Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:54 25-04-2022

Հակոբ Արշակյանն ընդունել է Սիրիայի խորհրդարանի պատվիրակությանը․ անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ հայ ժողովուրդն ամենաջերմ զգացումներն է տածում Սիրիայի նկատմամբ, որի հետ մեզ կապում են պատմամշակութային ընդհանրություններն ու դարավոր ջերմ բարեկամությունը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ճակատագրական նշանակություն է ունեցել. Սիրիայի բարեկամ ժողովուրդն օգնության ձեռք է մեկնել Ցեղասպանությունից մազապուրծ հարյուր հազարավոր հայորդիների:

«Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ ԱԺ փոխնախագահը շեշտել է, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատերազմում ներգրավել էր վարձկաններ Սիրիայից և տարածաշրջանի այլ պետություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Թեև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անցել է տևական ժամանակ, սակայն իրավիճակը շարունակում է փխրուն մնալ: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ վտանգելով տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը»,- ըստ աղբյոեւրի՝ փաստել է Հակոբ Արշակյանը և հավելել, որ Հայաստանը շարունակում է ջանքերը տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Այս տարի լրանում է Հայաստանի և Սիրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանը փոխշահավետ համագործակցության ամրապնդման համատեքստում ընդգծել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը, պատգամավորական բարեկամության խմբերի գործունեությունը: Այս հարցում ԱԺ փոխնախագահը շեշտել է նաև սիրիահայ համայնքի դերակատարությունը և հավելել, որ մեր երկիրը բարձր է գնահատում Սիրիայի իշխանությունների ու ժողովրդի եղբայրական վերաբերմունքը սիրիահայության հանդեպ:

Նշվում է, որ Լյուսի Իսկանյանը ևս կարևորել է երկկողմ հարաբերությունների խորացումը և Հակոբ Արշակյանին ու հայ օրենսդիրներին է փոխանցել Սիրիայի խորհրդարանի նախագահի ջերմ ողջույնները և համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը:

Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ բարեկամության խմբի ղեկավարը նշել է, որ Սիրիան ևս զգացել է ահաբեկիչների իրականացրած գործողությունների հետևանքները: Նա կարևորել է երկու երկրների միջև ստորագրված համաձայնագրերի իրականացումը, ինչը դանդաղել էր սիրիական ճգնաժամի հետևանքով:

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը և ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ևս խոսել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման կարևորությունից, փաստել հայ համայնքի գործուն աջակցությունն այդ հարցում: Ընդգծվել է, որ սիրիահայ համայնքը լիարժեք ներգրավված է երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Կողմերը կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:

Ամենից շատ դիտված

22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան
07:35 Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»․ «Հրապարակ»
18:47 Վարդան Այվազյանի ձերբակալությունը Սահմանադրության փոփոխության այս փուլում միտված է սահմանափակել քննադատական մտքի գոյությունը