Կարենի առօրյան անցնում է ոգևորությամբ, որ իր տունը շուտով պատրաստ կլինի
copy image url

Կարենի առօրյան անցնում է ոգևորությամբ, որ իր տունը շուտով պատրաստ կլինի

Ներքին 3 տարի առաջ - 22:14 20-12-2021

«2002 թվականին է ծնվել իմ եղբայրը՝ Կարենը, բանակ է գնացել անցյալ տարվա ամռանը։ Գնացել է բանակ, ու երկու ամսվա ծառայող էր,երբ պատերազմը սկսեց։ Ծառայել է Հադրութի զորամասում»,- պատերազմում զույգ թևը կորցրած, 19-ամյա Կարեն Խլոպուզյանի քույրը՝ Հերմինեն այսպես սկսեց եղբոր մասին պատմությունը։ Հերմինեի ձայնը դողում էր, երբ հիշեց պատերազմի առաջին օրը։ Պատերազմը սկսվելուն պես , եղբորը տարել են դիրքեր, 10 օր Կարենից լուր չեն ունեցել ու ինչ ասես մտածել են․ «Շատ անհանգիստ էինք, մինչ էդ, մի քանի օրը՝ մեկ զանգում էր։ Վերջին անգամ իր հետ կապվել էինք տեսազանգով, ես իրեն այդ տեսազանգով եմ առաջին անգամ զինվորական շորերով տեսել, էդ պահին շատ խառնվել էի իրար, մի շաբաթ էդ տեսազանգից հետո զանգ ընդհանրապես չեղավ, որից հետո լուր ստացանք, որ պատերազմ է»։

Հերմինեն պատմում է, որ երբ հիշում է այդ րոպեները, շատ է հուզվում , սարսափ ապրում։ Առավոտ է եղել՝ մյուս առավոտներից ոչնչով չտարբերվող, երբ պատահական, ֆեյսբուքը թերթելով, հանկարծ տեսել է , որ Հադրությում կրակում են։Սկզբում չեն հավատացել, հետո խառնվել են իրար, ու մտածել, որ սովորական դարձած կրակոցներ են, կանցնի- կգնա, իրավիճակը կխաղաղվի․

«Երբ արդեն էլ լուր չունեինք Կարենից, պատրաստվել էի, որ գործի գնայի, մաման էլ էր անհանգիստ, ու այդ պահին անծանոթ համարով իրեն զանգ եկավ, ասացի՝ դե վերցրո՛ւ, կարող է՝ երեխեն ա, ու մեկ էլ ասացին՝ Մուրացանի զինվորական հոսպիտալից է, որ ձեր երեխան վիրավոր է։ Մայրս ասաց՝ վայ, ի՞նչ երեխա, ո՞վ է վիրավոր, ու Կարենը խոսեց։ Մի քանի վիրավորում է ունեցել, ու միայն ձեռքերը չէին, ոտքն էլ էր, բայց, փառք Աստծո, հիմա քայլում է ։ Մեջքն էլ էր վիրավոր, բայց իր գիտակցությունն այնքան տեղն է եղել այդ իրավիճակում, որ Կարենն է բժշկուհուն թելադրել մոր համարը, որ կապ հաստատի նրա հետ, ու այդպես բժշկուհին զանգել է մորս։ Հիմա Կարենի երկու ձեռքերը չկան, բայց ինքը շատ հզոր է, իրեն ցանկացած ճանաչող դա կարող է փաստել։

Պրոթեզավորման հարցերը բարեբախտաբար լուծված են, իսկ Կարենի համար հիմա բարերարները սեփական տուն են սարքում, ինչին աջակցում է Գերմանիայում հայ համայնքի ղեկավարը։ Կարենի առօրյան անցնում է այդ ոգևորությամբ, որ տունը շուտով պատրաստ կլինի, շինարարական աշխատանքներին անձամբ գնում, ծանոթանում է։ Հիմա զբաղմունքն այն է , որ հիմնականում ընկերներն են գնում- գալիս մեր տուն, իրեն շատ են սիրում։ Կարենը շատ ընկերասեր է ու այնքան բարի մարդ․․․, միայն տեսնեք»։

Քույրը չգիտեր, թե ի՞նչ է պայթել, որ թևերը կտրվել են, բայց Կարենին փրկել են տեղի զինվորները։ Ըստ Հերմինեի՝ շատ մարդ էլ չի եղել, Կարենի բախտը պարզապես բերել է, որ մի «ՈՒԱԶ» է եղել, այդ մեքենայով են տարել Հադրութի հիվանդանոց․

«Վերջերս մի բժիշկ զանգեց ու լաց եղավ , ասելով, որ Կարենի նման տղա չկա։ Նա պատմեց, թե Կարենին Հադրութի հիվանդանոցից ինչպես են տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց։ Բժիշկն ասաց, որ արել է ամեն բան՝ կյանքը փրկելու համար» , - պատմեց Հերմինեն։

Այժմ Կարենն ունի ընկերուհի, պատերազմից հետո են գտել իրար, չնայած նրան, որ ընտանիքի անդամները դեռ չգիտեն, թե ոնց կլինի, բայց Հերմինեն ասաց, որ շատ են ուզում՝ հենց այդ աղջիկը լինի Կարենի հարսնացուն։

Քնարիկ Պետրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված