Միտք 4 տարի առաջ - 22:43 10-02-2022

Իրենց համար էլ երևի Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն է եղել մեծ պատիվ

Նախագահականն այսօր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները մի քանի օրով ստանձնած Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։

Մտավորականների այս աստղաբույլի հետ ժամանակավոր նախագահը նկարվել է, ճաշել, զրուցել, հետո ունկնդրել Ռոբերտ Ամիրխանյանի կատարումը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ մեծ պատիվ է նրանց հյուրընկալելը և շեշտել վերջիններիս անգնահատելի վաստակը հայ մշակույթի զարգացման և հարստացման գործում։

Բայց նույն հաղորդագրության մեջ չի ասվում՝ այդ մտավորականների, մշակույթի, արվեստի հանրաճանաչ գործիչների համա՞ր էլ է մեծ պատիվ հյուրընկալվել Ալեն Սիմոնյանին։ Դա թողել են ընթերցողի ֆանտազիային․ այսինքն՝ մենք պետք է կռահենք, թե արդյոք այս մարդկանց համար կարո՞ղ է մեծ պատիվ լինել հյուրընկալվել Նիկոլ Փաշինյանի թիմակից Ալեն Սիմոնյանին։ Թե ով է Նիկոլ Փաշինյանը՝ նրանք, վստահ ենք, լավ գիտեն, հետևաբար լավ գիտեն նաև, թե ով է Ալեն Սիմոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը։ Ու եթե, իմանալով հանդերձ՝ գնացել ու հյուրընկալվել են Ալեն Սիմոնյանի մոտ, հետը ճաշել, երգել, պարել, ուրախացել, ուրեմն պետք է, որ իրենց համար էլ մեծ պատիվ եղած լինի այս ճաշկերույթը։ Մնում է այսքանից հետո հասկանալ, թե ո՞րն է այս մարդկանց՝ մտավորական լինելու արժեքը։ Արժեքը՝ չգիտենք, բայց գինը հայտնի է․ բոլոր իշխանությունների առաջ խոնարհվելն ու նրանց հետ ճաշելը։ Տեսնես՝ նրանք միշտ և բոլոր իշխանությունների՞ օրոք են այսպես մտավորական, թե՞ կարող են լինել իշխանություններ, որոնց մոտ նրանք մտավորական չեն լինի, կլինեն պարզապես պատվախնդիր, արժանապատիվ, հայրենիքի, հայի ու Հայաստանի արժեքը ոչ միայն բառերով գիտակցող քաղաքացի։ Դա երևի ավելի կարևոր է, քան մտավորականի, արվեստի վաստակավոր գործչի, ժողովրդական արտիստի իրենց կոչումը։ Մարդիկ, որոնք հայ մշակույթի զարգացման մեջ մեծ ներդրում են ունեցել, որոնք մշակութային արժեքավոր ժառանգություն են թողել սերունդներին, որ մենք վաղը նաև իրենց թողածով մեզ հայ զգանք ու գնահատենք հայկականը, այսօր գնացել և ճաշում են Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանն ու հայկականը, հային ու հայերենը ոչնչացնողի թիմակցի, այսինքն՝ հենց Փաշինյանի հետ։ Երևի պետք է այս մարդկանց դիտարկել ոչ թե որպես մտավորականների, արվեստագետների, մշակույթի գործիչների՝ բառի իրական, արժեքային իմաստով, այլ սոսկ մշակութային պրոդուկտ ստեղծողների, որի համար կարելի է նաև շնորհակալ լինել՝ առիթների ժամանակ երգելով, ասենք, Ամիրխանյանի «Հայի աչեր, սիրուն աչեր»-ը։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը