Ես էլ կարող եմ մեր կազմակերպության անունից մի ցուցակ գրել ու նետել հրապարակ, հետո՞ ինչ․ Սեդրակ Մամուլյան
copy image url

Ես էլ կարող եմ մեր կազմակերպության անունից մի ցուցակ գրել ու նետել հրապարակ, հետո՞ ինչ․ Սեդրակ Մամուլյան

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 19:43 07-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Համացանցում տարածում է գտել մի ցուցակ, որում ներկայացված են աշխարհի թոփ 50 երկրների խոհանոցները, որում բացակայում է Հայաստանը։ Այս թեմայի շուրջ Օragir.news-ը զրուցեց հայտնի խոհարար, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հիմնադիր Սեդրակ Մամուլյանի հետ, որը մեզ հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ըստ նրա՝ ինչն է պատճառը, որ հայկական խոհանոցը զիջում է դիրքերը և ընդգրկված չէ այդ ցուցակում, ասաց. «Սա հերթական սադրանքն է, լուրջ բան չկա այստեղ։ Մեր խոհանոցը դինամիկ զարգանում է, և հենց դա հանգիստ չի տալիս թշնամիներին։ Ես էլ կարող եմ մեր կազմակերպության անունից մի ցուցակ գրել ու նետել հրապարակ, հետո՞ ինչ» ,- ասաց Մամուլյանը հավելելով,- «Մենք պայքարում ենք շատ լուրջ կազմակերպված պետական ընկերությունների հետ՝ ադրբեջանական, թուրքական պետական աջակցություն ունեցող, ընդհանրապես մի մեծ կառույցի դեմ ենք պայքարում, նույնիսկ այն աստիճանի, որ այդ մարդիկ շուտ Համաշխարհային խոհարարական ասոցիացիայի են անդամագրվել, բացի դրանից ամեն բան արին, որ մենք չանդամագրվենք, բայց արդեն մոտ ենք անդամագրվելուն այս կազմակերպությանը, այդ ուղղությամբ ամենինչ անում ենք»,- ասաց Մամուլյանը։

Մեր այն հարցին, թե ինչ է պատճառը, որ Հայաստանը ընդգրկված չէ այդ Համաշխարհային խոհարարական ասոցիացիային, Մամուլյանն ասաց. «Այս ամենը շատ խորքային պատմություն ունի և գալիս է Սովետական միության ժամանակաշրջանից։ Օրինակ՝ տեսեք, Սովետական միության ժամանակաշրջանում Ադրբեջանը, Ուզբեկստանը, Վրաստան և մնացածը պետականորեն ամրագրել են իրենց խոհանոցը, մենք չենք արել։ Այսինքն՝ պետությունն ասել է՝ սա իմ մշակութային ժառանգությունն է, այս կերակուրը իմն է և այլն»։

Մամուլյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք այնքան հետ ենք ընկել, որ հիմա կամաց-կամաց, քայլ-քայլ առաջ ենք գնում։ Մենք ամեն միջոց գործի ենք դնում՝ Տոլմայի փառատոն, Խորովածի փառատոն, Տոնածիսական կերակուրների փառատոն։ Մենք արդեն երիտասարդներ ունենք աշխարհի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն և այլն, և այլն։ Հիմա կարող է մեկը մի ցուցակ տպագրի, որ ճիշտ չլինի, բայց ես կարող եմ հուշել՝ 2018 թ․ ցուցանիշներով Հայաստանը հինգ առաջատար երկրների մեջ էր դրվել խոհարարական իմաստով՝ որպես ավելի կայացած և ավելի համեղ կերակրատեսակների ցանկով (500-ից ոչ պակաս երկրների ցանկում)։ Այս ցուցակը կազմվելիս հաշվի է առնվել զբոսաշրջիկների գրավչությունն ու հետաքրքրությունը»։

Նորից անդրադառնալով ցուցակին՝ Մամուլյանն ասաց. «Մենք ամեն անգամ պայքարի մեջ ենք և պայքարելու ենք միշտ, ոչ մի անգամ հետքայլ չենք անելու։ Տեսեք՝ որտեղից այդ ցուցակը ով է տպել, հո ասելո՞վ չի։ Հիմա թող գրեն՝ ինչ է եղել....։ Մենք ունենք հստակ տոնածիսական համակարգ, որ իրենք չունեն, մենք ունենք 120 մշակված կերակուր վայրի ուտելի բույսերից։ Մենք ունենք կազմակերպություն, որը ներկայացված կլինի համաշխարհային ասոցիացիայում և ընդհանրապես, կամաց-կամաց գնում ենք առաջ։ Անկեղծ ասած՝ ինձ այդ ցանկը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ մենք անցած տարի օլիմպիական առաջնության ժամանակ Հնդկաստանում մի անվանակարգում հաղթող երիտասարդ շեֆ-խոհարարների ունենք։ Ինձ դա ավելի է հետաքրքրում, քան թե ինչ-որ մեկի կազմած ցուցակը։ Ադրբեջանը իր ղեկավարութամբ ասում է՝ Հայաստան գոյություն չի ունեցել, հիմա ի՞նչ անենք, հավատա՞նք։ Կամ տոլմայի մասին ամբողջ համացանցում գրված է, որ թուրքական է, այդ թվում նաև հայերն են գրում, որ թուրքական է, ինչ անե՞նք, նստենք լացե՞նք։ Այսօր Տոլմայի փառատոն ենք անում, ծիծաղում են մեր վրա։ Մարդիկ կան, որ ասում են՝ դա ինչ է, որ անում եք»,- ասաց Մամուլյանը