Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոր Քրեական օրենսգիրքը։ Դրանով արմատապես փոխվում է քրեական իրավունքի մասին պատկերացումը։
Շատ մասնագետներ տվել են իրենց գնահատականը նոր օրենսգրքի վերաբերյալ, սակայն
Oragir.news-ը փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի հետ առանձնացրել է զավեշտալի մի քանի հոդվածներ, մասնավորապես.
ՔՕ 262 հոդվածով նախատեսվում է պատիժ` այսպես ասած, կոմունալների հաշվիչի ցուցմունքը կեղծելու համար. «Ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցին ապօրինի միացում կատարելը կամ ուրիշին պատկանող բնական գազի, նավթի, ջրի խողովակաշարին կամ էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցի չափման համար նախատեսված սարքի ցուցմունքն ապօրինի փոխելը կամ դրա բնականոն աշխատանքը խաթարելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»։
Ղարագյոզյանը նշեց, որ առաջին անգամ քրեական պատասխանատվություն է նախատեսվելու իրավաբանական անձանց նկատմամբ. «Սակայն իրավաբանական անձանց նկատմամբ նախատեսված դրույթներն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից։ Կան նաեւ նոր կատեգորիաներ, որոնք նախկինում նախատեսված չեն եղել Քրեական օրենսգրքով, որոնցից են ազատության սահմանափակումը։ Այն նախատեսվել է որպես հիմնական պատժատեսակ, որը կկիրառվի ավելի ուշ՝ 2023-ի հուլիսի 1-ից։ Իմ կողմից նշված ազատության սահմանափակումը որպես պատիժ նախատեսում է դատապարտյալին, առանց ուսումնառությունից կամ աշխատանքից կտրելու, տնային պայմաններում հսկողության տակ պահելը, կարելի է ասել` սա արտասահմանյան իրավունքից հայտնի տնային կալանքի տակ պահելու պատժատեսակի տարատեսակն է` ավելի լայն մեկնաբանմամբ։ Ազատության սահմանափակումը կիրառելի է միայն ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություներ կատարելու դեպքում։ Հետաքրքիրն այն է, որ դատարանը, նշանակելով ազատության սահմանափակման պատիժ, կարող է արգելել հանցանք կատարած անձին այցելելու ժամանցային կամ այլ հաստատություններ, կազմակերպելու, մասնակցելու կամ այցելելու որոշակի միջոցառումների կամ կոնկրետ ժամերի բացակայելու տանից: Լրացվել է նաև նոր պատժատեսակ, որը կոչվում է կարճաժամկետ ազատազրկում, ըստ էության՝ դա նույն պատժատեսակն է, ինչ նախկինում նախատեսված էր քրեական օրենքով /խոսքը գնում է կալանքի՝ որպես պատժատեսակի մասին/, որը սակայն գործնականում չէր կիրառվում՝ ՀՀ-ում կալանատներ ստեղծված չլինելու պատճառով։ Դա դատապարտյալին խիստ մեկուսացման պայմաններում անազատության մեջ պահելն է 15 օրից 2 ամիս ժամկետով»։
Գոյություն ունի նաև նոր հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 451-րդ հոդվածով, այն վերաբերում է «բռնի անհետացմանը»։ «Բռնի անհետացումը» պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելն է, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս»։
Ըստ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանի՝ նոր ՔՕ-ով «վաշխառությունն» ապաքրեականացվել է. «Վաշխառություն» կատարելու համար որպես հանցավոր արարք մինչ այդ քրեական պատասխանատվություն է նախատեսված եղել, այն իրենից ներկայացնում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկից ավել տոկոսադրույքով պարտքով գումար տալը, ժողովրդի լեզվով ասած՝ «տոկոսով փող տալն է», որը քրեական նոր օրենսգրքով այլևս հանցավոր արարք չի հանդիսանում։