Վերջերս ժողովրդին ուղղված իր խոսքում առաջնորդը փաստում էր, որ ի տարբերություն աշխարհի բազմաթիվ երկրների, այս ամիսներին Հայաստանում որոշ ապրանքատեսակների գծով գնանկում է գրանցվել։ «Արմստատը» հրապարակել է սպառողական գների հերթական՝ հունվար-մարտ ամիսների ինդեքսին վերաբերող տեղեկագիրը, որում պետք է արձանագրված լիներ առաջնորդի նշած գնանկումը։ Ցավոք, համաձայն տեղեկագրի, վերջին ամիսներին Հայաստանում առաջնահերթ սպառման ապրանքների գների առումով ոչ թե անկում չկա, այլ երկնիշ աճ է արձանագրվել։
2022թ. առաջին երեք ամիսներին ունենք սննդամթերքի երկնիշ գնաճ։ Հունվարին ընդհանուր սպառողական գների ինդեքսը կազմել է 7.1%, փետրվարին՝ 6.5%, մարտին՝ 7.4%։ Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում գնաճը կազմել է, համապատասխանաբար, 12.2%, 11.4% և 12.8%։ Գները երկնիշ աճել են անցած տարվա համապատասխան ամսվա համեմատությամբ։ Այս տարվա առումով յուրաքանչյուր հաջորդ ամսին նախորդի համեմատությամբ գնաճը եղել է ավելի համեստ։ Ահավասիկ. սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները հունվարին 2021թ.-ի դեկտեմբերի նկատմամբ աճել են 3.8%-ով, փետրվարին հունվարի նկատմամբ 0.1%-անոց գնանկում է գրանցվել, մարտին՝ 2.3%-անոց գնաճ։ Փաստացի հունվար-մարտ ամիսներին արդեն իսկ ունենք սննդամթերքի 6%-անոց գնաճ։
Հագուստ և կոշիկ ապրանքախմբերի առումով գնաճը երեք ամսվա միջինում կազմել է 9.5%։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի առումով գնաճը հունվարի 2.8%-ից մարտին հասել է 4.9%-ի։ Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկման հետ կապված գներն աճել են 5.4%-ով։ Տրանսպորտի դեպքում առաջին երեք ամիսներին միջին ամսական գնաճը կազմել է 4%, առողջապահության մեջ աճը ամսական ավելի քան 1.5% է։ Հանգստի և մշակույթի ոլորտում գներն աճել են, համապատասխանաբար, 9.6%, 10.1% և 12.0%։ Կրթության ոլորտում՝ ամսական 1.4%-ով։ Ռեստորաններում և հյուրանոցներում՝ ամսական 5.5%-ով։ Բնակարանի վարձավճարը՝ 12%-ով։
Ներկայացնենք առաջնահերթ հետաքրքրության սննդամթերքի գների աճը։ Դրանք հունվար-մարտ ամիսներին կազմել են 12.5, 11.5 և 13.0%։ Հացաբուլկեղենի գներն աճել են 10.1-13.3%-ով, բրնձի գնաճը մարտ ամսին հասել է գրեթե 17%-ի, ալյուրի և ձավարեղենի գնաճը մարտին հասել է գրեթե 17%-ի, հացինը՝ 12.3%-ի, մակարոնեղենինը՝ ավելի քան 18%-ի։ Ընդհանուր ապրանքախումբ միսը թանկացել է 9.7%-ով։ Տավարի ու հորթի միսը՝ վերջին երկու ամիսներին 8-9.1%-ով։ Խոզի մսի գնաճը հունվարին կազմում էր գրեթե 35%, մարտին անկում է գրանցվել՝ հասնելով 26%-ի։ Թռչնամսի պարագայում գնաճային թվերը անհամեմատ համեստ են՝ տատանվում են 6.8-7.5%-ի միջակայքում։ Ձկնամթերքի ու ծովամթերքի դեպքում գնաճը բարձր է 30%-ից։ Թարմ ձկան գները աճել են ավելի քան 36%-ով։ Կաթնամթերքի, պանրի և ձվի առումով բավականին դրական առաջընթաց կա. եթե հունվարին գնաճը 11.4% էր, փետրվարին՝ 9.1, ապա մարտին այն հասել է 7.5%-ի։ Մնացած կաթնամթերքները, անարատ կաթն ու այս խմբի մյուս ապրանքատեսակները թանկացել են միջինում 8-10-12%-ով, պանիր-կաթնաշոռ խմբի մթերքները՝ 17.6%-ով։ Կարագը թանկացել է 10.7%-ով, մարգարինը՝ 13%-ով, շաքարը՝ գրեթե 25%-ով, բանջարեղենն՝ արդեն ավելի քան 40%-ով, կարտոֆիլը՝ մոտ 74%-ով։
Ցավալի ու արդեն վտանգավոր է այն առումով, որ գնաճի բարձր տեմպերը կայունորեն պահպանվում են։ Սննդամթերքը մարտ ամսին միջինում 2.3%-ով թանկացել է փետրվարի համեմատությամբ։ Հացը թանկացել է 3%-ով, մակարոնեղենը՝ ավելի քան 8%-ով։ Միսը՝ գրեթե 1%-ով, տավարի միսը՝ 1.3%-ով, թռչնամիսը՝ 1.5%-ով։ Կաթը ավելի քան 2%-ով, այլ կաթնամթերքները՝ գրեթե 10%-ով, կարագը՝ ավելի քան 4%-ով, շաքարը՝ 8%-ով, և այդպես շարունակ։
Տրամաբանական է, որ թանկացումների մի մասը գործնականում մեզանով պայմանավորված չէ, և այստեղ «ինչ-որ բան անելը», բացի նորմալ մրցակցության պահպանումից, գրեթե անհնարին է։ Բայց վերոնշյալ ապրանքատեսակների կեսից ավելին տեղական արտադրության է, և սրանց գները ներքին զարգացումներով են պայմանավորված։ Մինչդեռ օգտվելով իրադրությունից՝ իշխանությունները փորձում են դրանք խցկել միջազգային զարգացումների տրամաբանության մեջ։ Կարտոֆիլի 80%-անոց, բանջարեղենի 40%-անոց թանկացումները ինչ կապ ունեն համաշխարհային զարգացումների հետ։ Մսի 70-80%-անոց ինքնաբավության մակարդակ են ցույց տալիս, ու հիմա երբ գները թռցրել են, բացատրում են ռուս-ուկրաինական պատերազմով։ Նույնը՝ կաթնամթերքի ու մյուս ապրանքատեսակների պարագայում։
Իրավիճակը վերլուծելու փոխարեն՝ սրանք «գտել» են ամենահեշտ միջոցը. ամեն ինչ բարդել աշխարհում ընթացող զարգացումների վրա։ Նման մոտեցման դեպքում թանկացումները շարունակվելու են։ Նախկինում 32-35 հազար հա-ի վրա էր կարտոֆիլ մշակվում, վերջին տարիներին ցանքատարածությունները նվազել, հասել են 20 հազարի հա-ի։ Արդյունքը տեսնում ենք։ Հիմա վիճակագիրները որքան էլ կեղծ թվեր ներկայացնեն, այդ ցանքատարածությունները չեն աճելու, որովհետև ոռոգման ջուրը, որ չեն կարողանում մատակարարել, պատերազմի հետ կապ չունի, ու այդ ուղղությամբ ոչինչ չի արվում։ Պարարտանյութ չկա, ու ինչպես համոզվեցինք, այդ ուղղությամբ ոչինչ չեն ուզում անել։ Մինչդեռ բերքի 25-30%-ը պայմանավորված է սելիտրայով։ Թունաքիմիկատների, դիզվառելիքի առումով նույն մոտեցումն է։ Բացարձակապես նույն մոտեցումն է անասնակերի առումով։ Չկա անասնակեր, կաթնամթերքի, մսամթերքի, ձվի արտադրության անկում է լինելու ու գնաճ։ Նման սննդամթերքների թվարկումը երկար կարելի է շարունակել։ Դրանից ոչինչ չի փոխվի։ Պարզապես «սրանց բախտը բերել է», որ երեկ աշխարհում կորոնավիրուս էր, այսօր՝ պատերազմ, ու իրենց չկայացածությունը հիմա էլ դուրս են գրում պատերազմի վրա։
Վարդան Մսրյան