«Շիշ բռնողից», «պիպետկա հավաքողից» ու «թափ տվողից» մինչև խաղաղության պայմանագիր
copy image url

«Շիշ բռնողից», «պիպետկա հավաքողից» ու «թափ տվողից» մինչև խաղաղության պայմանագիր

Միտք 3 տարի առաջ - 22:55 30-03-2022
Ժամանակին մի անեկդոտ կար՝ վատ վարքի տեր, լպիրշ մկան ու նրան բռնած ցինիկ կատվի մասին. կատուն ոչ միայն մկան առաջարկած սեքսից է հրաժարվում, այլև զզվելի է համարում նրան ուտելը: Հիմա նման մի անեկդոտ էլ «պտտվում» է սոցցանցերում՝ դևի մոտ հայտնված «շիշ բռնողի», «պիպետկա հավաքողի», «թափ տվողի» և մնացյալի մասին. դևը չի ուզում նրանց հետ նույն անեկդոտում լինել:

Սա Փաշինյանի ու նրա ՔՊ-ական թիմի ողջ «պերճանքն» է՝ մեկը մյուսից «յուրահատուկ»: Օրինակ՝ ՔՊ-ական Արփի Դավոյանն արդարացնում է Սուրեն Պապիկյանի՝ քարոզարշավին մասնակցելը նրանով, որ Պապիկյանը, ըստ նրա, ընդամենը Պաշտպանության նախարար է, ոչ թե ԳՇ պետ, Վահագն Խաչատուրյանը, ինքն իր կարգավիճակից զարմացած, հայտարարում է, որ նախագահն ամենապատասխանատու պաշտոնն է Հայաստանում, նիկոլական ՄԻՊ-ը գնում է Գյումրի, հանդիպում գյումրեցի գերիների հարազատների հետ ու ժպտադեմ ֆոտոշարք հրապարակում Շիրակի մարզպետի հետ՝ դուետով:

Նիկոլ Փաշինյանի թիմի «մարգարիտներից» է նաև Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը, որի տանն իրականացված խուզարկությամբ այս անգամ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ, սակայն նա չի ցանկացել մեկնաբանություն տալ այդ մասին՝ ի տարբերություն նախորդ անգամվա, երբ արդարացել էր, թե սովորություն ունի այգուց կաթուցիչ ու ծխախոտի մնացորդներ հավաքել ու պահել գրպանում:
Այս մարդիկ կան, գոյություն ունեն և իրենց թիմակիցներով տնօրինում են մեր երկրի ճակատագիրը, «դրսերում» ներկայացնում Հայաստանը: Շուտով այս մարդկանց փոքր խումբը պատրաստվում է նաև խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Մեր հայրենիքի 75 տոկոսի ու 5000 տղաների կորստից հետո նրանց երկրորդ անգամ ձայն է տվել 680.000 ընտրող, Վեդիում էլ օրերս հաղթել է ՔՊ-ական կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը: Դրա համար էլ նրանք համոզված են, որ այսքանից հետո վաստակել են մեզ ծաղրելու իրավունքը: Ու քանի զվարճալի անեկդոտ էլ ծնվի, նրանք շարունակելու են անշեղորեն գործել, քանի դեռ հանդուրժելի են և ունեն հետևորդների բանակ: