Միտք 4 տարի առաջ - 19:28 22-02-2022

Թուրքիան դատապարտում է, Կիևը՝ հրավիրում որպես բանակցային կողմ

Թուրքիայում հակառուսական հիստերիա է բարձրացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը ճանաչելու կապակցությամբ: Փետրվարի 22-ին արտաքին գործերի նախարարության տարածած No: 57 մամուլի հաղորդագրությամբ Թուրքիան կիսվել է ուկրաինական հակամարտության հարցում որդեգրած պաշտոնական դիրքորոշմամբ. «Ռուսաստանի Դաշնության կողմից, այսպես կոչված, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերին, ինչպես նաև ակնհայտորեն խախտում է Ուկրաինայի քաղաքական միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Մենք մերժում և անընդունելի ենք համարում Ռուսաստանի այս որոշումը: Օգտվելով առիթից՝ շեշտում ենք, որ հավատարիմ ենք Ուկրաինայի քաղաքական միասնությանն ու տարածքային ամբողջականության պահպանմանը և շահագրգիռ բոլոր կողմերին կոչ ենք անում ողջամտություն դրսևորել ու հարգել միջազգային իրավունքը»: Սա, ըստ էության, Անկարայի կողմից ՌԴ հասցեին հնչած ամենակոշտ արձագանքն է 2016-ից ի վեր:

Հետխորհրդային տարածաշրջանում ցանկացած հակառուսականություն դրսևորվում է պրոթուրքական ընդգծված վարքագծով, ինչի մասին Թուրքիայում հրաշալի գիտեն և մշտապես քայլեր են ձեռնարկում՝ աջակցելու այն երկրներին, որոնք ցանկանում են թոթափել ռուսական ազդեցությունն ու վարել արևմտականացման քաղաքականություն: Այդպես էր 2008 թվականին ինչպես Վրաստանում, այնպես էլ 2014-ին՝ Ուկրաինայում: Ընդ որում, Վրաստանին և Ուկրաինային միավորել և շարունակում է Թուրքիայի հետ սերտ համագործակցության մղել ոչ թե բարի կամքի դրսևորումը կամ հարգանքը միջազգային իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ, այլ ռուսաֆոբիայով ու աշխարհաքաղաքական կենսական շահերով պայմանավորված պատկերացումները, որոնք, խորքային առումով, ամենևին էլ նույնական չեն: Այդ ընկալումները նույնական են այնքան ժամանակ, քանի որ դեռ Վրաստանն ու Ուկրաինան չլուծված հակամարտություններ ունեն և զգում են Թուրքիայի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, և թե՛ ռազմական օժանդակության կարիքը: Հետևապես կեղծիք և քաղաքագիտական բառամթերքի փաթեթավորում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հայտարարությունն առ այն, թե Թուրքիայի և Ուկրաինայի միջև գործող և ապագայում ստորագրվելիք համաձայնագրերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ և անմիջականորեն չեն առնչվում Մոսկվայի և Կիևի միջև առաջացած ճգնաժամին: Այս և միջազգային արենայում սեփական կշիռը բարձրացնելու հանգամանքով պետք է պայմանավորել Անկարայի ջանքերը՝ ուղղված միջնորդական առաքելությանը, բանակցությունների կազմակերպմանն ու Պուտինին հյուրընկալելու պատրաստակամությանը: Թուրքիայի այս քայլերը պայմանավորված են նաև այն համոզմամբ, որ Ռուսաստանի նպատակը ոչ թե Ուկրաինայի բռնազավթումն է, այլ Մոսկվայի ցանկությունը՝ նոր աշխարհակարգի պայմաններում վերաարժևորելու իր դերը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Ամենևին զարմանալի չէ նաև համանման մեկնաբանությունը Թուրքիայի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի կողմից:

Բայցևայնպես, ուկրաինական ճգնաժամում Թուրքիային գործոն դարձնում է Կիևը և ոչ թե թուրքական իշխող էլիտան: Ասվածի ցայտուն օրինակ է այն հանգամանքը, որ Թուրքիայի ԱԳ նախարարության հայտարարությունից առաջ Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան Բրյուսելում հայտարարել էր, թե Դոնբասում ապաէսկալացիայի հասնելու համար բանակցությունների նոր ձևաչափ են առաջարկում՝ 5+3, այսինքն՝ ՄԱԿ անվտանգության խորհրդների 5 մշտական անդամները (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան և Միացյալ Թագավորություն), ինչպես նաև Ուկրաինան, Գերմանիան և Թուրքիան: Ըստ էության, նման մակարդակով առաջին անգամ էր հայտարարվում Ուկրաինայի պատրաստակամության մասին՝ բանակցային համապարփակ գործընթացում ներգրավելու Թուրքիային: Ամենայն հավանականությամբ, Թուրքիայի ներգրավմամբ Ուկրաինայի արտաքին գերատեսչությունը փորձում է լուծել նաև տարածաշրջանային խաղացողների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրման հարցը, հանգամանք, որը ՌԴ-ին ամենաշատն է հուզում:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան