Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր 24TV-ի եթերում խոսեց անցնող շաբաթվա ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադարձությունների մասին:
Անդրադառնալով այն խնդրին, թե արդյոք փակված է Արցախի հարցը՝ որպես միջազգային հարաբերությունների հարց, Ղազարյանն ասաց. «Արցախի հարցը գոյություն ուներ այն ժամանակ, երբ եղել են կոնֆլիկտ և բանակցություններ դրա շուրջ: Հիմա, ըստ էության, Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ գոյություն չունեն, ինչո՞ւ, որովհետև բանակցություններ կարող են լինել այն ժամանակ, երբ կան հակադիր կարծիքներ, այսինքն՝ երբ կան երկու տարբեր կողմեր, որոնք ունեն միմյանցից տարբեր կարծիքներ, և նրանք գնում են բանակցությունների՝ այդ կարծիքները մոտեցնելու և հնարավոր լուծումներ գտնելու համար: Հիմա, ըստ էության, Արցախի շուրջ բանակցություններ չեն կարող ընթանալ, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի տեսակետները նույնն են կամ գրեթե նույնը»:
Վկայակոչելով այն փաստը, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի վերաբերյալ Հայաստանի իշխանությունները տարաձայնություններ չունեն, այլ ունեն որոշ հավելումներ, Ղազարյանը նշեց. «Մենք կարող ենք քաղաքականապես, վերլուծական իմաստով, տարբեր դրվագներով դա նկատել, բայց արդեն կա նաև պաշտոնական հավաստիացումը, որ Ադրբեջանի ԱԳՆ-ում ստեղծվել է փաստաթուղթ 5 կետերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ սկզբում Հայաստանի ԱԳ նախարարը, այնուհետև Փաշինյանը հայտարարել են, որ սկզբունքային առարկություններ չունեն: Նույնիսկ չեն ասել, որ առաջին կետին համաձայն չեն կամ երրորդ կետի նկատմամբ վերապահում ունեն, առաջարկում են ևս երեք կետ: Չկա նման բան: Իրենք ունեն նույն տեսակետները»:
Մանրամասները՝ տեսանյութում