Ավարտվել է ապրիլի 1-ից մեկնարկած Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, որը նպատակ ուներ բարձրացնել երեխաների՝ գրքի ու ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, ճանաչել մեր կողքին ապրող ու ստեղծագործող գրողներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը:
Շաբաթի շրջանակում գրադարանում կազմակերպվել են ցուցահանդեսներ, ցերեկույթներ, գրքի քննարկումներ, հայ ժամանակակից գրողների հեքիաթների շուրջ հեքիաթապատումներ, երաժշտական ունկնդրումներ, ինտերակտիվ խաղեր ու թատերական ներկայացումներ:
Գրադարանում տոնել են տարվա հոբելյարների՝ մանկագիր Յուրի Սահակյանի 85 ու գուսան Շերամի 165-ամյակները: Այս տարի լրանում է նաև ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջ» գրքի 180-ամյակը, որի շրջանակում գրադարանում անցկացվել է գրքի տեսությունը։
Ապրիլի 7-ին տեղի է ունեցել Մայրության և գեղեցկության օրվան նվիրված ցերեկույթ, որի ժամանակ գրադարանի ակտիվ ընթերցողները կատարել են մայրերին նվիրված երգեր, ընթերցեցին բանաստեղծություններ, բեմադրեցին թատերական ներկայացում: Շաբաթի ընթացքում կազմակերպվել է այցելություն Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն, որտեղ հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում ծառատունկ է իրականացվել:
Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթի փակումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին, որի շրջանակում կազմակերպված գրական ցերեկույթին հրավիրվել էին ժամանակակից հայ մանկագիրները՝ ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր Ա. Վարդանյանը, Ս. Ղազարյանը, Օ. Դարյանը, Ա. Հովսեփյանը և Մ. Սարգսյանը: