Ներքին 3 տարի առաջ - 10:34 10-06-2022

Հայկական ֆիլմում հնչեցվում են ադրբեջանական քարոզչամիջոցներից հնչող անհիմն մեղադրանքներ. «Հայաստան» հիմնադրամ

«Հայաստան» hամահայկական հիմնադրամն արձագանքել է «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիմնադրամի վերաբերյալ հնչած անհարկի շահարկումներին։

Հիմնադրամի տրածած հայտարարությունում նշվում է.
«Երկիր մեդիա» և USA Armenia (ԱՄՆ) հեռուստաընկերություններով ցուցադրվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում հնչել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին առնչվող անհիմն մտքեր (ընդ որում այն հորջորջելով որպես «Հայաստանի հիմնադրամ»), մերկապարանոց մեղադրանքներ և իմաստազուրկ արտահայտություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև կարող են թյուր կարծիք ձևավորել հայ հասարակության և, մասնավորապես, սփյուռքահայության շրջանում, ինչպես նաև անվստահություն առաջացնել նրանց բնակության և/կամ քաղաքացիության երկրների համապատասխան մարմինների մոտ:

Հասկանալով հանդերձ, որ ֆիլմի տեքստերի հեղինակները կարող են վկայակոչել այսպես կոչված «գեղարվեստական ստեղծագործության» մեջ մտացածին և իրականության հետ աղերս չունեցող մտքեր արտահայտելու իրենց իրավունքը, ուզում ենք ընդգծել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը համազգային նշանակության բացառիկ կառույց է, որի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրա հեղինակությամբ և նրա նկատմամբ ձևավորված վստահությամբ:

Առանց անդրադառնալու գեղարվեստական արժեքով կասկածելի այս ֆիլմում օգտագործվող հայերենի անհարիր բառապաշարին, արտահայտված բովանդակազուրկ մի շարք մտքերին, իրականության խեղաթյուրմանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆիլմի հեղինակներին և դրա ստեղծման ու ցուցադրման հետ առնչություն ունեցող բոլոր անձանց և կազմակերպություններին կոչ է անում անհարկի չշահարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանումը և խուսափել դրա գործունեությունը վարկաբեկող ցանկացած դրսևորումից:

2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով սկսված Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ամբողջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար: Հարյուր հազարավոր մեր հայրենակիցների ֆինանսական և բարոյական աջակցությունն անգնահատելի էր և շարունակվում է մինչև օրս` ուղղվելով Արցախի վերականգնմանը, զարգացմանը, արցախահայության տարաբնույթ կարիքների բավարարմանը, ինչպես նաև Հայաստանի սահմանային համայնքներում իրականացվող բազմաթիվ կենսական ծրագրերին: Չմտածված, ակնհայտ վիրավորական և քաղաքական ենթատեքստ ունեցող նման արտահայտություններն արժեզրկում են պատերազմի ընթացքում և դրանից հետո մեզանից յուրաքանչյուրի ունեցած ներդրումը:

Հիմնադրամի գործունեությունը մշտապես եղել է բաց, թափանցիկ և հաշվետու: Փոխանցված բոլոր միջոցները ծախսվել և ծախսվում են նպատակային և արդյունավետ, ինչը հաստատվել է հեղինակավոր միջազգային աուդիտի եզրակացությամբ:
Ցավալի է, որ հենց հայկական արտադրության ֆիլմում են հնչեցվում սովորաբար ադրբեջանական քարոզչամիջոցներից հնչող անհիմն ու փաստազուրկ մեղադրանքներ։

Մենք վստահ ենք, որ հայ հասարակությունը և մեր միջազգային գործընկերները տիրապետում են ճշմարիտ տեղեկատվությանը և իրական փաստերին, ուստի կրկին անգամ կոչ ենք անում խուսափել Հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունն արատավորող գործեալոճից»:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա