Շվեդիայի գահի ժառանգորդը՝ թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան, երեխաների և ամուսնու՝ արքայազն Դանիելի հետ միասին, հայտնվել է Շվեդիայում ազգային անկախության օրվա տոնակատարությանը՝ ավանդական կապույտ և դեղին տարազով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Թագաժառանգ Արքայադուստր Վիկտորիան և նրա դուստրը՝ 10-ամյա Էսթելը, կրել են Sverigedräkten ազգային շվեդական զգեստը՝ բաղկացած սպիտակ վերնաշապիկից կամ բլուզից, շվեդական դրոշի գույները խորհրդանշող կապույտ կամ դեղին կիսաշրջազգեստից։ Վեստերգեթլենդի դքսուհին տեսքն ամբողջացրել է գլխաշորով, ինչը նշանակում է, որ նա ամուսնացած է։ Արքայազն Դանիելն ու 6-ամյա արքայազն Օսկարը դասական կապույտ կոստյումներ են կրել։
Շվեդիայում հունիսի 6-ին նշում են երկրի Ազգային օրը՝ ի պատիվ այս օրը տեղի ունեցած երկու պատմական իրադարձությունների. 1523 թվականի հունիսի 6-ին Գուստավ Վազան ընտրվեց թագավոր, իսկ 1809 թվականին երկրում ընդունվեց նոր սահմանադրություն։ 2005 թվականին այս օրը դարձավ պետական տոն։
Ամեն տարի Շվեդիայի թագավորն ու թագուհին մասնակցում են Սկանսենում՝ Ստոկհոլմի բացօթյա թանգարանում տեղի ունեցող արարողությանը, որի ժամանակ հանդիսավոր կերպով բարձրացվում է շվեդական դրոշը, իսկ գյուղացիական ավանդական տարազներով երեխաները ամառային ծաղիկների ծաղկեփնջեր են նվիրում թագավորական զույգին։ Այս օրը տոնական մթնոլորտում անձնագրեր են տրվում երկրի նոր քաղաքացիներին։