«Մեր բուհական համակարգը շատ դաժան է, վճարովի տեղերը շատ են, վարձերը՝ բարձր». Փաստ
copy image url

«Մեր բուհական համակարգը շատ դաժան է, վճարովի տեղերը շատ են, վարձերը՝ բարձր». Փաստ

Մամուլ 3 տարի առաջ - 09:21 04-12-2021

«Փաստ» օրաթերթը գրում է․

«ՀՀ կառավարությունն օրերս հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Համաձայն ընդունված որոշման, դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական, բոլոր դիմորդների համար ապահովվել են ընդունելության միևնույն պայմանները՝ ընդունելության առնվազն 2 քննության հանձնում:

Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվում են կամընտրական քննություններ՝ հնարավորություն տալով դիմորդներին իրենց ցանկությամբ ընտրելու քննական առարկան: Դիմորդներն ի սկզբանե գիտեն, որ կան իքս քանակությամբ անվճար՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր, բայց ավելի շատ են, իհարկե, վճարովի տեղերը: Միշտ հնչել են կարծիքներ, որ իքս քանակությամբ անվճար տեղեր տրամադրելուն կարելի է գտնել ինչ-որ այլընտրանք, որ, օրինակ՝ ոչ թե 1000 առաջին կուրսեցի ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորի, այլ ավելի շատ՝ հավասարաչափ բաշխման սկզբունքով կամ գուցե այլ տարբերակով, քանի որ նոր ընդունված ուսանողների դեպքում առաջին կուրսի առաջին կիսամյակում ՄՈԳ-ը հաշվի առնել չեն կարող: Իսկ գաղտնիք չէ, որ շատ ուսանողներ բուհերից դուրս են մնում բարձր վճարների պատճառով: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հիշեցնում է, որ կա երկու տեսակի կրթաթոշակ՝ սոցիալական և ակադեմիական:

«Ակադեմիականը տրվում է, եթե դու ունես ՄՈԳ-ի համապատասխան մակարդակ, իսկ սոցիալականը տրվում է, եթե, օրինակ՝ պատերազմի մասնակից ես, ծնողազուրկ և կարող ես ներառվել այս կամ այն խմբում: Այդ կատեգորիաները կան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Ինչ վերաբերում է անվճար տեղերի համակարգին և այն փոփոխելու անհրաժեշտությանը: «Մեր բուհական համակարգը շատ դաժան է: Վճարովի տեղերը շատ են, վարձերը՝ բարձր: Այդ իմաստով մենք համակարգն ավելի սոցիալական դարձնելու խնդիր ունենք: Հնարավոր է՝ ԱՄՆ-ի կամ Անգլիայի համալսարանների համեմատ մեր բուհերի ուսման վարձերը մատչելի են, բայց եվրոպական համալսարանների համեմատ մեր կրթությունը շատ թանկ է: Ունենք ֆակուլտետներ, որոնց դեպքում ուսման վարձը համարժեք է եվրոպական համալսարանների ուսման վարձերին: Էլ չեմ խոսում, որ, օրինակ՝ Գերմանիայում ընդհանրապես անվճար է»,-նշում է մեր զրուցակիցը:

Երբ ինքս ուսանող էի, քննարկումներից մեկի ժամանակ մեր դասախոսներից մեկը կարծիք հայտնեց, թե դիմորդներին կարելի է նաև առանց քննության ընդունել բարձրագույն ուսումնական հաստատություններ, մեկ կիսամյակ նրանց սովորելու հնարավորություն տալ, հետո արդեն չսովորողներին դուրս թողնել բուհից, սովորողների դեպքում ուսման վարձի վճարի չափ սահմանել՝ համապատասխան զեղչերով՝ կախված ՄՈԳ-ից:

«Երբ դիմորդն ընդունվում է բուհ, նա անպայման պետք է կարգավիճակ ունենա, հստակ իմանա՝ ընդունվել է անվճար կամ վճարովի համակարգ, կամ էլ մասնակի է վճարելու: Այս դեպքում այլընտրանք չունենք: Դիմորդն ընդունվում է բուհ, արդեն ուսանող է, ամեն տարի նրա կարգավիճակը փոխվում է: Ունենք ռոտացիայի համակարգ, վճարովի սովորող ուսանողը կարող է տեղափոխվել անվճար համակարգ և հակառակը: Առաջին կուրսում հարցը որոշվում է ընդունելության քննության արդյունքներով: Ուրիշ տարբերակ չկա: Եթե դիտարկենք տարբերակը, որ բոլորն անվճար սովորեն, ապա գործ կունենանք բավականին մեծ գումարների հետ, իսկ մենք գիտենք, որ բուհերը շատ ծախսեր հոգում են ուսանողների վճարած վճարների հաշվին:

Ինքս կողմ եմ նրան, որ բուհերում անվճար տեղերը շատանան: Հիմա, երբ վճարովի տեղերը շատացրել ենք, տեսեք՝ ինչ խնդիր ունենք: Համալսարաններում առաջացել է կախվածություն ուսանողներից: Ուսանողին ասում ենք՝ կարևորը դու վարձը բեր, նա էլ ասում է՝ այդ դեպքում ես կգնամ, օրինակ՝ սուպերմարկետում աշխատելու, որ կարողանամ վարձը վճարել: Արդյունքում բուհը կորցնում է ուսանողի վրա ազդելու լծակները»,-եզրափակում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC