Ներքին 5 տարի առաջ - 23:59 28-09-2021

Սփյուռքի 16 երկրներից 20 երիտասարդ դեսպան է մասնակցում մեկամյա ծրագրին  

Սփյուռքի ակտիվ երիտասարդները շարունակում են Հայաստան գալ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերով: Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» մեկամյա ծրագիրը, որին մասնակցում են 16 երկրների 20 սփյուռքահայ ակտիվիստներ, տեղեկացնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։

Հովանավորվելով «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ մասնակիցները 2 շաբաթ կանցկացնեն Հայաստանում և Արցախում, ապա կվերադառնան իրենց երկրներ ու մեկ տարի կաշխատեն համայնքներում: Նրանք կկազմակերպեն իրազեկման արշավներ, կպատրաստեն մեդիանյութեր, հայրենադարձության վերաբերյալ հավաքներ, հանդիպումներ և համայնքային քննարկումներ:

Արցախյան երկրորդ պատերազմից մեկ տարի անց սփյուռքը չի դադարում իր աջակցությունը: «Պատերազմը մեզ առերեսեց շատ պարզ մի իրողության. սփյուռքի ինտելեկտուալ, մասնագիտական, ցանցային, համաշխարհային ներուժը պետք է լիարժեքորեն ներգրավվեն հայաստանյան կյանքին»,-պատերազմի մեկամյա տարելիցի կապակցությամբ իր խոսքում նշել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հանձնակատարը մասնակցել է նաև ֆրանսահայ, ռուսաստանահայ, գերմանահայ, ամերիկահայ և լիբանանահայ մեր հայրենակիցների և Հայաստանի իրենց գործընկերների համատեղ ջանքերով ստեղծված «Հիբրիդ» լաբորատորիայի (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների բացմանը, որոնք Հայաստանում առաջին անգամ կաճեցնեն տիտանից պրոթեզներ:

Լսողական օգնության ամերիկահայ հիմնադրամն իր հերթին լսողական առողջության վերականգնման անվճար աջակցություն է ցուցաբերելու վերջին պատերազմի ընթացքում վնասվածքներ ստացած զինվորներին: Պատերազմից հետո ամերիկահայ Հելեն Առաքելյանն էլ ժամանել է Հայաստան, որպեսզի ձեռագործ արվեստը սովորեցնի զինվորներին: «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի Beauty By Soldiers («Գեղեցկություն՝ զինվորներից») նախագծի աշխատանքների ցուցահանդեսին մասնակցեց նաև Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հետպատերազմյան շրջանում հայրենադարձների պատմությունները Հայաստանը նորովի կառուցելու լուսավոր օրինակներ են: «Օգնի» պրոթեզավորման հիմնադրամի ղեկավար գերմանահայ Հայկ Բագրատյանն իր հանգստությունը գտել է պատերազմի մասնակիցներին լիարժեք կյանք պարգևելու և նորարար տեխնոլոգիաներով ստեղծված պրոթեզներ տրամադրելու մեջ: Ամերիկահայ բժիշկ, վերջին պատերազմի սպիտակ բանակի մասնակից Արմեն Աբուլյանն ընտանիքի հետ հայրենադարձվել է և շարունակում է վիրահատել վիրավոր զինվորներին: Չի դադարում նաև սփյուռքից եկող հումանիտար օգնությունը: «Շտապիր բարության» հիմնադրամի կամավոր Մարիամ Նազարյանը Մոսկվայից վերադարձել է Հայաստան և ամիսներ շարունակ տեղահանված արցախցիներին սնունդ, հագուստ, կենցաղային և այլ պարագաներ է տրամադրում: Սիրիահայ հայրենադարձ, վերջին պատերազմի հերոս Կարո Հովագիմյանի ընտանիքն էլ իր սփոփանքը գտել է որդու անունով հիմնադրամ հիմնելու և հիվանդ երեխաների բուժմանն աջակցելու մեջ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է