Oragir.News-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի միակ դպրոցի օպտիմալացման հարցը մեկ տարով հետաձգվել է։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ թեև վերջին շրջանում հարցի շուրջ հանրային լռություն էր տիրում, այնուամենայնիվ, կուլիսներում գործընթացը կանգ չի առել։ Իրավական հրամանը դեռ ստորագրված չէ, բայց հարևան Շվանիձոր համայնքում, որտեղ կառուցվում է կրթահամալիրը, վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և այնտեղ հատուկ նոր գույք է ստացվել՝ հենց Ալվանքի դպրոցի աշակերտներին ընդունելու համար։
Հիշեցնենք, որ դեռևս մեկ տարի առաջ
Oragir.News-ն
ահազանգել էր այս խնդրի մասին՝ ներկայացնելով բնակիչների ու ծնողների մեծ մտահոգությունները։
Այն ժամանակ 200 բնակիչ ունեցող Ալվանքում մարդիկ հստակ հայտարարում էին՝ «Աստված մի արասցե, եթե դպրոցը փակվեց, մենք բնակավայրում չենք մնալու, գյուղը դատարկվելու է»։
Տեղացիները, որոնց մի մասը 35 տարի առաջ Սումգայիթյան կոտորածներից մազապուրծ փախել ու այստեղ էր տուն դրել, տարակուսում էին՝ ո՞ւր գնան հիմա։ Նրանց խոսքով՝ իրենք 35 տարի «քարը հող են դարձրել, ծառ տնկել», որպեսզի իրենց երեխաների ապագան սահմանին ապահովեն։
Ալվանքն ունի 40 աշակերտ, 13 մանկապարտեզի սան և 15 չամուսնացած երիտասարդ տղա, ինչը փաստում է, որ գյուղն ապրող ու աճող է, բայց դպրոցի փակմամբ կփակվի նաև մանկապարտեզը։
Խնդրի առնչությամբ
Oragir.News-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ խնդրելով հստակ պարզաբանել դպրոցի փակման ժամկետներն ու հիմնավորումները, ինչպես նաև հարցրել էինք՝ նախատեսո՞ւմ է արդյոք նախարարը հանդիպել ալվանքցիներին։
Որևէ կոնկրետ ժամկետ կամ Ալվանքին վերաբերող ուղիղ պատասխան չկար․ փոխարենը երկար-բարակ ներկայացված էր «մինչև 2030 թվականի կրթության պետական ծրագիրը» և խոստացվում էր, որ նոր ձևավորվող «կենտրոն դպրոցների» համար կգնվեն տրանսպորտային միջոցներ, երեխաներին բնակավայրից բնակավայր տեղափոխելու համար, ու կնորոգվեն ճանապարհները։
Ավելին՝ ուսուցիչները նշում էին, որ պատասխանատուների հետ խոստացված քննարկումն այդպես էլ չկայացավ, և նախարարության ներկայացուցիչները խուսափեցին տեղի կոլեկտիվի հետ ուղիղ երկխոսությունից։
Մեկ տարի անց
Oragir.News-ը կրկին կապ հաստատեց Ալվանքի բնակիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է տիրում գյուղում այսօր։ Եթե մեկ տարի առաջ բնակիչները պատրաստ էին ծայրահեղ քայլերի, ապա այսօր պատկերն այլ է։
Երկարատև անորոշությունն ու պետական համակարգի ճնշումն արել են իրենց գործը. ծնողները հոգեբանորեն արդեն հաշտվել են դպրոցների միավորման ու երեխաներին տեղափոխելու մտքի հետ, քանի որ հասկանում են՝ «համակարգը սա է», և իրենց ձայնը տեղ չի հասնում։ Սակայն սա չի նշանակում, որ մտահոգությունները փարատվել են։
Ալվանքից Շվանիձոր մեքենայով մոտ 10 րոպեի ճանապարհ է, բայց այն անցնում է վտանգավոր ոլորաններով։ Որոշ ծնողներ արդեն բարձրաձայնում են, որ եթե դպրոցը փակվի, իրենք երեխաներին ոչ թե Շվանիձոր, այլ միանգամից Մեղրի քաղաքի դպրոց կտանեն։ Ամենաանորոշ վիճակում հայտնվել է դպրոցի մանկավարժական կազմը։
Թեև կան լուրեր, որ միավորման դեպքում հաստիքները կպահպանվեն, սակայն առավել իրատեսական է համարվում այն տարբերակը, որ երկու դպրոցների միավորումից հետո բոլոր ուսուցիչների միջև անցկացվելու է ներքին մրցույթ։ Սա նշանակում է, որ նույն առարկայի ուսուցիչները պետք է մրցեն միմյանց հետ, և նրանցից մեկը անպայման դուրս է մնալու համակարգից։
Ամենացավալին այն է, որ Ալվանքի միջնակարգ դպրոցի ուսուցիչների մեծ մասը բարձր ցուցանիշներով անցել են պետության կողմից սահմանված կամավոր և պարտադիր ատեստավորումները։ Իսկ թե ինչ ճակատագիր է սպասում նրանց, դեռևս անորոշ է։
Հասմիկ Մովսիսյան