Ներքին 3 տարի առաջ - 19:21 06-06-2022

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի կողմից համայնքային հողերն օրենքի խախտումներով օտարելու դեպքեր

Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների՝ ընթացիկ մշտադիտարկումների արդյունքում հայտնաբերվել են Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձանց կողմից մի քանի դեպքերով համայնքային հողերն օրենսդրության պահանջների խախտումներով օտարելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության․

Երևանի նախկին քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա և 2011թ. հուլիսի 29-ի N 3840-Ա որոշումներով Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում գտնվող 51.6 քառ․ մետր մակերեսով կառույցը (25.6 քառ․ մետր մակերեսով շինություն, 26 քառ․ մետր մակերեսով ծածկոց) և նրա համար առանձնացված 1997.28 քառ․ մետր մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով՝ 387.150 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Մ.-ին:

Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշմամբ սահմանված 30-օրյա ժամկետում վճարումը չկատարելուց հետո՝ նույն որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից հաշվարկած 60 օր անց, ՀՀ կառավարության որոշման անմիջական կարգավորմամբ արդեն իսկ ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման մեջ՝ 8 ամիս անց Երևանի քաղաքապետը 2011թ. հուլիսի 29-ին N 3840-Ա որոշմամբ կատարել է փոփոխություն, որով սահմանվել է՝ վճարման նոր 30-օրյա ժամկետ, որը Լ.Մ.-ի կողմից նույնպես խախտվել է՝ վճարումը կատարելով փոփոխության կատարման պահից 78-րդ օրը։

Երևանի նախկին քաղաքապետի 2011թ. հոկտեմբերի 28-ի N 5168-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետի խորհրդականին վերապահվել է ուժը կորցրած Երևանի քաղաքապետի 2010թ. նոյեմբերի 15-ի N 5306-Ա որոշման հիման վրա՝ հողամասի գնորդի հետ առուվաճառքի պայմանագիր կնքելու լիազորություններ։

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորք տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 2011թ. դեկտեմբերի 27-ին անշարժ գույքի նկատմամբ Լ.Մ.-ի սեփականության իրավունքը ենթարկվել է պետական գրանցման ու տրվել է սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական, այնինչ իրավահավաստող փաստաթղթերն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով պետական գրանցման վարույթը պետք է դադարեցվեր։

Երևանի նախկին քաղաքապետի 2017թ. նոյեմբերի 10-ի թիվ 4009-Ա որոշմամբ քաղաքացի Ա.Ս.-ին ուղղակի վաճառքով առանց կառուցապատման իրավունքի 7.611.912 ՀՀ դրամով օտարվել է կառուցապատման առաջին գծում՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 20/1 հասցեում գտնվող 462քմ մակերեսով հողամաս, մինչդեռ հողամասն օտարելիս ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիմքն առկա չի եղել, այսինքն՝ հողամասը պետք է վաճառվեր հրապարակային սակարկության՝ աճուրդի եղանակով:

Պարզվել է նաև, որ օտարված հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 16.500 դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ կառուցապատման երկրորդ գծում գտնվող մեկ այլ՝ 237.99քմ մակերեսով հողամասը նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 32.4 հազ. դրամով, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել արժեքով:

Հարկ է նշել, որ առանց կառուցապատման իրավունքի՝ օրենսդրության պահանջների խախտումով օտարված վերը նշված հողամասի վրա հետագայում իրականացվել է շինարարություն և ներկայումս գործում է սրճարան, նախաճաշի և ուշ նախաճաշի համար նախատեսված ռեստորան:

Երևանի նախկին քաղաքապետի 2018թ. հունվարի 22-ի թիվ 145-Ա որոշմամբ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող 54.0քմ մակերեսով հողամասը, գտնվելով բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման բակային հատվածում և հանդիսանալով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի սահմանափակումների տակ ընկնող հողամաս, ուղղակի վաճառքով՝ 2.106.000 ՀՀ դրամով օտարվել է քաղաքացի Լ.Ե.-ին:

Պարզվել է նաև, որ քաղաքային իշխանության կողմից ոչ միայն անտեսվել է հողամասի ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների մեջ գտնվելու հանագամանքն, այլ բացակայել են նաև հողամասն ուղղակի վաճառքով օտարելու ՀՀ կառավարության որոշման հիմքերը:

Հարկ է նշել, որ ուղղակի վաճառքով օտարված հիշյալ հողամասի մեկ քառակուսի մետրի արժեքը կազմել է 39.000 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ տվյալ հողամասին հարակից՝ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մեկ այլ հողամաս նույն ժամանակահատվածում մասնավոր սեփականատիրոջ կողմից վաճառվել է մեկ քառակուսի մետրը 230.700 ՀՀ դրամով, այսինքն՝ շուրջ 5.9 անգամ ավել արժեքով:

Գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ են տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ, որոնց հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին՝ Երևանի քաղաքապետարանում իրականացված մշտադիտարկումների ընթացքում հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»