Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ առաջարկներ է արվել Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ, Ադրբեջանի կողմից արձագանք կա՞ այդ առաջարկներին, և ի՞նչ ժամկետներում է պետք սպասել համապատասխան հանձնաժողովի ձևավորմանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջարկը Ադրբեջանին փոխանցվել է ուղիղ, առաջարկի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տեղեկացրել է դեռևս Բրյուսելում ունեցած հանդիպման ընթացքում։ Վարչապետն ընդգծեց, որ առաջարկը ոչ թե սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի ստեղծման, այլ հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու մասին է։ Վարչապետն անդրադարձավ նաև տարբեր մեկնաբանություններին Հայաստանի առաջարկի հետ կապված՝ նշելով, որ առնվազն ճիշտ չէ բովանդակության մանրամասների մասին չիմանալով՝ անել մեկնաբանություններ։
«Այնպիսի տպավորություն է, որ այդ առաջարկից ենթադրվում է, որ սահմանները պետք է թողնվեն առանց պահպանության։ Բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող, և մեր առաջարկը, ընդհակառակը, վերաբերվում է սահմանների անվտանգության և կայունության բարձրացնելուն, որովհետև մեր և միջազգային գործընկերների ընկալմամբ, նաև դա մենք արձանագրել ենք Սոչիում պայմանավորվածությամբ, որ դեմարկացիան և դելիմիտացիան հնարավոր չէ, երբ սահմանին կայուն իրադրություն չունենք»,- ասաց Փաշինյանը։
«Գիտեք, որ Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի եռակողմ հանձնաժողովի ձևավորմանը։ Մեր առաջարկը վերաբերվում է հենց անվտանգության միջոցառումներին, որում գլոբալ առումով որևէ գաղտնիք չկա։ Դրանք այն առաջարկների մասին են, որոնց մասին ես խոսել եմ դեռևս նախորդ տարվա մայիսին՝ զորքերի հայելային հետքաշման մասին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա աշխատանքային փաստաթուղթ է, որի մասին նաև տեղյակ է պահել ռուսական կողմին և միջազգային գործընկերներին։