Ի՞նչ կփոխվի Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալուց հետո. վերլուծական
copy image url

Ի՞նչ կփոխվի Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալուց հետո. վերլուծական

Արտաքին 3 տարի առաջ - 20:36 13-09-2021

Oragir.news–ը իր վերլուծական հոդվածներով անդրադառնալու է ոչ միայն տարածաշրջանին, ՀՀ արտաքին քաղաքականությանը, այլև մեր տարածաշրջանից դուրս կատարվող միջազգային կարևորագույն իրադարաձություններին։ Այս անգամ անդրադարձել ենք մի շարք կարևոր հարցերի․ որո՞նք էին ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից հեռանալու պատճառներն ու նպատակները, արդյո՞ք դա Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի համար նոր գլխացավանք ստեղծելու նպատակ ունի, կկարողանա՞ «Թալիբան»-ը լիարժեք վերահսկողություն հաստատել երկրի ամբողջ տարածքում, ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծել թալիբները հարևան երկրների համար և վերջապես որո՞նք են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի մոտեցումներն ու ռազմավարությունն աֆղանական հարցում։

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Իրավիճակն այս պահին բավական թեժ ու լարված է Աֆղանստանում, որտեղ ամերիկյան զորքերի վերջնական դուրսբերումից հետո իշխանության են եկել իսլամիստական արմատական «Թալիբան» շարժման ներկայցուցիչները, որոնք գլխիվայր փոխել են իրավիճակը ոչ միայն Աֆղանստանում, այլև տարածաշրջանում։

Նախ, ինչո՞ւ ԱՄՆ-ն դուրս բերեց զորքն Աֆղանստանից։ Վարկածները տարբեր են, բայց հիմնականն այն է, որ դա չստացված քսան տարվա քաղաքականության արդյունքն էր, որը ԱՄՆ-ն որդեգրել էր Աֆղանստանում։ Այսինքն՝ ամեն բան սկսվեց 2001 թվականի 11-ից հետո, երբ ԱՄՆ-ն որոշեց համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարը իրականացնել հենց այն հատվածներում, որտեղ կա այդ վտանգը, և իրականացնել այդ պայքարը առարկայական ներկայացվածությամբ, այսինքն՝ ԱՄՆ զինուժի օգտագործմամբ։

2001-ին որպես թիրախ օգտագործվեց Աֆղանստանը, իսկ այդ տարածաշրջանում էին գտնվում «Ալ-Քաիդայի» ենթակառուցվածքները, և շեշտը դրվեց նրա վրա, որ արմատախիլ պետք է արվեն այն օջախները, որտեղ կային վտանգներ։ Իսկ «Ալ–Քաիդան» բավականին լուրջ կորուստներ կրեց։

Թալիբները հեռացան իշխանությունից, բայց ԱՄՆ–ն Աֆղանստանի հետագա վերակառուցման համար լուրջ գումարներ ծախսեց, սակայն վերջին տարիների ընթացքում պարզ դարձավ, որ ամեն բան արդեն անվերահսկելի է դառնում, և թալիբները, որոնք անցել էին ընդհատակ, փաստորեն չէին էլ կորցրել իրենց վերահսկողությունն Աֆղանստանում։ Բացի այդ, ԱՄՆ-ն զորքերի դուրսբերումը դեռ մտադրվել էր կատարել Օբամայի կառավարման տարիներին, սակայն քաղաքական փոխակերպումների հետևանքով այն երկարաձգվեց՝ չնայած այն բանին, որ միայն Իրաքից զորքերը դուրս բերվեցին։ Այսինքն՝ այդ նեոկոնսերվատիվ մոտեցումները, սկսած երկու հազարականներից, փոփոխության ենթարկվեցին։

Թեմայի շուրջ Oragir.news-ը զրուցել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի հետ։ Մեր այն հարցին, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Բայդենը, երբ Քաբուլի գրավումից հետո ժողովրդին ուղերձով դիմեց՝ կապված աֆղանական խնդրի հետ և բառացի հայտարարեց, որ Աֆղանստան մուտք գործելը ահաբեկչության վերջը տալու նպատակն էր, միջազգայնագետն ասաց. «Բայդենը հստակ հայտարարել է այդ ուղերձում, թե իրենք նպատակ չեն ունեցել Աֆղանստանից կայուն պետություն ստեղծել, իրենք ամեն ինչ արել են, սակայն աֆղանները չեն կարողացել պահել այն, ինչ ստեղծել են, իսկ ամերիկյան զինվորականներն ինչո՞ւ պետք է մահանան։ Իհարկե ԱՄՆ-ում էլ է ամեն բան բազմազան, և ցանկացած գաղափար միայն մեկ կուսակցության միջոցով կյանքի չի կոչվում։ Պարզ է, որ Աֆղանստանի դեպքում միայն ահաբեկչության դեմ պայքար կամ պատերազմ չէ։ Պետք է գնալ ավելի հետ։ Օբամայի՝ Իրաք ներխուժումից հետո բողոքներ կային հենց ԱՄՆ-ի ներսում։ Այն ժամանակ, երբ դեմ էին Վիետնամի պատերազմին, այժմ ևս ասում են, որ անիմաստ է իրենց զոհվելը։

Փորձեմ գնալ ավելի հետ, երբ հստակորեն Բժեզինսկիի ծրագրով ստեղծվեց «Թալիբանը», որն ուներ երկու գլխավոր նպատակ։ Առաջինը՝ սովետմիության դեմ պայքարի նոր օջախ ստեղծել՝ օգտագործելով ռադիկալ իսլամը, և երկրորդ՝ ներթափանցել Կենտրոնական Ասիա, և տիրանալ այնտեղի հարստություններին, թե՛ բնական և թե՛ նավթային։ Առաջինը կարողացան իրագործել, բայց երկրորդը հետագա տարիներին անհնար էր լինելու ԱՄՆ-ի համար, քանի որ Կենտրոնական Ասիան այսօր փաստացի հսկողությունից դուրս է։ Այո՛, «Թալիբանը» եկավ իշխանության, բայց ԱՄՆ–ն չի կորցրել վերհսկողությունը՝ առաջնայինը իր պայքարը մղելով Ռուսաստանի և Չինաստանի դեմ։

Իսկ իրանագետ Ահարոն Վարդանյանն ասաց. «Թալիբներին, այո՛, հաջողվելու է հաստատվել Աֆղանստանում։ Եթե «Թալիբանի»՝ իշխանության գալը որոշ պետությունների համար այնքան էլ ցանկալի սցենար չէր, ապա պետք է ասել որ արտատարածաշրջանային ուժերի կողմից պետք է լիներ դիմադրության շարժմանն աջակցություն։ Իրանի, ՌԴ-ի և Չինաստանի համար գերխնդիրը ԱՄՆ զորքի՝ տարածքից դուրս գալն էր։ Առաջին քայլը կատարվեց, ԱՄՆ–ն դուրս եկավ Աֆղանստանից, իսկ թե ինչու դուրս եկավ, ինչ քայլերի միջոցով, այստեղ այնքան էլ էական չէ։ Փաստացի ԱՄՆ-ին էլ ձեռնտու դուրս գալ տարածքից՝ իշխանությունը տալով թալիբներին։ Ստեղծվեց մի այնպիսի անկանոն իրավիճակ, որը մարտահրավեր էր թե՛ ՌԴ-ի, թե՛ Չինաստանի և թե՛ Իրանի համար, և եթե նրանք մտնեն ուղիղ առճակատման մեջ, ապա իրավիճակը կարող է ավելի լարվել տարածաշրջանում։

Եթե դիտարկենք Իրանի տեսանկյունից, նա գրեթե իր բոլոր սահմանների երկայնքով ունի խնդիրներ, ու հնարավոր է «Թալիբների» հետ սրվեն առանց այն էլ լարված հարաբերությունները, իսկ դա նրա համար կլինի պարզապես ճահիճ։ Սա է պատճառը, որ երկխոսության ճանապարհով փորձում են կարգավորել մի քանի խնդիրներ։ Սկզնական շրջանում Իրանն անգամ կարողացավ պահանջել թալիբանից, որ իրեն հանձնեն Հերաթի նախկին նահանգապետ Էսմայիլ խանին, որը հսկայական ազդեցություն ունի Հերաթի տարածքում։ Չնայած նրան, որ վերջինս պրոիրանական անձնավորություն է՝ ապաստան տրամադրեց իր երկրի տարածքում աֆղանստանցի քիչ թե շատ հայտնի լրագրողներին, որոնք փաստացի այժմ գտնվում են Իրանում։ Դրանից հետո իհարկե Իրանը դիմեց դիվանագիտական քայլերի։

Որո՞նք էին դրանք. Իրանի նորընտիր արտգործնախարարը Աֆղանստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում առաջարկեց, որպեսզի հարևան վեց արտգործնախարարների ձևաչափով հանդիպեն և քննարկումներ ունենան։ Իհարկե, այն տեղի ունեցավ մի քանի օր առաջ, այսինքն որոշակի քայլեր կան՝ նմանատիպ գործելակերպով նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, ինչպես սիրիական հակամարտության ընթացքում Աստանայի ձևաչափը կազմակերպեց, և ներկայումս էլ բավականին հաջող կերպով կարողանում է առաջ տանել, նույնն էլ Աֆղանստանի հարցով փորձում է ստեղծված մարտահրավերը փափուկ ուժի կիրառման միջոցով անել, իսկ Աֆղանստանում Իրանն ունի հսկայական մշակութային ազդեցություն, ընդհանրապես՝ պարսկերենն էլ այս տարածաշրջանում տարածված է »-ասաց նա։

Ամենից շատ դիտված