Երևանի համայնքային 21 գերեզմանատները զբաղեցնում են մոտ 550 հեկտար տարածք: Ներքին Չարբախի, Ավանի, Քանաքեռի և Շահումյան 1 գերեզմանատները համարվում են մասնակի փակ: Այստեղ նոր տեղեր չեն հատկացվում, հուղարկավորություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե տվյալ տարածքում արդեն իսկ կա հարազատի գերեզման: Չնայած օրենսդրական արգելքին՝ որոշ քաղաքացիներ ինքնակամ ընդլայնում են գերեզմատների սահմաններն ու ապօրինի հուղարկավորություններ կազմակերպում:
«Ապօրինի հուղարկավորություններ, ցավոք, երբեմն լինում են: Բոլոր նյութերը մենք փոխանցում ենք իրավապահ մարմիններին: Եղել է անգամ դեպք, երբ հուղարկավորությունն առհասարակ չի թույլատրվել: Կան նաև, այսպես ասած, զավթած հողատարածքներ, դեռևս տարիների վաղեմություն ունեցող, որտեղ հուղարկավորություններ չեն արվել, բայց բետոնապատվել են»,- ասել է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Վահե Խաչատրյանը:
Այսօր համայնքային բոլոր բաց գերեզմանատներում տարածքները տրամադրվում են անվճար և միայն սահմանված չափերով: Տեղերի հատկացմամբ զբաղվում է «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային կազմակերպությունը: Հուղարկավորությունների գրանցման բաժնի պետ Արշակ Մկրտչյանն էլ ասել է, որ հուղարկավորությունները գրանցելու համար,եթե դրանք նոր տեղեր են, անհրաժեշտ է ներկայացնել մահվան վկայականը և գրանցողի անձնագիրը: Իսկ եթե արդեն եղած գերեզմանատներ են, ապա ազգակցական կապը հատատող փաստաթղթերով, օրինակ` ամուսնության վկայականով: Օրենքով մեկ անձի համար գերեզմանատանը նախատեսվում է 2.5/1 չափի հողատարածք, իսկ առավելագույնը՝ 2.5/5 չափի հողատարածք:Տեղն ընտրելու համար քաղաքացիները պետք է հասնեն գերեզմանատուն, որտեղ աշխատակիցները կուղեկցեն և ցույց կտան ազատ տարածքները:
«Մեր ընդերքը քարքարոտ է և ժայռոտ, քաղաքացին ինքն է քանդման աշխատանքներն իր վրա վերցնում, որովհետև մենք չունենք նման միջոցներ, ծառայություններ, այսինքն՝ տրակտորներ: Առաջարկ եմ ներկայացրել, որպեսզի գնման եղանակով ձեռք բերվի տեխնիկա, որպեսզի քաղաքացիներին արդեն բարեկարգված վիճակում տրամադրվի հողատարածք՝ առանց հավելյալ ծախսեր կատարելու իրենց գրպանից: Մեր բանվորային ուժը կարող է փորել միայն այն տարածքները, որտեղ հնարավոր է»,-նշել է Խաչատրյանը:
Երևանի գերեզմանատներում հողահատկացումների ոլորտում իրականացվող չարաշահումները բացառելու նպատակով իրավական փոփոխություններ կնախաձեռնվեն «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում: Խնդիրը վերջերս քննարկվել է Երևան քաղաքի դատախազությունում: Մասնավորապես նախատեսվում է ստեղծվել ծառայություների մատուցման առցանց հարթակ, գումարները ևս կգանձվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այսպես գործընթացը ոչ միայն ավելի թափանցիկ կդառնա, այլև քաղաքացիները կխնայեն ժամանակը:
Oragir.news-ը իրավաբան Գոհար Մելոյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավական հետևանքներ են ունենում ապօրինի հուղարկավորությունները:
«Հայաստանում հուղարկավորություններին վերաբերվող հարցը կարգավորվում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով: Տվյալ օրենքը հստակ կարգավորում է գերեզմանատների, դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է հուղարկավորությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները, այսինքն՝ բավականին մանրամասն ընթացակարգ կա, որը սովորույթի ուժով մենք կիրառում ենք մեր առօրյայում: Եթե արձանագրվում է, որ հուղարկավորության պրոցեսում ապօրինություն է եղել, հաստատված փաստի առթիվ հարուցվում է քրեական գործ: Քրեական դատավարության օրենսգիրքը իր հերթին տալիս է արտաշիրիմում կատարելու հնարավորություն, այսինքն ՝ քննիչը կարող է որոշում ընդունել արտաշիրիմում կատարելու վերաբերյալ, և բնականաբար այդ քրեական գործի շրջանակներում էլ ամբողջ պրոցեսը բացահայտվում է»,- ասաց Գոհար Մելոյանը:
Հարցին, թե ինչ ժամկետներում կարող է ամբողջությամբ բացահայվել ապօրինի հուղարկավորության քրեական գործը, Մելոյանը պատասխանեց. «Կախված առկա փաստերից ու գործի մանրամասներից՝ գործը կարող է բացահայտվել հինգ օրում կամ տարիներ շարունակ ձգձգվել»:
Անահիտ Սվարյան