Գյուղոլորտի վիճակը շատ վատ է։ ՀՀ գյուղատնտեսությունը նման վիճակում երբեք չի եղել․ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար
copy image url

Գյուղոլորտի վիճակը շատ վատ է։ ՀՀ գյուղատնտեսությունը նման վիճակում երբեք չի եղել․ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար

Խոսք 3 տարի առաջ - 22:05 08-11-2021

Գյուղատնտեսության ներկայիս վիճակի, գյուղացուն մշտապես հանդիպող խնդիրների, ներկայիս իշխանության վարած քաղաքականության, Աժ աշխատակազմին դատի տված այլ աշխատակցի հետ իրեն շփոթելու վերաբերյալ՝ Oragir.news-ը զրուցել է Գուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։

- Որպես գյուղատնտեսության նախկին փոխնախարար՝ ի՞նչ կասեք, ինչպիսի՞ վիճակում է գտնվում ՀՀ գյուղատնտեսությունը։ Գյուղոլորտում երաշտ է, ո՞ր մարզերը, և ի՞նչ մշակաբույսեր են ամենաշատը տուժել։

-Գյուղոլորտի վիճակը շատ վատ է։ ՀՀ գյուղատնտեսությունը նման վիճակում երբեք չի եղել։ Հիմնականում հանրապետության մոտ 80 տոկոսը տուժել է երաշտից։ Սա նշանակում է, որ հետևանքները շատ վատն են, և կա բերքի պակասություն նաև հետագա տարիների համար։ Կարելի է ասել՝ իր սև գործը երաշտը արեց՝ սկսած անասնակերից, վերջացրած պարենի մթերքով և ամեն ինչով։ Իսկ կարտոֆիլի ու հացահատիկային մշակաբույսերի բերքը սարսափելի ցածր է ու մեծ թվով տարածքներ կան մարզերում, որտեղ ընդհանրապես կոմբայն չի մտել։ Հացահատիկային մշակաբույսերի առումով շատ վատ արդյունք է գրանցվել Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Վայոց Ձորի հիմնական տարածքներում և Սյունիքի որոշակի հատվածներում։ Շիրակի որոշակի հատվածներ ոռոգման ջրի բացակայության պատճառով, ճիշտ է, սոսկալի ցածր բերք չեն տվել, բայց արդյունքը էլի միջինից ցածր է։ Դա՝ հացահատիկային և ջրային մշակաբույսերի առումով։ Իսկ Արարատի և Արմավիրի մարզերում արդյունքը միշտ էլ ցածր է եղել։

-Գյուղացին մշտապես ունի ոռոգման խնդիր։ Եթե Ձեր պաշտոնավարման տարիներին կար հասցեատեր, որ գյուղացին իր բողոքը տեղ հասցներ, հիմա նույնիսկ այդ հասցեատերը չկա, և այսպես ասած, գյուղացին միայնակ է մնացել իր հոգսերի հետ։ Ընդհանրապես, նաև որպես համակարգի ներկայացուցիչ և երկար տարիներ այս ոլորտում աշխատած մարդ՝ ի՞նչ կասեք, սա արդյո՞ք ջրային ռեսուրսների կառավարման խնդիր է, որտե՞ղ է թաքնված էական պատճառը։

-Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսությունը ոտնատակ վիճակում է, որովհետև հիմնականում Հանրապետությունը շատ թե քիչ շրջափակման մեջ է։ Պատերազմի մեջ է եղել երկար տարիներ, ուստի և՛ աշխատատեղի, և՛ աշխատանքի, և՛ սոցիալական խնդիրները, և՛ պարենային անվտանգության հարցերը հիմնականում լուծում էր գյուղատնտեսությունը։ Եվ ինչպես ՀՀ-ում շատ ոլորտներ քայքայվեցին, այդ թվում՝ արդեն կարող եմ ասել հետևողականորեն, որ գյուղատնտեսությունը նույնպես բերեցին, կանգնեցրին խնդրի առաջ, որովհետև այսօր սարսափելի մեծ քանակությամբ հողատարածքներ չեն մշակվում։ Այնպես չէ որ առաջ շատ լավ էր, պարզապես հիմա ավելի վատացավ։ Արդյունավետությունը վատացավ։ Ոռոգման ջրի խնդիրն էլ բնական է՝ նախկինում քանդված ջրանցքները այդ կորուստները մեծացրել են։ Եվ փախանակ մեծ կորուստներ տվող ջրանցքները վերանորոգեն, որտեղ կորուստները յոթանասուն կամ ութսուն տոկոս են, կաթիլայինի խնդիրն են դրել։ Դա ընդամենը մի «ատրբուտիկա» է այդ ընդանուր խնդիրների մեջ։ Ու հիմնականում որտեղից որ ջուրը գալիս է, մինչև գյուղացուն հասցնելը, այդ ջրի կորուստը պետք է հենց այդտեղ նվազեցնել։ Երբ այդ խնդիրը կարգավորեն, գուղացին իր ուժերով էլ կարող է կաթիլային անցկացնել ու իր այգում էլ բանջարանոց ունենալ։ Այսինքն՝ համակարգային լուրջ խնդիր է սա։

-Ներկայիս իշխանության ներկայացուցիչների վարած քաղաքականության վերաբերյալ ի՞նչ կասեք։ Շուտով լրանում է չարաբաստիկ եռակողմ համաձայնագրի ստորագրման մեկ տարին։ Նոյեմբերի իննին ընդառաջ՝ ի՞նչ ունենք մենք հիմա, և ինչի՞ ենք հասել այս մեկ տարվա ընթացքում։

-Ես դրա պատասխանը տվել եմ գործով, երբ անցյալ տարի հունվարի քսանմեկին հրաժարականի դիմում ներկայացրի ՊՎԾ գլխավոր խորհրդականի պաշտոնից, ինչը խոսում է ոչ միայն իմ սկզբունքայնության մասին, այլ նաև ցուցադրում է այն գիծը, որը որդեգրել եմ, ոչ թե որոշ տարաձայնությունների պատճառով, այլ ընդհանուր, գլոբալ առումով։ Ոչ միայն գյուղատնտեսությունը, այլև ամեն ինչ արտաքուստ, ներքուստ սարսափելի վիճակում են, և խնդիրն այն է, որ փոխանակ պրոբլեմը լուծում ստանա, գնա դեպի լավը, հակառակը, զգում ենք որ ավելի հետընթաց ենք ապրում։ Ես էլ հրաժաչական տվեցի։ Իմ քայլը արեցի, որ շատերն էլ հասկանան դրա խնդիրը, որոշ մարդիկ էլ գնան իմ այդ նույն քայլին։ Բոլորն էլ այսօր ունեն խնդիրներ ու այնպես չէր, որ այդ աշխատավարձը ինձ պետք չէր, ուղղակի տեղեր կան, որտեղ առաջնայինը երկրորդականից տարբերել է պետք։ Ես իմ հարցերը կարողացա կարգավորել մասնագիտական ունակություններով, իմ հարգանքով, իմ պատվով աշխատում եմ։ Աշխատում եմ իմ երկրի ու ժողովրդի համար, և ամեն կերպ երկրի տնտեսական քաղաքականության մեջ փորձում եմ իմ խոսքն ու ասելիքը ունենալ՝ հանուն մեր երկրի զարգացման։

- Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԱԺ աշխատակազմին դատի եք տվել, ինչ՞ կասեք դրա մասին։

-Դուք առաջինը չեք, բավականին մեծ թվով լրագրողներ և մարդիկ՝ ինձ ճանաչելով հանդերձ, մտածում էին այդ մարդը ես եմ։ Բայց ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Աժ աշխատակազմին դատի տված այդ աշխատակիցը ես չեմ։ Ես 2020 թվականի նոյեմբերի 1-ին, իմ դիմումի համաձայն, ազատվել եմ աշխատանքից։ Պատերազմի ընթացքում, այդ ժամանակ դեռևս չարաբաստիկ նոյեմբերի իննը չէր եղել, երբ հետ վերադարձա Արցախից, արդեն առողջական խնդիր ունեի, ազատման դիմում գրեցի, որից հետո ինձ հրավիրեցին ՊՎԾ՝ որպես խորհրդական։ Այսինքն՝ համաձայնվեցի այն ժամանակ, երբ դեռ կապիտուլացիան չէր եղել։ Եվ ինձ ասացին, որ իմ մասնագիտական կարողությունները, փորձը, հմտությունները պետք են երկիրը ոտքի հանելու համար։ ԱԺ աշխատաժողովում պարզապես կա մի աշխատակից, ում անունը համընկնում էր իմ անվան հետ, բայց ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ Աժ աշխատակազմին դատի տված անձնավորությունը ես չեմ։ Պարզապես կապիտուլացիայից հետո հրաժարական եմ տվել ու զբաղվում եմ իմ մասնագիտական գործունեությամբ, հողամշակմամբ, այգեգործությմբ ու անգամ ժամանակ էլ չունեմ որևէ մեկին դատի տալու համար։ Իմ բնավորությունն ու սկզբունքայնությունը թույլ չէին տա որևէ մեկին երբևէ դատի տալ։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված