Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:38 09-04-2022

Փաշինյանն անձամբ է միջնորդությունները գրել, իր հասցեն էլ նշել՝ Կառավարական տուն

Մոտ մեկ տարի առաջ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Oragir.news-ը տեղեկացավ, որ դատավոր Ռուբեն Բունիաթյանը մերժել է Վերմիշյանի հայցն ընդդեմ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ Վերմիշյանը Փաշինյանից պահանջում էր հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։

Վերմիշյանի ներկայացուցիչ Անի Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ Վահագն Վերմիշյանը ժամկետ է բաց թողել դատական պաշտպանության դիմելու համար, քանի որ օրենքը թույլ է տալիս մեկամսյա ժամկետ դատարան դիմելու՝ իմանալու պահից. «Նա խնդրել է այդ հիմքով մեր հայցը մերժել։ Մեր կողմից ներկայացվել է առարկություն, որ Վահագն Վերմիշյանը կալանավորված է եղել, զրկված է եղել իմանալու, որ իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Բայց, բնականաբար, դատարանը դա հաշվի չի առել, ինչպես մեր կողմից ներկայացված բազմաթիվ ապացույցներն առ այն, որ կալանավորված անձը չունի համացանցի հասանելիություն, ու մեր հայցը մերժել է»։

Փաստաբանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի վճիռը ստացել են մարտի 15-ին, մեկամսյա ժամկետ ունեն Վերաքննիչ դատարան բողոքարկելու, և հայցվոր կողմը պատրաստվում է բողոք ներկայացնել վերադաս ատյան։ Այս գործով հետաքրքիրն այն է, որ պատասխանող կողմը՝ Նիկոլ Փաշինյանը, դատարանում ներկայացուցիչ չի ունեցել, թեպետ անձամբ դատարան չի ներկայացել, բայց իր ստորագրությամբ միջնորդություններ է ուղարկել դատարան․«Ինձ հասցեագրված երկու միջնորդությունները ստորագրված են Նիկոլ Փաշինյանի կողմից, մեկ միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը մերժի մեր հայցը, երկրորդ միջնորդությունը վերաբերում էր ապացույցներին, որ ինքն արտահայտություններն արել է փետրվարի 5-ին։ Հետաքրքիրն այն է, որ նա դատարանում ներկայացուցիչ չի ունեցել։ Փաստորեն վարչապետն այնքան պարապ է, որ պատրաստ է քաղհայցով անձամբ միջնորդությունները ստորագրի, ավելին՝ կառավարության ծրարներն էլ օգտագործի։ Հասցեն էլ Կառավարական տունն է, մարդը պետության միջոցներն օգտագործում է, բոլոր գրենական պիտույքներից օգտվում է, ավելին՝ սեփական ծանուցման հասցեն, պաշտոնական իր դիրքից ելնելով, նշում է Կառավարական տունը»։

Անի Մուրադյանը նաև նշեց, որ ինքը քրեակատարողական հիմնարկի պետին գրություններ է հասցեագրել, վերջինս էլ պատասխանել է, որ կալանավորված անձինք զրկված են կապի միջոցներից, հասանելի է միայն «Սկայպը»․«Դատարանին ներկայացրել եմ համապատասխան գրությունները, սակայն վերջինս կողմնակալ վերաբերմունք է դրսևորել, որի արդյունքում մերժել է իմ հայցը»։

Նշենք, որ Վահագն Վերմիշյանը տևական ժամանակ է՝ կալանքի տակ է, նա մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։ Պաշտպանական կողմը տեղի ունեցող գործընթացը գնահատում է որպես քաղաքական հետապնդում. նա ունի նաև մի շարք առողջական խնդիրներ։

Փաշինյանը Վերմիշյանի մասին կառավարության նիստին մասնավորապես ասել էր․ «Վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է, օրինակ, վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարարի» կոչում ստանալու հարցում աջակցելու համար վերցնել 5 հազար դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին «Վաստակավոր շինարարի» կոչում շնորհելու վերաբերյալ»։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան