Ուղիղ եթեր
Խոսք Ուղիղ խոսք 2 տարի առաջ - 19:56 22-04-2022

Հրաման է եղել չոչնչացնել ոչ մի կառույց. Արցախի ՀԷԿ-երը, ջրամբարներն ու հանքերը անվնաս հանձնվել են

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Oragir.news-ը զրուցել է «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի հետ, ով 44-օրյա պատերազմի օրերին ռազմաճակատում էր:

-Պարոն Վարդանյան, դուք Արցախյան 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակիցներից եք, ինչպե՞ս ընկալեցիք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից մեկը, որտեղ նա ասում է, որ կարող էինք ավելի վաղ կանգնեցնել պատերազմը, և կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի: Վստահ եմ՝ շատ ընկերներ եք կորցրել:

- Միայն ընկերներ չէ, ես նաև հայր եմ կորցրել Ակնայի համար կռվում: Հայրս զոհվել է Ակնայում 1994 թ․: Եթե նայենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա կստացվի, որ Արցախի ազատագրումը նույնպես իզուր է եղել: Ես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ընկալում եմ ամենամեծ սխալն ու թյուրիմացությունը, որը կա այսօր Հայաստանի ներքին քաղաքական դաշտում: Ես դա չեմ ընդունում, դա Հայաստանի Հանրապետության ղեկավարի հայտարարություն չպետք է լինի: Մենք առանց այդ էլ ունենք ծանր իրավիճակ, որտեղ կա պառակտված ժողովուրդ և հիմա նման հայտարարություն անելը նշանակում է, որ ներկայիս իշխանությունները պատկերացում չունեն, թե մեր ներքին քաղաքական դաշտը, որ ուղղությամբ պետք է տանեն: Նիկոլ Փաշինյանը փաստացի ապացուցեց, որ եղել են թերություններ և սխալներ, նաև դավաճանություններ, որոնց համար մինչև օրս ես քայլեր չեմ տեսնում իրավապահ մարմինենրի կողմից: Ես համոզված եմ , որ այն հազարավոր զոհերի հարազատները իրավունք ունեն իմանալու, թե որոնք էին այդ կորուստների պատճառները:

Իմ կարծիքով՝ իրավապահ մարմինները գործ ունենք անելու, և իրավական ու քաղաքական գնահատականը պարտադիր է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, որ հասկանանք, թե խնդիրը որտեղից է գալիս և ովքեր են մեղավորնները, որ կարողանանք հասկանալ պատճառները ու կանխել ապագա թերություններն ու սխալները:

-Նիկոլ Փաշինյանը նաև ասում էր, որ պատերազմը Շուշիի համար էր և պատերազմը չէր կանգնի, քանի դեռ Շուշին չէր հանձնվել:

-Իմ հայրը մասնակցել է Շուշիի ազատագրմանը: Ես երեխա եմ եղել, բայց Շուշիի ազատագրման օրը հիշում եմ: Հիշում եմ, որ շատ մեծ ցնծություն կար ամբողջ Հայաստանում: Այն, որ Շուշիի համար պայքար է մղվում, միանշանակ է, դրանում վստահ եմ, որովհետև Շուշին մեր համար սիմվոլ էր, խորհրդանիշ էր, Արցախի ազատագրման խորհրդանիշն էր Շուշիի ազատագրումը: Թշնամու համար Շուշին նույնն էր, ինչ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Բեռլինը՝ դաշնակից երկրների համար, կամ Մոսկվան՝ Հիտլերի համար: Շուշին պահելը շատ հեշտ էր, ի դեպ, ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր կամավոր են եղել, ինչպես նաև ՊԲ զորամիավորումները, մեծ հնարավորություն ունեին Շուշին ամիսներ շարունակ պաշարված պահելու: Այն, որ Շուշին թշնամին չի վերցրել, ես դրանում վստահ եմ: Իսկ Շուշին տալ թշնամուն, որ պատերազմը կանգնեցնենք, ես սխալ եմ համարում, որովհետև, եթե մենք ևս մի քանի շաբաթ կարողանայինք դիմակայել թշնամու տարբեր երկրների կողմից ուղղորդված վարձկան ահաբեկիչներին, ես վստահ եմ, որ պատկերն այլ կլիներ:

- Շատ է խոսվում փախուստների, դավաճանությունների մասին, արդյո՞ք դա գերակշռող էր:

- Հետաքրքիր մի փաստ արձանագրենք․ ամբողջ Արցախի մասնավոր տնտեսական կառույցները պատկանել են առաձին մարդկանց, գեներալների, վարչապետների, նախագահների և այլն: Ավելի շատ պաշտպանություն է իրականացվել այդ մասնավոր բիզնեսների նկատմամբ, քան դիրքային պաշտպանություն հենց Արցախում: Մենք 3-4 օր էր, ինչ բարձրացել էինք դիրքեր, երբ մեզ մոտեցան մի գնդապես ու մի ավագ լեյտենանտ, մեքենայից իջան՝ սպիտակ գույնի պիկապից, ու ասացին, որ մենք էսինչ մարդն ենք: Մենք ստուգել ենք՝ իսկապես այդ մարդը պաշտպանության բանակից էր, ու ասաց, որ Եղնիկները հանձնված են, դուք պետք է ոտքով իջնեք Մռավի գագաթից:

-Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՚՞ էր:

-Ո՛չ, հոկտեմբերի 4-ին: Ասաց՝ ամեն ինչ ծախված է, վաճառված է, ձեզ խորհուրդ եմ տալիս հեռանալ այստեղից: Մենք չհեռացանք, որովհետև ճանապարհը շատ երկար էր և ոլոր-մոլոր անցնում էր հենց թշնամու դիրքերի կողմից, մեծ հավանականություն կար, որ թշնամին կարող էր մեզ ծուղակը գցել: Ժամը 8-ին կամավորական ջոկատներ մեզ միացան, ու մենք շարունակեցինք դիրքային պաշտպանությունը: Մենք հրաժարվեցիքն հրաման կատարել: Ինձ շատ է հետաքրքրում՝ այդ մարդը, որ հոկտեմբերի 4-5-ին այդպիսի բան էր ասում մեր տղաներին, ովքեր պատրաստ էին կանգնելու և զոհվելու, պաշտպանելու մեր հայրենիքը, այդ մարդը ինչո՞ւ մինչ այսօր կալանավորված չի:

-Գիտե՞ք ով է, ճանաչո՞ւմ եք:

-Այո՛:

-Ինչո՞ւ ցուցմունք չեք տվել։

-Ես բազմիցս դրա մասին խոսել եմ, բայց ոչ մեկը ականջալուր չի եղել։

-Կհնչեցնե՞ք անուն հիմա։

-Ջալալի տեղակալներից մեկն է, ով այս պահին գտնվում է ՀՀ-ում, գլխավոր շտաբում պաշտոն ունի: Եթե չեմ սխալվում, նրա վրա քրեական գործ էլ կա հարուցած: Խնդիրը հենց դրանում է: Մենք չենք պարտվել պատերազմում, հայ ազգը, ժողովուրդը տանուլ չի տվել, սահմանին կանգնած կամավորը, ՄՈԲ-ը, որ շատ են քննադատում, չեն պարտվել: Պարտվել են այն մարդիկ, ովքեր, ըստ էության, իրենց աշխատանքի մեջ թերացել են՝ լինի ռազմաքաղաքական դաշտում, լինի քաղաքական դաշտում, և դա փորձում են բարդել ժողովրդի վրա: Եթե մենք իսկապես կռվող չէինք՝ ինչպե՞ս է 25 հազար մարդ Հայաստանից գնացել Արցախ: Այդ 25 հազարից 18 հազարը, եթե չեմ սխալվում, կամավոր էր: Կամավոր մարդը, եթե գիտակցաբար գնում է կռվելու, հասկանում է, որ ամեն ինչ կարող է լինել: Պատերազմը քաղաքականացրեցին: Պատերազմը սարքեցին ներքին քաղաքական կռվադաշտ: Տղաներին թողեցին անտեր: Կան բազմաթիվ տեսանյութեր, որ ճանապարհին թողնում են տղաներին, բայց նման իրավունք չկա: Եղնիկներում դիրք ունեինք, որտեղ հոկտեմբերի 2-ին 200-ից ավելի զոհ եղավ, 8 ժամ հետո նորից նույն դիրքերը համալրել են, ու նորից զոհեր ենք ունեցել, 3-րդ անգամ էլ չեն համալրել այդ դիրքերը: Մենք հոկտեմբերի 4-ին միայն Մատաղիսի և Եղինիկների շրջանում արդեն ունեինք մոտ 500 զոհ, բայց Հայաստանում խոսվում էր 50-60 զոհի մասին, թերություններ և սխալներ կային, որ ես դավաճանություն եմ համարում:

Մի քանի ամիս առաջ ԱԱԾ-ն 42 անձի էր ձերբակալել, ովքեր 400 դոլարով տեղեկություններ էին վաճառել: Մենք խոսում ենք 400 դոլարով հայրենիքը վաճառողների մասին, համոզված եմ, որ եղել են մարդիկ, ովքեր պատրաստ են եղել նաև 400 մլն դոլարով վաճառել: Տեսեք, ինչն է հետաքրքիր, սլաքներն ուղղում են, որ դավաճանները եղել են ժողովրդի միջից և բանակից, հասարակ ենթասպաներ և սպաներ, բայց չի խոսվում այն գեներալների կամ քաղաքական գործիչների մասին, ովքեր Շուշիում, Ստեփանակերտում, Եղնիկներում, Քարվաճառում, ամբողջ Արցախում ավելի շատ զբաղված են եղել պառակտմամբ ու ատելություն քարոզելով, դիրքեր հանձնելով, քան պատերազմ վարելով:

-Դիրքերը հանձնո՞ւմ էին:

-Այո՛:

-Թե՞ չէին կարողանում պահել:

- Ո՛չ, հանձնում էին: Կային տեղեր, որտեղ զենք-զինամթերքը այնքան շատ էր, որ գերազանցում էր ստորաբաժանումների անձնակազմին՝ 1-ին 10 հարաբերակցությամբ: Այսինքն, մեկ զինվորին հասնում էր 10 ավտոմատ կամ նռնակ, բայց դիրքեր կային, որ անգամ կապի միջոց չի եղել, մենք նռնակ չենք ունեցել, մեզ նռնակ չեն տվել: Առաջին կրակոցը, որ ես իրականացրել եմ ընդդեմ յաշմայի իմ տղաների հետ, ես ունեցել եմ 1 ցինկի պատրոն՝ 36 հոգու համար: 40 փամփուշտ եմ ունեցել, ավել չեմ ունեցել, չեմ ունեցել կապի միջոց, նռնակներ, հետևությունը թողնում եմ ձեզ:

-Այն հատվածը, որ եղել է Ձեր ջոկատի վերահսկողությն տակ, հանձնվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով։ Հատկանշական է, որ այդ հատվածներում, այդ թվում՝ Մատաղիսում բավական ենթակառուցվածքներ կային , որոնց մասին և դուք նշեցիք: Ինչո՞ւ այդ ենթակառուցվածքները, օրինակ, ջրամբարները, դրանց վրա կառուցված ՀԷԿ-երը չէին ոչնչացվում հանձնվելուց առաջ: Մի առիթով ասել եք, որ նաև դիրքեր և պաշտպանական ենթակառուցվածքներ էին հանձնվում, ինչո՞ւ հանձնվելուց առաջ դրանք չէի ոչնչացվում:

-Կային օդից կախված լուրեր, որ դրանք պատկանում են Արցախի վարչակազմին, կառավարական վարչակազմին և գեներալներին, այսինքն, մարդկանց, ովքեր ղեկավարում էին Արցախը: Ըստ Ջալալ Հարությունյանի տեղակալի՝ պտտվում են լուրեր, որ կան պայմանավորվածություններ հենց Ադրբեջանի հետ, որ դրանք չպետք է ոչնչացվեն․ ո՛չ ջրամբարները, ո՛չ ՀԷԿ-երը: Դրանք պետք է ամբողջովին հանձնվեն Ադրբեջանին: Այսինքն, տերերը, ում պատկանում էին այդ ենթակառուցվածները, իրենք վաճառել էին դա, արդեն իրենց գումարը ստացել էին, պայմանավորվածություն կար, որ դրանք պետք է հանձնվեին Ադրբեջանին ամբողջությամբ, ինչը տեղի ունեցավ նաև Արցախի հարավում: Այնտեղ նույնպես ՀԷԿ-եր ու ջրամբարներ կային, որոնք նույնպես ամբողջությամբ հանձնվեցին, չպայթեցվեցին:

Դրանք հանձնվել են՝ ինչպես որ կային, նաև մեր հանքերը: Շատ կարևոր դիրքեր են հանձնվել առանց պայթեցվելու, առանց մինապատվելու, և այդ ամբողջը՝ կուլիսային պայմանավորվածության համաձայն, ըստ օդում կախված լուրերի: Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է աներ հասարակ կամավորը կամ ժամկետային կռվողը, եթե քո դիմաց թշնամին է, հետևում՝ դավաճանը, և դու չես կարող հենվել , հենակետ չունես պայքարի համար:

-Ճի՞շտ եմ հասկանում, որ հրաման է եղել չոչնչացնելու:

-Այո, հրաման է եղել չոչնչացնել ոչ մի նման կառույց, այդպիսի հրաման եղել է, ես դա լսել եմ Արցախում և մեկ մարդուց չեմ լսել, բարձրաստիճան պաշտոնյաներից եմ լսել: Փաստացի եղել է այդպիսի հրաման՝ ձեռք չտալ, նահանջել: Հեռանալ, ով հրաժարվել է հրաման կատարել, մնացել է մենակ, զոհվել է:


Մանրամասները՝ տեսանյութում։