Միտք 4 տարի առաջ - 10:50 24-02-2022

Երբ մենք զրո ենք ու փուչ, մեր դաշնակիցը դառնում է մեր թշնամու դաշնակիցը

Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի և Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր է ստորագրվում: 43 կետից բաղկացած հռչակագրի հենց առաջին կետը վերաբերվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինչը նշանակում է Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Սա այն կետն է, որն ամենից շատն է ոգևորել Ալիևին՝ անթաքույց ժպիտ ու հրճվանք պարգևելով: Նշվում է նաև ռազմական փոխօգնության մասին, եթե երկու երկրներից մեկի տարածքային անվտանգությունը սպառնում է երրորդ երկիր:

Մեր դաշնակիցը դառնում է մեր թշնամու դաշնակիցը: Ուրեմն մենք այլևս անվստահելի և անհուսալի ենք մեր դաշնակցի համար, որն էլ փորձում է տարածաշրջանում հենվել մեր թշնամու վրա, ում հետ մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Ադրբեջանն ուղղակի իմաստով ներխուժել է մեր սահմաններից ներս՝ ռազմական ուժի գործադրմամբ, և միտք չունի հեռանալու խաղաղ ճանապարհով: Մենք ստիպված ենք լինելու ուժով դուրս մղել, քանի որ սպառնում է ավելի առաջ գալ: Իսկ Երևանում գընվող ադրբեջանցի պատգամավորները պարսկական Կապույտ մզկիթում լուսանկարվում են և գրառում կատարում, որ մզկիթն իրենցն է, որ մի օր իրական տերերը՝ ադրբեջանցիները, վերադառնալու են և աղոթելու մզկիթում: Սա ուղղակի Երևանը գրավելու Ալիևի սպառնալիքների շարունակությունն է: Այս դեպքում Ռուսաստանը ո՞ւմ կողմից է հանդես գալու որպես դաշնակից:

Ռուսաստանի նման երկդիմի խաղը մեր թույլ, անկայուն, անսկզբունք և անհետաքրքիր ու անպետք լինելու հետևանքն ու պատասխանն է: Ոչինչ չներկայացնող երկիր, ինչպես Լուկաշենկոն կասեր՝ ո՞ւմ է պետք Հայաստանը: Մեր իշխանությունները կարողացան հետևողականորեն հարաբերությունները փչացնել և՛ մեր հարևանների, և՛ մեր բարեկամների հետ: Մենք ոչ միայն կորցրեցինք Արցախի մեծ մասը, մեր հաղթանակը, մեր բանակի ուժն ու զինվորին, այլև այն ամենը, ինչը մեզ արժևորում ու կարևորում էր՝ դարձնելով միավոր, որի հետ հաշվի էին նստում: Հիմա մենք զրո ենք ու փուչ: Երկիրը սրան հասցրեցին, մեր միավորը զրո դարձրեցին մեր իշխանավորները: Եթե նախկիններն են մեղավոր, ապա հանուն արդարության նշենք, որ նախկինում ոչ միայն մենք թույլ չէինք տա, այլև որևէ մեկն իրեն թույլ չէր տա մեզ հետ այսպես վարվել:


Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան