Խոսք 4 տարի առաջ - 16:59 20-01-2022

Որդուս չփրկվելու մասին հարցեր ունեմ, չգիտեմ՝ ում տամ. զոհվածի մայր

44-օրյա պատերազմում զոհված Էդգար Սազբանդյանի աճյունն ամփոփված է Եռաբլուրում։ Մայրն ու քույրերն ամեն շաբաթ ու արդեն մոտ 1 տարի այդտեղ են գնում՝ հիշելու ու հարգելու նրա ու Պանթեոնում ամփոփված մյուս զինվորների հիշատակը։ Էդգարենց նոր տանը, որտեղ նա հասցրել է ապրել 4 ամիս, ամեն ինչն է տղայի մասին, բոլոր պատմությունները նրանով են սկսվում, ավարտվում կամ անավարտ մնում։ 18-ամյա տղայի ընդհատված կյանքի մասին 4 կիսատ գրված տետր կա․ ծնողներն ու քույրերն են հիշում, գրում։ Մոր պատմությունների համար ամենաքիչ թերթերն են մնացել։

Սառը շիրմաքարից մեղմ ժպտացող որդու մասին մայրը հուզմունքով է խոսում. «Իր միակ նպատակն այն էր, որ ծառայեր, ինքը շատ գոհ էր ծառայությունից։ Սկզբի տաս-տասնհինգ օրերին մեծ դժվարությամբ է ծառայել, նեղվել է, բայց հետո սկսեց շատ սիրել ծառայությունը, միշտ ասում էր․ «Մամա, ստեղ էնքա՜ն լավ ա ծառայությունը, դուք ճիշտ էիք»։

Սովորելուն զուգահեռ Էդգարը նաև աշխատում էր Երևանի ռեստորաններից մեկում՝ որպես խոհարար։ Զբաղվում էր նաև երաժշտությամբ, յոթ տարի դհոլ է նվագել ու երաժշտական դպրոցն ավարտել կարմիր դիպլոմով։

Մայրը՝ տիկին Լուսինեն, պատմում է, որ որդին երեք ամսվա ծառայող էր, ու մեկ շաբաթում պատրաստվել է որպես գնդացրորդ, հետո նորակոչիկներին ճակատ են տարել։

Ասել է․ «Զորավարժություն է, մամ, երկու օր չեմ զանգելու, հետո կզանգեմ»,

«Ամուսնուս էլ էր ասել, որ մի քանի օրից կզանգի, իսկ ընկերուհուն էլ ասել էր՝ մամայիս բան չասես, հնարավոր է՝ չկարողանամ էլ զանգել»,- հիշում է մայրը։

Էդգարի մահվան մանրամասները ընտանիքի անդամներին պատմել է նրա ծառայակից ընկերը, որը եղել է պատերազմում որդու հետ և կյանքի գնով ողջ մնացել։

«Էդգարն ու ընկերը եղել են դիրքերում, հետո նահանջել են։ Անվանականչ է եղել, որից հետո տեսել են, որ Էդգարը մահացել է»։

Նոր տանը նրա հետ կապված ամեն բան պահում են, ու մի տետր ունեն, որտեղ բոլորով գրում են Էդգարի մասին հիշողությունները։

«Էդգարը շատ պլաններ ու հեռանկարներ ուներ կյանքի համար, թասիբով էր։ Օր էր լինում՝ կապտած աչքով էր գնում համերգի, որովհետև անծանոթ աղջկա էր պաշտպանել, կամ՝ քույրերին։ Որդուս չփրկվելու մասին հարց ունեմ ու չգիտեմ՝ ում տամ»,- հուզված ասում է մայրը։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին