Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:05 18-06-2022

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը. ՀՀ նախագահը հանդիպել է Պուտինի հետ

Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

ՌԴ նախագահը նշել է. «Ես շատ ուրախ եմ հանդիպման և Ձեզ հետ ծանոթանալու համար։

Հուսով եմ, որ չեք զղջացել, որ եկել եք և մասնակցում եք Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։
Այս միջոցառումը մենք անցկացնում ենք արդեն 25 տարի, համենայն դեպս այն դարձել է ուղենիշ մեր երկրի՝ Ռուսաստանի համար։ Հույս ունեմ նաև մեր գործընկերների համար։

Հայաստանը միայն մեր գործընկերը չէ, այն մեր ռազմավարական դաշնակիցն է, մենք դա գնահատում ենք։ Մենք հասկանում ենք այն ամենը, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Մենք վճռական ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Մենք շահագրգռված ենք, որ երկրում իրավիճակը կայուն լինի և երաշխավորի զարգացում։

Հուսով եմ, որ մեր այսօրվա հանդիպումը նույնպես կնպաստի դրան։
Այնպես որ, ես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ: Բարի գալուստ»:

Նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է. «Երկար ժամանակ առաջ եմ եղել Սանկտ Պետերբուրգում։ Խորհրդային Միության տարիներին շատ էի այցելում, դա 1980-ական թվականներից մինչև 1992 թվականն էր։ Սա առիթ է տեսնելու, թե ինչպես է փոխվել քաղաքը և կարող եմ գնահատական տալ որպես Երևանի նախկին քաղաքապետ և նշել, որ իսկապես քաղաքը շատ լավ տեսք ունի, այսքան մաքուր, այսքան գեղեցիկ է։

Ինչ վերաբերում է Պետերբուրգյան համաժողովին, ես առաջին անգամն եմ մասնակցում, սակայն որպես տնտեսագետ միշտ հետևել եմ և բարձր եմ գնահատել այն, քանի որ տնտեսագիտական առումով շատ հետաքրքիր և կարևոր քննարկումներ են ծավալվում։ Շնորհակալություն հրավերի համար։

Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն։

Ավելորդ եմ համարում նշել մեր պատմական բարեկամության մասին, քանի որ երբ հարաբերությունները եղբայրական են կարիք չկա ասելու՝ դու լավ եղբայր ես կամ դու վատ եղբայր ես։ Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է։

Համոզված եմ, որ մեր հարաբերությունները կզարգանան հետագայում ևս, և մենք պետք է աջակցենք դրան»։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ռուսական օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան