Երեկվանից մամուլում շրջանառվում է այն աղմկահարույց լուրը, որ Ապարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված 7 քաղաքացիներից 3-ը մահացել են, վիրավորներից 1-ի վիճակը ծանր է: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին վիճաբանել են ապարանցի մի խումբ երիտասարդների հետ, ինչի հետեւանքով վերոնշյալ մարդիկ Մաթոսի և Էդգարի բարեկամներն ու ընկերները կալաշնիկովով կրակել են երիտասարդների վրա։
Հետաքրքիրն այն է, որ Ոստիկանությունը դեպքից ժամեր անց արել էր մի հրապարակում զոհերի, կրակոցների և քաղաքական ենթատեքստ չպարունակող գործողության վերաբերյալ, որը, սակայն, բուռն քննադատության արժանացավ․ գրառումը խմբագրվել էր։ Թե ինչով է պայմանավորված ոստիկանության արագ արձագանքը դեպքին, արդյո՞ք չի կորչի քաղաքացիների վստահությունը ոստիկանության նկատմամբ,
Oragir.news-ը այս մասին զրուցել է փաստաբան Վարազդատ Հարությունյանի և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ։
Մեզ հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց. «Իմ աչքով ընկավ խմբագրված մի քանի բան, տեսա, որ խմբագրված է կրակոցների թվի հետ կապված լուրը, այսինքն՝ եզակին դարձրել են հոգնակի, այսինքն՝ դա շատ բուռն հանրային արձագանքի հանգեցրեց, և ստացվում է, որ այդ սպանվածներն ու վիրավորները, ըստ իրենց, եղել են մեկ կրակոցից։ Սա խոսում է նրա մասին, որ այդ հայտարարությունն առաջինը գրվել է ցայտոնտի մեջ, քաղաքական հրահանգ արած՝ արձագանքել վրդովված մարդկանց գրառումներին և ստերով արձագանքել, և քանի որ այդ ստերը բուռն դարձրին արձագանքները, որոնք առաջացնում են ներքին հակասություններ, հետո արդեն ոստիկանությունը հղում է արել շատ ավելի ամոթալի դաշտ։ Սա խայտառակություն է։ Ես վերահաստատում եմ այն պնդումը, որ ինքնին հաղորդագրության այդ խայտառակ բնույթը, սխալները, սխալների ուղղումը հենց դա են փաստում»։
Հարցին, թե արդյո՞ք հանրության շրջանում չի առաջանում վստահության պակաս Ոստիկանության նկատմամբ, Մելիքյանը պատասխանեց. «Ինքնին այդ քննությունը դարձնում է ոչ վստահելի, և սա նշանակում է, որ վարույթ իրականացնող մարմինը, որը ոստիկանությունը չէ, այլ քննչական մարմիններն են՝ հավանաբար Քննչական կոմիտեն, նրանք պետք է ավելի բարձր թափանցիկությամբ աշխատեն, որպեսզի այդ վստահության բացակայությունը և շեշտակի կորուստը, որ այս պահին առկա է իր խայտառակ հաղորդագրությամբ, գոնե մասնակիորեն վերականգնվի։ Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավորի գրառմանը, ով հերքել էր լուրը՝ իր անվան հետ կապված, չեմ կարող դրա վերաբերյալ դատողություն անել, բայց հանցագործն առաջինն է հերքում անում»։
Մեր հարցին, թե ում կողմից է գրվել այդ հայտարարությունը, նա պատասխանեց. «Ես, անկեղծ ասած, ոճաբանական վերլուծության մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ աղբյուրն ամենևին էլ Ոստիկանության կողմից գրառում չէ, այլ քաղաքական իշխանության միջամտությամբ է եղել»։
Փաստաբան Վարազդատ Հարությունյան էլ այս առնչությամբ ասաց. «Խմբագրման պատմությունը հետևյալն է։ Հիմնական և առաջնային նպատակն այն է, որ «քաղաքական ենթատեքստ» գրվածը հերքեին։ Ակնհայտ է, որ Ոստիկանության հիմնական նպատակը հենց դա էր։ Շատ տարօրինակ է, որովհետև Ոստիկանության նմանատիպ հայտարարության համար պետք է ինչ-որ փուլ լիներ, հիմա կա միայն փոխհրաձգության հանգամանքը, իսկ Ոստիկանությունն այդ ի՞նչ կայծակնային արագությամբ է եկել նման եզրահանգման՝ պնդելով, որ քաղաքական ենթատեքստ չի եղել։ Քննությունն իրականացնող մարմինը առաջնային այդ գործողությունները պետք է աներ․ քրեական գործ հարուցվեր ու շատ արագ փոխանցվեր Քննչական կոմիտեին, իսկ Քննչական կոմիտեն արդեն հարցաքննություններ կաներ, տուժածներին կլսեր, եթե ձերբակալվածներ կլինեին, ձերբակալվածներին առերեսումներ կաներ ու ինչ-որ մի հետագա փուլում կկարողանար եզրահանգում անել»։
Հարցին, թե արդյո՞ք վստահության կորուստ առաջանում է հանրության շրջանում Ոստիկանության նկատմամբ, պատասխանեց. «Իհարկե, առաջանում է, որովհետև որ համեմատում ենք այն դեպքերի հետ, երբ, օրինակ, ընդդիմադիր ինչ-որ սկանդալի կիզակետում, այնպիսի կայծակնային արագությամբ չի հերքվում այդ քաղաքական ենթատեքստի բացակայության հանգամանքը։ Ավելին՝ օրինակ նույն մեր գործով՝ Ավետիք Չալաբյանի քաղաքական գործի քննիչ հանգամանքներում, մայիսի իննին Media.news կայքը հրապարակում արեց, որից մեկ-երկու օր հետո հանրային հեռուստատեսությունում հրապարակումներ էին արվել ձայնագրության մեջ նշված հանգամանքների վերաբերյալ։ Ու միանգամից դրան տվել էին քաղաքական ենթատեքստ։ Բայց այս պարագայում, քանի որ իշխանական հետք կա այս ամեն ինչի մեջ, Ոստիկանությունը չի ալարում ու գիշերվա կեսին քաղաքական ենթատեքստը հերքում է։ Իրականում չեմ կարող ասել, թե Ոստիկանության այդ հրապարակումն ով գրած կլինի, էական էլ չի, թե ով գրած կլինի, էականն այն է, որ դա Ոստիկանության պաշտոնական օգտահաշվից է հրապարակվել»։