեմ հասցրել նայել, մի քանի լրատվամիջոցներում տեսա հրապարակված, դրանք եմ տեսել, իսկ քաղաքապետարանի տեքստի խմբագրումից տեղյակ չեմ։ Ընդհանրապես դա քաղաքական երթ չէ, նամակը պատշաճ կերպով, ոնց օրենքն է նախատեսում, գրվել և ուղարկվել է, որը նրանք ի գիտություն են ընդունում ու հրապարակում քաղաքապետարանի կայքում։ Այնպես որ, ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա, դա ընդամենը Վարդավառի նախատոնակն է, ինչպես արել ենք ամեն տարի Վարդավառի տոնի նախորդ երեկոյան»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:51 Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին